«Նիկոլ Փաշինանին ու իր կառավարությանը համարում եմ ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ»․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ստի վերջը» տեսաշարի 2-րդ թողարկման ժամանակ պատասխանեց նախորդ թողարկումից հետո իրեն ուղղված հարցադրումներին։

«Ես շատ եմ ուզում պատասխանել իմ կողմից շատ հարգված ազգագրագետ Հրանուշ Խառատյանին, որն արել է երկար գրառում, որի հիմքում կասկածն է, որ ես հայրենասեր եմ։ Իսկ այդ կասկածը, եթե չեմ սխալվում, արտահայտվել է հետևյալ նախադասությամբ՝ բա, ո՞ւր էր Միքայել Մինասյանի հայրենասիրությունը 2008-2018թթ․։ Իմ շատ հարգելի տիկին Հրանուշ Խառատյան, 2008թ․ մինչև 2012թ․ ես եղել եմ այն ադմինիստրացիայի մաս, որի և դրական, և բացասական պատասպանատվությունն եմ կրում։ Բացասականի մասին ես ինքս եմ մի օր խոսելու։ Իմ հայրենասիրությունը արտահայտել եմ, երբ դեսպան էի, երբ հասա Սուրբ Աթոռ և տեսա, որ Ադրբեջանի լոբբին այնտեղ տիրում է՝ ի վնաս ՀՀ-ի, և ես ջախջախել եմ այդ լոբբին։ Այո, ես չեմ վախենում այդ բառերից»,- ասաց Միքայել Մինասյանը՝ ընդգծելով, որ կռվել է թուրքական ազդեցության դեմ։

«Իմ հայրենասիրությունը, տիկին Խառատյան, Դուք կարող եք տեսնել 2015թ․ Սուրբ Պետրոսի տաճարի պատերի ներսում, Դուք կարող եք տեսնել բազմաթիվ պետական փաստաթղթերում, Հռմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի վերաբերմունքի մեջ, Ֆրանցիսկոսի այցելության ընթացքում։ Ես ներկայացրել եմ ՀՀ շահերը ուրիշ պետություններում, ոչ թե ուրիշ պետությունների շահերը ՀՀ-ում։ Այս համատեքստում ես կուզեի պատմել ձեզ մի պատմություն, որի մասին գիտեն շատ քչերը։ Երբ 2015թ․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ի լուր աշխարհի խոսեց Հայոց Ցեղասպանության մասին, խոսեց առաջին Ցեղասպանության մասին՝ ընդունելով Ցեղասպանությունը, երբ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց տիեզերական վարդապետ, Թուրքիան, ինչպես հիշում եք՝ հետ կանչեց իր դեսպանին Սուրբ Աթոռից։ Մի քանի օր անց ինձ շտապ զրույցի հրավիրեցին պետքարտուղարություն, որտեղ ես հանդիպեցի մի քանի բարձրաստիճան դիվանագետների հետ։ Իրենցից մեկը, որ ակնհայտ թուրքական ազդեցության տակ էր, ինձ բորբոքված հարցրեց՝ ինչո՞ւ հայերը չեն ներում, ինչո՞ւ էջը չեն թերթում, ինչո՞ւ չեք անցնում առաջ, ինչո՞ւ եք խանգարում բարեկամական Թուրքիայի՝ հաշտվելու նկրտումներին։ Ես ասացի մի բան, որը շատ ակտուալ էր այն ժամանակ ու երևի՝ ավելի ակտուալ է այսօր՝ հաշվի առնելով այն, ինչ խոսվում կամ գրվում է․ ի՞նչը ներենք՝ իրենք չեն ընդունում այն, ինչ ուզում են, որ մենք ներենք։

Մենք չենք կարող ներողություն շնորհել, եթե իրենք չեն խնդրում ներողություն։ Իմ ամբողջ հայրենասիրությունը՝ դեսպան եղած ժամանակ, եղել է նվիրված այդ վերքի՝ Հայոց ցեղասպանության հարցին, բան, որը ես երբեք չեմ մոռանալու, չեմ ներելու, մինչև Թուրքիան չընդունի իր մեղքի բաժինը»,- ասաց նա։

Միքայել Մինասյանը նշեց, որ իր հայրենասիրությունը դրսևորվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանալ․ «Ես և իմ ընկերները կազմակերպեցինք և ես ղեկավարում և կոորդինացնում էի PR ինֆորմացիոն պատերազմը, որը վարում էր ՀՀ-ն Ադրբեջանի դեմ՝ քառօրյա պետարզմի ընթացքում։ Եվ ես ձեզ վստահորեն կարող եմ ասել՝ մենք հաղթել ենք այդ պատերազմում։ Ցավոք, նույնը չեմ կարող ասել ՀՀ ներսում, որովհետև ոմանց հաջողվեց ստվերել Հայկական բանակի հաղթանակը։ Գիտե՞ք՝ ես ցավում եմ, որ ստիպված եմ ձեզ հիշեցնել, թե ինչու եմ ես ինձ համարում հայրենասեր։ Բայց երևի՝ դա ճիշտ է։ Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև նրան ու իր կառավարությանը համարում եմ ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ։ Ես այդ եզրույթներն ուղղակի չեմ օգտագործել։ Իմ հայրենասիրությունը, իմ անցած ուղին, իմ դաստիարակությունը ինձ թույլ չտվեցին, որ ես նույնիսկ մտածեմ, որ կարելի է պայմանավորվել մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ և գործակալներ։ Եվ կգա ժամանակը և մենք դրա մասին կխոսենք»։

Միքայել Մինասյանը պատասխանեց նաև իրեն ուղղված այն հարցին, թե արդյոք չի՞ վախենում։

«Ես չեմ վախենում, որովհետև կյանքումս չեմ արել բան, որի համար պետք է վախենամ կամ ամաչեմ, բայց ես վստահ եմ ձեզ ասում, որ մարդիկ, որոնք մեր պետությունը, մեր ժողովրդին, մեր հասարակությանը հասցրել են այս վիճակին, պետք է վախենան, որովհետև այդ մարդիկ դավաճանել են ամենակարևոր բանը՝ ժողովրդի սերը, հարգանքը և վստահությունը։ Եվ ամենակարևորը՝ այդ մարդիկ դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս