«Նախագահի մոտ սեփական անձի և շահերի նկատմամբ պատասխանատվությունն ավելի մեծ է, քան պետական արժեքների նկատմամբ». Սիրանուշ Սահակյան
168.am-ի եթերում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական հյուրը «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանն է: Վերջինս 2014-ից մինչև 2019թ. փետրվարը եղել է ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, 2015-2019թթ.՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) փոխարինող դատավոր, 2010թ. մինչ օրս՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասավանդում է Սահմանադրական իրավունքի և հակակոռուպցիոն պայքարի առարկան:
– Արդեն իսկ նկատելի է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է անցկացնել այս հանրաքվեն, որն ըստ էության մեկ հոդվածի փոփոխություն է իրենից ենթադրում, և այս օրերին նաև քննարկվում է, թե արդյո՞ք նպատակահարմար է պետբյուջեից, հարկատուներիս հաշվին 7 միլիոն դոլարի չափի հասնող գումար ծախսել: Հանրաքվեի հարցն ունի երկու ասպեկտ՝ քաղաքական և իրավական: Իհարկե, Դուք իրավաբան եք, բայց կխնդրեմ, որ անդրադառնաք նաև քաղաքական ասպեկտին: Ինչո՞ւ է շտապում իշխանությունը, ի՞նչ կարող է անել, և ինչո՞ւմ կարող է խանգարել Սահմանադրական դատարանը (ՍԴ) իշխանություններին:
– Նշեմ, որ, թերևս, քաղաքական ասպեկտն այն է, որ ցանկացած իշխանություն փորձում է մոնոպոլիզացնել իշխանությունը, և թերևս գործադիր, օրենսդիր թևերի կենտրոնացումը բավարար չէ, քանի որ դատական իշխանությունը վերահսկելու հնարավորություն ունի գործադիր և օրենսդիր իշխանություններին, և լիարժեք, միակենտրոն իշխանության տեսանկյունից չի բավարարում դատական իշխանությունը, ուստի քաղաքական առումով, կարծում եմ, բացարձակ իշխանության ձգտող քաղաքական ուժը ցանկանում է ամբողջական վերահսկողություն ունենալ դատական իշխանության նկատմամբ, և իրենց տեսանկյունից հատկապես կարևոր է ՍԴ-ն, քանի որ ՍԴ-ն ընտրությունների վեճեր լուծող, պետական տարբեր մարմինների միջև վեճեր լուծող, կուսակցությունների հետ կապված հարցեր լուծող, քաղաքական զգայունություն ունեցող հարցեր լուծող դատարան է:
Բայց նշեմ նաև, որ ՍԴ-ն այն դատարանն է, որն առօրյա կյանքում քիչ է առնչվում քաղաքացիներին, և ուստի դատական իշխանության բարեփոխման տեսանկյունից ՍԴ-ն չափազանց հեռավոր դատական ատյան է, նույն հեռավորության վրա է գտնվում, ինչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ): Եվ նույնիսկ, եթե մենք վիճակագրություն վերլուծենք, ապա կտեսնենք, որ ՀՀ քաղաքացիները շատ ավելի հաճախ, իրենց իրավունքների հետ կապված, հասել են Եվրոպական դատարան և կարողացել են Եվրոպական դատարանի միջոցով վերականգնել իրենց իրավունքները, սակայն ՍԴ-ն իրավունք վերականգնող դատական ատյան չի եղել մեր քաղաքացիների համար: Ուստի կարծում եմ՝ քաղաքացիների իրավական պաշտպանվածության տեսանկյունից ՍԴ կազմի փոփոխությունը որևէ նշանակություն չի ունենա, սակայն գերկենտրոնացված իշխանության առումով սա խիստ կարևոր հարցադրում է իշխող ուժի համար:
Եթե փորձենք իրավական տեսանկյունից հարցին անդրադառնալ, բացի այն, որ հանրաքվեն ծախսատար պրոցես է և խլելու է միջոցներ, որոնք կարող էին ուղղվել, օրինակ, սոցիալական ոլորտում լուրջ քաղաքականության իրականացմանը, դրա արդյունքները իրավական առումով լուրջ հետևանքներ չեն բերելու մեր հասարակության համար: Եթե դատավորների տեսանկյունից հարցին անդրադառնամ, ներպետական մակարդակում վերջիններս պաշտպանության միջոցներ չունեն, բայց ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետություն է, և Եվրոպական դատարանի իրավասությունը ճանաչված է: Ես կարծում եմ, որ ՍԴ բոլոր այն դատավորները, ում լիազորությունները կդադարեցվեն հանրաքվեի արդյունքում, հաջողությամբ իրենց իրավունքները վերականգնելու են Եվրոպական դատարանի միջոցով, և բացի այն, որ մենք հանրաքվեի գումարային կորուստ ենք ունենալու, նաև պետությունը նույն հարկատուների հաշվին պարտավորված է լինելու վերականգնել դատավորներին պատճառված նյութական, բարոյական վնասները, դատական ծախսեր են առաջ գալու, և պետությունը պետք է վերականգնի այս անձանց իրենց պաշտոններին:
