Ում ջրաղացին է ջուր լցնում Կենտրոնական բանկը
Երկրորդ ամիսն անընդմեջ Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախ՝ դա արվեց մարտին, ապա՝ նաև ապրիլին։ Նման բան հազվադեպ է լինում։ 2 անգամ էլ տոկոսադրույքը վերանայվեց և նվազեցվեց 0,25 կետով։ Հիմա արդեն այն հասել է 5-ի։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նման ցածր մակարդակ Հայաստանում շատ վաղուց չէր եղել։ Վերջին անգամ տոկոսադրույքն այդպիսին էր 10 տարի առաջ։
Տոկոսադրույքի նվազեցմամբ, ինչպես հայտնի է, Կենտրոնական բանկն էժանացնում է փողը։ Դա տնտեսության մեջ լրացուցիչ փողի ներարկման հնարավորություն է, բայց միաժամանակ մեծացնում է ճնշումը նաև արժութային շուկայում։ Թեև ազգային արժույթի կայունության առումով այս պահին Հայաստանում էական խնդիրներ կարծես չկան, այնուհանդերձ, առկա տնտեսական ու ֆինանսական անորոշությունների պայմաններում Կենտրոնական բանկը ռիսկի է գնում։ Հատկապես այն ժամանակահատվածում, երբ արժութային շուկայում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դրսևորումներից հետո լարվածությունը դեռևս պահպանվում է։
Հիշեցնենք, որ տարադրամի նկատմամբ ձևավորված լրացուցիչ պահանջարկը մարտի երկրորդ կեսին հանգեցրեց դրամի դիրքերի զգալի թուլացման։ Կենտրոնական բանկից բավական ջանքեր և ֆինանսական միջոցներ պահանջվեցին հավասարակշռությունը վերականգնելու համար, որովհետև խնդիրները սկսել էին տեղափոխվել բանկային համակարգ։ Խուճապային տրամադրություններ նկատվեցին ավանադատուների շարքերում։ Որոշ ավանդատուներ շտապեցին բանկերից հանել իրենց գումարները և փոխարկել տարադրամի։
Այս փուլում արժութային շուկայում լարվածությունը թուլացել է, բայց այնպես չէ, որ ամբողջությամբ հաղթահարվել է։ Այդ պայմաններում փողի գնի նվազեցումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ արժութային շուկայի տատանողականության ակտիվացման համար։
Կենտրոնական բանկի քայլը ռիսկային է։ Բայց այդ ռիսկին ԿԲ-ն գնացել է՝ տնտեսությանն օժանդակելու ակնկալիքով, որտեղ իրավիճակն իսկապես մտահոգիչ է։ Կենտրոնական բանկում կարծում են, որ համավարակի տնտեսական հետևանքները կխորանան հատկապես երկրորդ եռամսյակում՝ պայմանավորված առաջարկ-պահանջարկով։
«ՀՀ տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի բացասական ազդեցության հետևանքով 2020 թ. մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում դիտվել է տնտեսական ակտիվության կրճատում: ԿԲ գնահատականների համաձայն, երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվության նվազումը կխորանա՝ պայմանավորված՝ ինչպես առաջարկի, այնպես էլ՝ պահանջարկի կրճատմամբ»,- համարում է Կենտրոնական բանկի խորհուրդը։
Խորհրդի գնահատմամբ ՝ կառավարության կողմից իրականացվող տնտեսական ու սոցիալական միջոցառումների իրականացման արդյունքում համախառն պահանջարկը որոշ չափով կմեղմվի, բայց հետագայում նույնպես կմնա ցածր մակարդակում։
Այլ կերպ, թերևս, չի էլ կարող լինել, եթե հաշվի առնենք, որ տնտեսությունը մտել է պասիվացման բարձր փուլ և հայտնի չէ, թե դա մինչև ուր կարող է հասնել։ Որոշ ոլորտներ պարզապես «մեռած» վիճակում են և դեռ երկար ժամանակ այդպիսին են մնալու։ Նվազել են հասարակության եկամուտներն ու շարունակում են նվազել։ Խորանում է աղքատությունը։