– Մենք ունեցել ենք 2015թ. նախադեպային որոշում, երբ դատավորներից մեկը դիմել էր Եվրոպական դատարան: Միայն ա՞յդ նախադեպը կա Հայաստանի դեպքով, և ինչպե՞ս է ընթացակարգը լինելու: Պետք է երկրի ներսում սպառի՞ այդ դատարաններ դիմելու ճանապարհը, թե՞ անմիջապես կարող է դիմել:
– Մենք Սաղաթելյան Անահիտի հետ կապված գործ ունենք, որտեղ արձանագրվեց իրավունքի խախտում, և, եթե չեմ սխալվում, իրենց փաստաբանները ներկայումս ներպետական ընթացակարգեր են իրականացնում, որպեսզի աշխատանքի վերականգնվի: Գործընթացը վերահսկվում է ԵԽ-ի կողմից: Ես տեղյակ եմ, որ Արայիկ Մելքումյանի լիազորությունների հետ կապված գործ կա Եվրոպական դատարանում, և չենք բացառում նաև ՍԴ գործող դատավորների կողմից հնարավոր գանգատներ ներկայացնելը: Կանոնը հետևյալն է, որ պետք է սպառվեն ներպետական պաշտպանության միջոցները, սակայն հանրաքվեի արդյունքները վիճարկելու իրավունքը վերապահված է խմբակցություններին, և դատավորները ինքնուրույն չեն կարող իրենց լիազորությունների դադարեցման հետ կապված՝ հանրաքվեի արդյունքները բողոքարկել ՍԴ: Այսինքն՝ դատավորը զրկված է ներպետական մակարդակում իր իրավունքի խախտումը բարձրաձայնելու հնարավորությունից: Եթե նման հնարավորություն չկա, մենք կարողանում ենք անմիջապես դիմել ՄԻԵԴ: ՄԻԵԴ-ը մի քանի առումով է պաշտպանելու:
– Կա՞ տարբերություն, ՍԴ դատավո՞ր է, թե՞ այլ դատարանի դատավոր:
– Նշանակություն չունի, պարզապես այլ դատարանների պարագայում մենք գոնե կունենայինք Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը որպես դատարան հանդես գալով՝ կդադարեցներ լիազորությունները և պաշտպանության միջոց կտրամադրեր: ՍԴ դատավորների դեպքում մենք չունենք իրավական ընթացակարգ: Մենք ունենք քաղաքական ընթացակարգ, որով առանց օրենքով նախատեսված հիմքերի՝ դադարեցնում ենք դատավորի լիազորությունները, և այստեղ է, որ խիստ խնդրահարույց է գործընթացը, քանի որ դատավորների լիազորությունները կարող են դադարեցվել միայն Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված սպառիչ հիմքերի պարագայում: Առանց հիմքերի դատավորների լիազորություն դադարեցնելը կամայականություն է, և կամայականություններից դատավորները պաշտպանված են, և սա անկախության կարևորագույն երաշխիք է:
– Իսկ եթե այս 7 դատավորների կողմից պահանջ դրվի, որ վերականգնվե՞ն:
– Կարծում եմ՝ նմանատիպ պահանջ կարող է դրվել: Մենք առնվազն մեկ օրինակ ունենք Ուկրաինայի պարագայում, երբ Բարձրագույն դատական մարմնի նախագահին ազատել էին պաշտոնից, և ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ ազատումը եղել է կամայական, առանց օրենքով նախատեսված հիմքերի, և նաև իր վճռում հստակ նշեց, որ պետությունը պարտավոր է վերականգնել դատավորին իր նախկին պաշտոնում: Ընդհանրապես Եվրոպական դատարանը հակված չէ պետությանը թելադրել, թե ինչ գործողություններ կատարի վճիռը կատարելու ուղղությամբ, բայց առանձին կարևորության գործերով մատնանշում է նաև միջոցը: Վերջին տարիների տենդենցը ցույց է տալիս, որ դատական իշխանության անկախության առումով շատ պատասխանատու է գործում ՄԻԵԴ-ը, և առնվազն ուկրաինական օրենքով մենք ակնկալիք ունենք, որ Հայաստանի դեպքում ևս ուղղակիորեն մատնանշվելու է նախկին պաշտոնում վերականգնվելու պահանջը:
– Եվ ի՞նչ կլինի այդ դեպքում:
– Այս պարագայում Հայաստանի իշխանությունները պարտավոր են վերականգնել ՍԴ դատավորի պաշտոնում, ավելին՝ հատուցել բարոյական և նյութական վնաս, ընդհուպ՝ փաստաբանների ծախսերը, որոնք իրավունքը վերականգնելու համար դիմել են միջազգային ատյաններին: Եվ ո՞րն է կարևորը, որ այդ գործընթացը տեղի է ունենում ԵԽ հսկողության ներքո: Պարբերաբար Նախարարների կոմիտեն քննարկում է, թե արդյո՞ք պետությունը կատարել է վճիռը: Եթե պետությունը չի կատարում, ապա կարող են երկարաձգել ժամկետը, օրնակ, հավելյալ 6 ամիս ժամանակ տրամադրել՝ կատարելու առումով, և եթե տեսնում է, որ շարունակաբար չի կատարում, և այստեղ միտում կա, ապա հարցը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ: Եթե դատարանն արձանագրեց, որ պետությունը չի կատարում կամ այլ կերպ է փորձում մեկնաբանել և չկատարել վճռի պահանջները, ապա պետության նկատմամբ կարող են պատժամիջոցներ վրա հասնել:
– Նշեցիք քաղաքական զգայունության հարցերը: Նկատի ունեք Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծո՞ւմ, որ որևէ փաստաթուղթ լինի: Խոսվում է նաև Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Ի՞նչ կարող է լինել, որ կարևոր նշանակություն կունենա: Այո, նշեցիք, որ ընտրական գործընթացներ կարող են տեղի ունենալ, և իշխանություններն ուզում են հլու-հնազանդ ՍԴ, որը կլեգիտիմացնի իրենց գրանցած արդյունքները, բացի այդ, ի՞նչ կարող է լինել:
– Հարցադրումներում, իհարկե, կան միջազգային պայմանագրերի վավերացումները, որովհետև միջազգային պայմանագրերի նկատմամբ նախնական սահմանադրական վերահսկողություն է իրականացվում, այսինքն՝ ցանկացած պայմանագիր վավերացվելուց առաջ պետք է ուղարկվի ՍԴ, ՍԴ-ն պետք է հավաստիանա, որ մեր միջազգային պարտավորությունները չեն հակասում Սահմանադրությանը, և միայն դրական եզրակացության պարագայում պետությունը կարող է վավերացնել միջազգային պայմանագիրը: Սահմանադրական վերահսկողության նմանատիպ մեխանիզմ կա նաև տարածքների փոփոխությանն առնչվող հարցերով:
– Երկրի՞ տարածքների:
– Եթե խոսքը գնում է ՀՀ տարածքների փոփոխությանը, ապա այս հարցերում ևս անհրաժեշտ է ՍԴ եզրակացությունը:
Մյուս խնդիրը վերազգային կազմակերպություններին անդամակցությունն է: Սրանք էլ են զգայուն հարցեր համարվում: Վերազգային են, օրինակ, Եվրոպական միությունը, Եվրասիական միությունը: Քանի որ Հայաստանն այս կառույցներին անդամակցելով՝ ինքնիշխանություն է զիջում, և մեր մարմիններին տրված լիազորությունները փոխանցվում են այլ միջազգային կառույցի մարմիններին, ստացվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվում է: Դրա համար այս հարցերով ոչ միայն կարևոր է հանրաքվեն, այլ նաև կարևոր է ՍԴ եզրակացությունների առկայությունը: Ընդ որում, այս հարցերով ԱԺ-ի կամ Կառավարության համար պարտադիր է ՍԴ դիմելը, ինչպես որ պարտադիր է Սահմանադրության փոփոխությունների դեպքում ՍԴ դիմելը, և իմ մտահոգությունը նա է, որ, եթե մենք Սահմանադրությանը տալիս ենք այնպիսի մեկնաբանություն, որ սահմանադրական փոփոխությունների պարագայում կարող ենք չդիմել ՍԴ, մենք ստեղծում ենք նախադեպ, որ հետագայում միջազգային պայմանագրի վավերացման պարագայում էլ կարելի է չդիմել ՍԴ, տարածքային փոփոխությունների դեպքում ևս կարելի է չդիմել ՍԴ, և, ինչո՞ւ ոչ, եթե Հայաստանը պետք է մի օր իր ինքնիշխանությունը զիջի այլ միավորման, ապա նաև այս դեպքում կարելի է չդիմել ՍԴ:
– Այդ դեպքում ինչո՞ւ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց այդ հանրաքվեն անցկացնելու մասին որոշումը: Ընդ որում, շատ հետաքրքիր էր հատկապես տարածված հաղորդագրության մի պարբերություն, որում նշված էր.«Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»: Սա ի՞նչ է նշանակում:
– Կարծում եմ՝ փորձ է կատարում չեզոք դիրքերից հանդես գալ, տեսակետ չարտահայտել, թե Սահմանադրության փոփոխությունների տեքստը բովանդակային առումով հակասո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ, և պարզապես գործողություն չկատարելով՝ անմասն է մնում երկրի համար կենսական նշանակություն ունեցող զարգացումից, և սա, կարծում եմ, իր որդեգրած ձեռագրի մի մասն է կազմում: Այլ կանխատեսում ես անձամբ չեմ ունեցել:
Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ նոր Սահմանադրությամբ նախագահի դերը նմանեցված է անգլիական թագուհու դերին: Եթե գոնե Անգլիայում քաղաքական մշակույթի զարգացածության պարագայում հարգում են թագուհու դերը, ու նաև իր ինստիտուտը հարգելով՝ թագուհին որոշակի սիմվոլային դերակատարում է ունենում, ապա Հայաստանում այդ քաղաքական մշակույթի բացակայության պարագայում մենք տեսանք, որ նույնիսկ այդ արարողակարգային դերն է շատ սահմանափակ ձևով իրացվում, և նախագահին մեկ գործիք է տրված՝ դառնալու Հայաստանի զարգացման մասնակիցը: Դա Սահմանադրությանը հետևելն ու սահմանադրական կարգը ապահովելն է, ընդ որում, ՍԴ դիմելու միջոցով: Ընդամենը դիմլու գործողությունն է, որովհետև հետագա եզրակացությունները կախված էին լինելու դարձյալ ՍԴ-ից: Եվ մենք ի՞նչ տեսանք, որ բազմաթիվ քննարկվող հարցերում, երբ այդ վեճը մեղմելու հնարավորություն կար, իրավական ուղին ընտրելը, նախագահը դուրս մնաց, իրեն դուրս թողեց գործընթացներից:
– Փոխարենը՝ մի քանի օր առաջ բանկային գաղտնիքի մասին օրենքը ուղարկում է ՍԴ՝ ստուգելու սահմանադրականությունը: Պակաս կարևոր օրենք չէ: Այս դեպքում անմիջապես ուղարկվում է:
– Կարծում եմ՝ հենց սա է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն այլևս իրավական չէ և քաղաքական է: Եթե քաղաքական հարցերում լոյալություն չդրսևորի իշխանությանը կամ առնվազն ունակ չլինի չեզոք դիրքերում գտնվել, ապա, կարծում եմ, սպառնալիք է տեսնում իր ճակատագրի համար: Եվ սեփական անձի և շահերի նկատմամբ պատասխանատվությունն ավելի մեծ է, քան պետական արժեքների նկատմամբ: Սա իմ անձնական գնահատականն է:
– Վարչապետ Փաշինյանն առաջին իսկ օրից անընդհատ ժողովրդի անունից է հանդես գալիս. հանուն ժողովրդի, ժողովրդի անունից: Բոլորին ասաց՝ դուք վարչապետ եք: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ ըստ էության իր վրայից գցում է և թողնում է ժողովրդին: Մի քիչ շատ չէ՞ ժողովրդի վրա պատասխանատվությունը գցել, հետո տարիներ շարունակ, երբ որ մենք կհայտնվենք մի ծանր իրավիճակում, իրավական առումով թե քաղաքական առումով, կասեն՝ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն է ընտրել:
– Շատ ճիշտ եք մեկնաբանում: Կան որոշումներ, որտեղ իշխող ուժը պետք է պատասխանատու ձևով հանձնառություն ստանձնի և իրեն տրված լիազորությունը՝ կայացնել որոշումներ, իրացնի և նաև ունենա այն ուժը, որ ցույց տա, որ կրելու է թե դրական, թե բացասական հետևանքները: Բայց մենք տեսնում ենք վիճակ, որ խուսափում են որոշումներից, և այդ որոշումների կայացումը, ընդ որում, այնպիսի որոշումների, որոնք կարող են նպաստել ոչ թե հասարակության միասնականացմանը, այլ տրոհմանը, և բացասական երևույթների տարածմանն ու հասարակության քայքայմանը, հետ է ուղարկվում ժողովրդին, որն այնքան էլ ընդունելի մոտեցում չէ, որովհետև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ընտրությունների միջոցով, որը, բնականաբար, ընթացակարգային և կանոնների առումով ապահովի հավասարություն և արդարություն, ընտրվեն ներկայացուցիչներ, և այդ ներկայացուցիչները իրականացնեն իշխանությունը:
Եվ առանձին դրվագներով մենք, այո, ունենք անմիջական ժողովրդավարության ինստիտուտներ, ինչպիսին է հանրաքվեն, որ ժողովուրդը կարող է առանձին որոշումներին մասնակից դառնալ: Բայց այդ առանձին որոշումների շրջանակն էլ խիստ նեղացված է, և մենք սահմանադրական մակարդակով ունենք արգելքներ, թե որ դեպքում չի կարելի որոշումների կայացումը հետ պատվիրակել ժողովրդին, որովհետև այստեղ նախ՝ ժողովուրդը հավաքական առումով չի կարող կոմպետենտ որոշումներ կայացնել, և մյուս կողմից՝ շահեր ունի: Օրինակ, հարկային քաղաքականության հետ կապված հարցերն արգելված է ժողովրդին վերապահել: Ինչո՞ւ… Որովհետև եթե բարձր գիտակցության հասարակության մեջ չենք գտնվում, և, օրինակ, հարկային բեռ թեթևացնելը մեր շահերից բխում է, հարցը հանրաքվեի դնելու պարագայում ժողովրդաիշխանությունը հարկերը կհավասարեցնի զրոյի և պետությանը կզրկի հանուն ընդհանուրի հարցեր լուծելու հնարավորությունից: Եվ որքան էլ որ պատահական չէ, արգելված է սահմանադրական օրենքների առարկա հանդիսացող հարցերը պատվիրակել ժողովրդին:
Իսկ դատավորների լիազորությունների դադարեցումը սահմանադրական օրենքի կարգավորման առարկա է: Ժողովուրդը իրավասու չէ որոշել, թե արդարադատություն իրականացնող դատավորի լիազորությունները երբ կարելի է դադարեցնել, ի՞նչ հիմքերով, ո՞ր դեպքերում: Ժողովուրդը հավաքական ձևով չի կարող գնահատել մասնագիտական հարցը: Ես կարծում եմ, որ էստեղ ժողովրդի անունը շահարկվում է ճիշտ այնպես, ինչպես հակակրոնական, հակաարժեքային մարդիկ հաճախ Աստծո անունից են չարագործություններ կատարում: Ես կարծում եմ, որ, եթե ժողովուրդը իսկապես արժեք է, նախ՝ չի կարող անվանարկվել, և նաև՝ ժողովրդի անվան տակ չեն կարող քողարկվել անպատասխանատու որոշումները:
– Նիկոլ Փաշինյանը, երբ նախագահը ստորագրեց, ու որոշվեց, որ հանրաքվեն ապրիլի 5-ին է լինելու, գրառում կատարեց: Սկզբում գրել էր.«Ապրիլի 5-ին Հեղափոխությանը ասում ենք Այո, Ազատությանը ասում ենք Այո, Ապագային ասում ենք Այո և Անցյալի վրա շրխկացնում ենք դուռը», հետո հասկանալով, որ «անցյալի վրա»-ն չի հասկացվում, խմբագրել էր և գրել էր՝ «և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»: Այսինքն՝ ականջահաճո փորձում է ներկայացնել իր տեսակետը, թե ինչու են որոշել այս մի նախադասությունը փոխելու համար հանրաքվե անել:
– Կա հետաքրքիր ուսումնասիրություն, թե հանրաքվեները, որոնք ամբողջ աշխարհում կատարվել են իշխանությունների կողմից, ինչ արդյունք են ստեղծել հասարակությունների համար, և այդ հետազոտությունները հետաքրքիր օրինաչափություններ են դուրս բերել: Դրանցից մեկը հետևյալն է, որ, եթե իշխանությունը պոպուլիստական է, անպայմանորեն ձգտում ունի դառնալու ավտորիտար, և պոպուլիստական իշխանության լավագույն լծակը հանրաքվեներն են և ժողովրդի օգտագործումը: Եվ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս գեղեցիկ ժողովրդաիշխանության անվան տակ, օրինակ, աֆրիկյան երկրների հանրաքվեները բացառապես հանգեցրել են սուպերնախագահական պաշտոնավարման ժամկետի երկարաձգմանը: Շատ հետաքրքիր օրինակ է համարվում Թուրքիան պոպուլիստական շարժումների տեսանկյունից, երբ Էրդողանը 2007-2017թթ. ընթացքում իրականացրեց 3 հանրաքվեներ: 3 հանրաքվեների դեպքում լիազորությունները վերապահվեց ժողովրդին, բայց զարգացումը ցույց տվեց ոչ թե ժողովրդավարական զարգացման միտում, այլ ընդամենը մեկ անձի ավտորիտար իշխանության ամրապնդում, որը պոպուլիստական լոզունգներով ընդամենն ամրացրեց իր գերիշխանությունը: Եվ այս հետևությունները, որոնք կատարվել են, հիմնականում վկայում են այն մասին, որ պոպուլիստական իշխանությունները, ունենալով ժողովրդական աջակցություն, ժողովրդի անունից ամրապնդում են իրենց դիրքերը և վատ ու անպատասխանատու որոշումները կայացնում են ժողովրդի միջոցով:
Եվ, կարծում եմ, որ Հայաստանի համար սա նաև արտաքին ասպեկտ ունի: Մենք չմոռանանք, որ Ղարաբաղյան հարցի լուծման հարցում քննարկման առարկա է նաև հանրաքվեն: Այսինքն՝ մենք այս ինստիտուտին հատկապես պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք: Եվ եթե հանկարծ որոշենք, որ հակաիրավական հիմքերով, ժողովրդական տրամադրությունների հետ խաղալով՝ հանրաքվեն կարող է արդյունք տալ, և այդ արդյունքներն օգտագործվեն՝ որպես իրավական արդյունքներ, մենք չենք բացառելու, որ այս մոտեցումները Ադրբեջանն օգտագործելու է ՀՀ-ի դեմ: Չենք բացառելու, որ իրենք էլ կունենան հանրաքվեի և ժողովրդաիշխանության վերաբերյալ իրենց պատկերացումները, իրենց տարածքում ադրբեջանական