Զարմանալի չէ, որ փոխվել են տրամադրություններ նաև Կենտրոնական բանկում։ Այստեղ շատ ավելի լավատես էին 1 ամիս առաջ, քան հիմա։ Այն ժամանակ կանխատեսվում էր, որ համավարակի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի կարճաժամկետ, որը չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի երկարաժամկետ հեռանկարի վրա։
Հիմա արդեն սպասումներն այլն են։ Կենտրոնական բանկն արձանագրել է, որ բավականին բարձր են անորոշությունները՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ տնտեսական զարգացումների վերաբերյալ։
Ավելացել են ոչ միայն տնտեսական անորոշությունները, այլև նախկինը չեն համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված սպասումները։
«Աճել են նաև համավարակի հաղթահարման ժամկետների և տնտեսության վերականգնման հետ կապված անորոշությունները, որոնց նվազումից հետո միայն հնարավոր կլինի գնահատել ՀՀ տնտեսության կառուցվածքի և հեռանկարների ավելի երկարաժամկետ փոփոխությունները»,- արձանագրել է Կենտրոնական բանկի խորհուրդը։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման բանկը գնացել է այն հույսով, որ գնաճային էական ճնշումներ առաջիկայում մեզ չեն սպառնում։ Համավարակի տարածումը և դրա կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումները մեծապես հարվածել են համաշխարհային, այդ թվում՝ նաև Հայաստանի գործընկեր երկրների տնտեսություններին։ Մեծացել է հումքային և պարենային ապրանքների տատանողականությունը։ Ենթադրվում է, որ այդ գործոնները Հայաստանի տնտեսության վրա կունենան գնանկումային ազդեցություն։
Այս պահին պաշտոնական գնաճը Հայաստանում, իհարկե, բարձր չէ։ Մարտի տվյալներով՝ 12-ամսյա հատվածում նույնիսկ գնանկում է եղել։ Այլ բան, որ գնաճային դրսևորումները, ինչպես սովորաբար լինում է, բարձր են առաջին անհրաժեշտության և հատկապես պարենային ապրանքների շուկաներում։ Ու դրա հետևանքով իրական գնաճի ազդեցությունը սպառողների վրա շատ ավելի մեծ է, քան պաշտոնական ցուցանիշներն են։ Բայց դա չի խանգարել, որպեսզի Կենտրոնական բանկը նպատակահարմար համարի թուլացնել դրամավարկային քաղաքականության պայմանները։ Ավելին, այստեղ կարծում են, որ միջինժամկետ հատվածում դեռ պետք է պահպանել այդ մոտեցումը։
Թե այն որքանո՞վ կնպաստի տնտեսական անկման կանխմանը և կայունության վերականգնմանը, ժամանակը ցույց կտա։ Ճգնաժամային իրավիճակներում, առավել ևս՝ հիմա, երբ շատ բան կախված է առողջապահության ոլորտում ծագած խնդիրների հաղթահարումից, որոնց վրա դրամավարկային քաղաքականության ազդեցությունը գրեթե զրոյական է, ոչ միշտ է, որ փողի էժանացումը կարող է ցանկալի արդյունք տալ։
Այդ պայմաններում շատ ավելի կարևոր են կառավարության հակաճգնաժամային միջոցառումները։ Չնայած հայտարարվել է գրեթե մեկուկես տասնյակ նման միջոցառումների մեկնարկի մասին, այնուհանդերձ, տնտեսական բաղադրիչը դրանցում շատ փոքր է՝ նման ճգնաժամային իրավիճակների համար։
Ավելին, այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը կարծես չի կողմնորոշվում տնտեսության ոլորտում իր անելիքների հետ կապված։ Այդպես էլ չի հաջողվում կարգավորել հարկաբյուջետային քաղաքականությունը և փորձել այն ծառայեցնել տնտեսության գոնե առանձին ոլորտներում ակտիվության խթանմանը։ Ու եթե այդպես պիտի շարունակվի, ապա Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության պայմանների թուլացումը ոչինչ էլ չի տա, դեռ մի բան էլ՝ կարող է ռիսկեր ստեղծել որոշ հատվածներում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