համայնքի մասնակցությամբ կիրականացնեն հանրաքվե և դրանով կլուծեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնավարության աստիճանը, և այդ ժողովրդաշխանության արդյունքը կփորձեն միջազգայնորեն պարտադրել հանրությանը և ՀՀ-ին, ինչպես որ ՀՀ-ն փորձ կանի հակասահմանադրական, հակաիրավական հանրաքվեի արդյունքները մատուցել Եվրոպային: Այսինքն՝ ես կարծում եմ, որ այս հարցը թեև ներքաղաքական է, բայց մենք մի գործիք օգտագործելուց չպետք է մոռանանք, թե մեր թշնամիները մեր կողմից օգտագործված գործիքները հետագայում նույն նպատակով, նույն ձևով ինչպես են ուղղելու մեր ազգային շահերին:
– Տեսնում ենք, որ կոռուպցիոն մեղադրանքներով ձերբակալվում են իրենց նշանակած, իրենց հետ քայլած պաշտոնյաներ՝ Վերմիշյան, Դ. Սանասարյան, սպորտի, առողջապահության փոխնախարարներ: Ի՞նչ կապ ունի Հրայր Թովմասյանը երկրում կոռուպցիայի դեմ պայքար տանելու հարցում:
– Կարծում եմ՝ որևէ կապ, առնչություն չունի: Դրանք ուղղակի շահարկումներ են, շատ մակերեսային թեզեր են, որոնք ոչ գիտակ, ոչ տեղեկացված խմբերի մոտ կարող են արժեք ունենալ: Մենք ՍԴ-ի՝ որպես կոռուպցիոն օղակի վրա դուռը շրխկացնելու պնդումը կարող էինք ներկայացնել, եթե առնվազն թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք ունենայինք ՍԴ դատավորների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներ: Մինչդեռ մենք տեսնում ենք, որ ՍԴ շուրջ կոռուպցիոն սկանդալներ չկան, ճիշտ հակառակը, ստեղծվում են քաղաքական սկանդալներ: Առհասարակ ՍԴ դատավորների անձերի շուրջ նույնիսկ այլ մակարդակներով խոսակցություններ չկան, նաև մեծաքանակ գործեր չունենք ընդհանուր մյուս դատավորների մասնակցությամբ, և հասկանալի է, որ, ինչպես այլ ոլորտներ, այնպես էլ՝ դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումներ կլինեն:
Բայց մենք չունենք օազիսի էֆեկտ, որ ունենք կոռուպցիայից ազատ ոլորտներ, իշխանության թևեր՝ գործադիր և օրենսդիր, որտեղ զրո մակարդակի կոռուպցիա է, և դրան ի հակադրություն՝ ունենք ՍԴ կամ բացառապես դատական իշխանություն, որը թաթախված է կոռուպցիայի մեջ: Այսինքն՝ այստեղ որևէ բանական փաստարկում գոյություն չունի: Եվ մյուս կողմից՝ որևէ հասարակություն, հատկապես՝ Հայաստանի հասարակությունը, ոչ մի ժամանակում ազատ չի եղել և չի լինելու կոռուպցիայից: Այլ հարց է, որ կոռուպցիան բերվի վերահսկելի, կանխատեսելի մակարդակի, և մենք հզորացնենք կոռուպցիայի դեմ պայքարող կառույցներին, որպեսզի այդ դրվագները ստանան իրենց պատասխանն ու հակազդեցությունը:
Հիմա եթե մի կողմից լսում ենք քաղաքական հայտարարությունները, դրանք շատ հրապուրիչ են, բայց հետո նայում ենք նույն Transparency International-ի կոռուպցիայի ընկալման համաթիվը (ընդ որում, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ Transparency International-ը մեծ աջակիցն է գործող իշխանությունների, և թե իր մասնագիտական ներուժը, թե բարոյական աջակցությունը ցուցաբերում է իշխանություններին), եթե նույնիսկ համարենք, որ դա օբյեկտիվ գնահատական է, դարձյալ վերահաստատում է, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է կրել համակարգային և համատարած բնույթ: Թեև հետհեղափոխական երկրներում էյֆորիայի ֆոնին նույնիսկ այս գնահատող կառույցները հակված են շատ մեծ, թռիչքաձև միավոր տալ պետությանը, որպեսզի հեղափոխական այդ տրամադրությունները ոգևորեն, բայց նույնիսկ այս պարագայում Հայաստանում ընկալման ինդեքսում թռիչքաձև փոփոխություն տեղի չունեցավ, ինչպես դա եղել էր Վրաստանում: Տեղի ունեցավ մի քանի միավորով շատ սահմանափակ բարելավում, և այդ բարելավումով Հայաստանը եղել և շարունակում է մնալ համատարած, համակարգային կոռուպցիայով երկրների շարքում: Ես կարծում եմ, որ պատճառներից մեկը, որ այս երևույթները դեռ կան և շարունակում են լինել, այն է, որ իրական օրակարգերի փոխարեն՝ մեր մարդկային ռեսուրսն ուղղվում է սխալ խնդիրների լուծմանը:
Օրինակ, հանրաքվե ու անձերի հետ կապված խնդիր, այն պարագայում, երբ 7 միլիոնը կարող էր ուղղվել իրավապահ մարմինների մասնագիտական, այլ կարողությունների զարգացմանը, որ կարողանային ոչ թե մեկ կամ 4 կոռուպցիոն դեպք բացահայտել, այլ, օրինակ, 30-40-ը:
– Սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ, իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր, նախկին լրագրող Վահագն Հովակիմյանը, որը, ի դեպ, որևէ բուհ չի ավարտել, մասնագիտական կրթություն չունի, Վենետիկի հանձնաժողովի (ՎՀ) նախագահի մասին այսպիսի հայտարարություն է արել, թե «Ջիանի Բուքիքիոն 2009թ. Սերժ Սարգսյանի կողմից շատ թանկարժեք նվեր է ստացել: Շատ թանկարժեք: Այդ հատուկ շքանշանը, որ տվել էին Բուքիքիոյին, տարբեր գնահատականներով, դրա վրայի ադամանդները շատ թանկ արժեն»:
Նիկոլայ Բաղդասարյանն էլ՝ փաստաբան, ասել էր, որ, եթե պարոն Բուքիքիոն ունի փաստեր, որ կան անձնական ճնշումներ ՍԴ դատավորների վրա, դա քրեորեն պատժելի արարք է, պետք է դիմի իրավապահ մարմիններին, ասի, որ՝ ես նման տվյալներ ունեմ:
Խնդրում եմ, ասեք, այս անհարգալից վերաբերմունքը՝ միջազգային կառույցի ղեկավարի նկատմամբ, ինչպիսի՞ հետևանք կարող է ունենալ: Ինչո՞վ է այս ամեն ինչը հղի: Անտեսվեց ԵԽ շատ կոշտ հայտարարությունը, ՎՀ-ն անտեսվեց, ԵԺԿ-ի հայտարարությունն անտեսվեց: Այս ամենը ի՞նչ իրական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի քաղաքացու, պետության վրա:
– Կարծում եմ՝ այս հարցի պատասխանը հենց տվել է իր ուղեձի մեջ: Բուքիքիոն խոսում էր քաղաքական հասունության մասին՝ նշելով, որ ժողովրդավարության կառուցումը ամեն մարդու կամ ամեն ժողովրդի խելքի գործը չէ: Ժողովրդավարությունը պետք է վաստակել, իսկ այն վաստակելու համար պետք է ունենալ արժեքներ, հասունություն, հմտություններ: Պետք է նախ հզորանալ, որպեսզի ձեռք բերել ժողովրդավարական արժեքը: Բուքիքիոն նշել էր՝ որպեսզի Հայաստանը զարգանա ժողովրդավարական տեսանկյունից, պետք է փոխվի քաղաքական մշակույթը: Փողոցային սպառնալիքները բնորոշ են փողոցային խնդիրներ լուծող մարդկանց: Դրանք չեն կարող համապետական, համազգային խնդիրներ լուծող մարդկանց բնորոշ լինել, և եթե Հայաստանն իր առջև խնդիր է դրել երբևիցե դառնալ բարեկեցիկ պետություն, ապա պետք է ուժ գտնի իր մեջ՝ ձևավորելու այդ քաղաքական մշակույթը:
Մեր քաղաքական ուժի նմանատիպ հայտարարությունները նախ վերահաստատեցին Բուքիքիոյի մտահոգությունը, որ մենք իսկապես գործ ունենք տհաս քաղաքական ուժի տհաս ներկայացուցիչների հետ, որոնք չեն կարող իրենց վատ մշակույթից դուրս գալ և համազգային լուրջ խնդիրներ լուծել: Եվ այն, որ Բուքիքիոն ունի հեղինակություն, և Բուքիքիոյի ձայնը լսելի է ամբողջ աշխարհով, հետևաբար, որպեսզի կարողանան քննադատեն, նախ և առաջ պետք է այդ մարդու հեղինակության 1/100-ական մասը կարողանան ձևավորել միջազգային հանրության մեջ, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի: Երբ որ մենք ունենք հակադրվող կարծիքներ, հասկանալի է, որ միջազգային հանրությունը լսելու է այս հեղինակավոր անձին, որը տարիների հետևողական աշխատանքի միջոցով է ձևավորել իր հեղինակությունը, իսկ այդ քննադատությունները բացառապես ընկալելու է՝ որպես արդարացման միջոցներ, թե ինչու իրականում, հավակնելով լինել ժողովրդավարական և իրավական երկիր, Հայաստանը այդ հեղինակավոր կառույցի խորհրդատվական կոչը կյանքի չկոչեց: Դրա համար ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարությունները վարկաբեկում են ՀՀ-ն, գցում են վարկանիշը և մեր գործընկերների մոտ ամրապնդում են այն մոտեցումը, որ Հայաստանը հեռու է իրական ժողովրդավարություն լինելուց, և միգուցե նաև սկսում են ըմբռնումով մոտենալ, որ Հայաստանը և հայ ժողովուրդը դեռևս չի վաստակել բարեկեցիկ, ապահով և անվտանգ ապրելու այդ իրավունքը:
– Խոսենք քաղաքական բնույթի սանկցիաների մասին: Օրինակ, հայկական պատվիրակություններին կարևոր հարցերի քննարկումների ժամանակ զրկել ձայնի իրավունքից, կարող են, ասենք, բիզնեսներին տրված արտոնություններից Հայաստանի քաղաքացիները զրկվեն, քաղաքացիները տեղաշարժի իրավունքներից զրկվեն: Ի՞նչ կհետևի:
– ԵԽ-ի շրջանակներում, այո, կա սանկցիաներ կիրառելու հնարավորություն: Ամենածանր սանկցիան անդամակցության դադարեցումն է, որին, որպես կանոն՝ նախորդում է կասեցումը որոշակի ժամանակահատվածով: Բայց մինչև կասեցում կամ դադարեցում, կարծում եմ, կան այլ սանկցիաներ, որոնք բավականին արդյունավետ են: Առնվազն ավելի հզոր, ազդեցիկ և մեծ քաղաքական պոտենցիալ ունեցող երկրներն են ճկվել և փորձել են ավելի համապատասխան գործել ԵԽ ստանդարտներին, և կարծում եմ՝ դա հատկապես իրականություն է լինելու ՀՀ-ի դեպքում: Կան քաղաքական սանկցիաներ, օրինակ, ՀՀ պատվիրակությանը ԵԽԽՎ-ում զրկել ձայնի իրավունքից: Սա շատ բացասական հետևանք կլինի: Պատկերացնենք, որ տարաբնույթ հարցեր են քննարկվում, ադրբեջանցիներն ունեն իրենց օրակարգը, փորձում են օկուպացիոն տարածքներ, փախստականների հետ կապված բանաձևեր շահարկել, և հիմա պատկերացրեք, որ ՀՀ-ն ձայնի իրավունք չունի: Մյուս կողմից՝ այլ պատվիրակություններն էլ աշխատում են Հայաստանի պատվիրակության հետ, աջակցում են, որովհետև ակնկալիք ունեն, որ մեր պատվիրակությունը կարող է իրենց աջակցել: Դրա համար ինչ-որ մի բան տեղ դնում են պատվիրակության անդամներին՝ հաշվի առնելով, որ ձայն ունեն: Եթե պատվիրակությունը ձայնից զրկվի, մենք որևէ քաղաքական կշիռ չենք ունենալու ԵԽԽՎ-ում: Բայց սանկցիաներն իրենց բնույթով կարող են լինել տնտեսական:
Օրինակ, որոշ անձերի տեղաշարժը կարող է արգելվել, վիզային ռեժիմները կարող են բարդացվել, բիզնեսներին տրվող արտոնությունները կամ օտարերկրյա պետություններում գտնվող հայկական կապիտալի նկատմամբ կարող են արգելանք կամ այլ միջոցներ կիրառվել: Եվ մի հնարավորություն էլ, որ, որպես կանոն, ԵԽ-Հայաստան, ԵՄ-Հայաստան, Համաշխարհային բանկ-Հայաստան համագործակցությունները նաև ֆինանսական կոմպոնենտ ունեցող համագործակցություններ են, և միջազգային կառույցները Հայաստանի իշխանություններին տալիս են դրամական աջակցություն որոշակի ոլորտներում բարեփոխումներ անելու համար:
Դրանք կարող են տատանվել 10-100 միլիոն եվրոյի սահմաններում: Երբ իրավական տեսանկյունից մենք խնդիրներ ենք ունենում, որպես կանոն, այս կառույցները հրաժարվում են ֆինանսական աջակցություն տրամադրել կամ դրա նախապայման են դնում պարտադիր գործընթացները: Օրինակ, կարող են դնել ՍԴ դատավորներին իրենց նախկին պաշտոնին վերականգնելը, եթե հանրաքվեի արդյունքներն այլ լինեն: Ուստի կարծում եմ, որ այս ֆինանսական կոմպոնենտը ևս մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի համար: Գործընկերները կհրաժարվեն բարեփոխումներ ֆինանսավորելուց, եթե Հայաստանը չգործի ԵԽ շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին համահունչ:
Միջազգային կառույցներն այս հարցում գործում են խիստ փոխկապակցված և ունեն ընդհանուր օրակարգ, ուստի ես կարծում եմ, որ ԵԽ-ն ունի գործուն լծակներ, և կախված զարգացումներից, դրանց հաջորդականությունից՝ գործի է դնելու իր ողջ գործիքակազմը: Ինչևիցե, ես կարծում եմ, որ այս հանրաքվեն որևէ իրական արդյունք չի տալու: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր կոգևորվեն «այո»-ով, 2 կամ 3 տարի հետո մեծ հիասթափություն են ապրելու, որովհետև տեսնելու են միջազգային կառույցների կոշտ արձագանք, հանրաքվեի արդյունքների չճանաչում, դատավորներին նախկին դիրքում վերականգնել և հսկայական դրամական տուգանքներ, որոնք մնալու են նույն հարկատուների ուսերին, և «Ոչ»-ը ուղղակի կկանխի այդ բացասական հետևանքների առաջացումը և կպահի ստատուս-քվոն և կկանխի բոլոր վատ զարգացումները: