
Աստված մի արասցե՝ Կաթողիկոսը հրաժարական տա. ա՛յ տեռորն այդ ժամանակ կտեսնեք. անբարոյական հարձակում՝ Եկեղեցու, ՀԷՑ-ի դեմ, հակասահմանադրական օրենքով՝ դեպի ավտորիտարիզմ. Արթուր Ղամբարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ինքնիշխանությունը զգայական հասկացություն չէ, այլ փաստերով ամրագրվող հասկացություն է։ Դրա համար կան հստակ միջազգային չափանիշներ, որովհետև ինքնիշխանությունը, առաջին հերթին, ունի հստակ արտաքին կոմպոնենտ։ Համենայն դեպս ես չեմ զգում, որ Հայաստանի ինքնիշխանության ծավալը մեծացել է։ Միգուցե մեր քաղաքական ղեկավարությունը պետության ներսո՞ւմ է տեսնում իր ազդեցության ծավալի մեծացում։ Այո՛, դա տեսնում եմ։ Ցավոք, որևէ զսպվածություն ներպետական հարաբերություններում ՀՀ գործող իշխանությունը չունի։ Խավարամիտ, որովայնամիտ շերտերի համար միգուցե Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներն ազդեցություն են թողնում, բայց փոքր-ինչ խելամիտ մարդու համար ամեն ինչ պարզ է։
- Հասարակությունը տոտալ ապատիայի մեջ է, իրավունքը՝ տոտալ անկման մեջ։ Մեծ քայլերով գնում ենք դեպի ավտորիտարիզմ։
- Մինչև 44-օրյա պատերազմը սահմանադրական հանձնաժողովում իմ գործընկերոջ՝ Թամարա Շաքարյանի հետ ներկայացրել եմ Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակի ամրապնդման հետ կապված հայեցակարգ։ Շատ տխուր հիշողություններ ունեմ այդ նիստից։ Վերջին նիստի ժամանակ քվեարկություն էի պահանջում հայեցակարգի ընդունման համար, չէին դնում քվեարկության։ Ցավոք, իմ գործընկերները շատ իներտ վերաբերմունք ցուցաբերեցին։ Ավելի գնահատելի էր Դանիել Իոաննիսյանի պահվածքը, ով ուղիղ իր դիրքորոշումը հայտնեց՝ ասելով, որ պետք է հանվի Սահմանադրությունից եկեղեցու հատուկ կարգավիճակը։
- Եկեղեցու հանդեպ վերջին անբարոյական հարձակումները, իմ տպավորությամբ՝ պայմանավորված են Կաթողիկոսի՝ Շվեյցարիայում Արցախի հարցով ունեցած ելույթով։
- Այսօրվա պետության մեջ չունենք զսպումների և հակակշիռների մեխանիզմ․ սա ակնհայտ փաստ է։ Միակ ինստիտուտը, որը կարողանում է հակադարձել իշխանությանը, Եկեղեցին է։ Եվ Աստված մի արասցե, որ կարողանան Եկեղեցին չեզոքացնելու խնդիրը լուծեն։
- Այս իշխանությունները՝ որպես կատարող, իդեալական կատարող են։ Կալանավորել են 2 սրբազանների․ցավոք, չեղավ հակադարձում։ Հիմա կանցնեն հաջորդ քայլին՝ Կաթողիկոսին չեզոքացնելուն։
- Միքայել սրբազանի մեղադրանքն առհասարակ անհեթեթ է։ Շատ վտանգավոր է, որ դիմադրող սուբյեկտն էլ դառնա իներտ, չեզոք ու անգույն մի ինստիտուտ։ Ես չեմ ասում՝ Եկեղեցին պետք է լինի ընդդիմադիր, բայց պետք է լինի նաև քաղաքական կարծիք ձևավորող սուբյեկտ։
- Աստված մի արասցե՝ հանկարծ Ամենայն Հայոց կաթողիկոսը հրաժարական տա։ Ես չէի ուզի դա տեսնել…
- Ի՞նչ է նշանակում՝ Եկեղեցին պետք է պահպանի քաղաքական չեզոքություն: Դա ոչ միայն սխալ է, այլև հակագիտական է: Եկեղեցին իշխանություն ձևավորող սուբյեկտ չէ, բայց քաղաքական համակարգի կարևոր սուբյեկտ է։ Ասում են՝ պետք է չեզոք լինեք, գնահատական չտաք։ Այդպես չի՛ լինում։ Խնդիր են դրել գրագետ խոսող, գործող իշխանությանը քննադատող ինստիտուտներին լռեցնելու։ Եվ, այո՛, Եկեղեցին, եկեղեցականները, Շիրակի թեմի հոգևոր առաջնորդը քաղաքական կյանքում տեղի ունեցողի վերաբերյալ իրենց դիրքորոշումը պետք է հայտնեն, և հասարակությունը սպասում է դրան։
- Բերում-մտցնում եք քրեական իրավունքի դաշտ, 75-ամյա մարդուն կալանավորում եք… Պետությո՛ւն, դու քո վարքագծի մեջ պետք է լինես հետևողական։ Եթե դու տվել ես գնահատական, որ քրեական հանցանքի հատկանիշներ չկան, և իրոք չկան, հիմա ի՞նչ փոխվեց։
- Միքայել սրբազանի՝ ՀՀ Քննչական կոմիտե գնալու մասին: Մասնագետներն ասում են այն, ինչ օրենքում գրված է։ 3 տարեկան երեխային էլ հարցնես՝ կասի, եթե քննիչը կանչում է, պետք է գնա։ Բայց իրավիճակը ստանդարտ իրավիճակ չէր։ Սրբազանն առաջին անգամ ցանկացել է գնալ, նրան հրել են, հոգևորական միջին դասը, դա տեսնելով, թույլ չի տվել գնալ։ Այսինքն՝ ոստիկանությունն ուզում էր Միքայել սրբազանին պառկեցնել գետնին։ Մենք չենք ունեցել երբևէ այնպիսի իրավիճակ, որ սրբազանի նման պատկառելի մարդուն պառկեցնեն գետնին։
- Չի կարող քննիչը թույլ տալ, որ վարչապետի խորհրդականը դատավարական փաստաթղթեր խմբագրի։ Քննչական մարմնի ղեկավարը, եթե ինստիտուտի վերաբերյալ հարգանք ունի, չպետք է թույլ տա նման բան անել։ Ո՞նց կարել է առհասարակ վերցնել քրեական գործի նյութերը խմբագրել ու հատվածային հրապարակել։
- Հայաստանի քաղաքական իշխանությունը գործում է մեկ սկզբունքով՝ արդյունավետության սկզբունքով, չկան քաղաքական սահմանափակումներ, ինչն անթույլատրելի է։ Ունե՞ն նպատակ, պետք է ամեն ինչ անեն այդ նպատակին հասնելու համար։ Ես ամեն բան սպասել եմ այս իշխանություններից, բայց չեմ պատկերացրել, որ երկրի ղեկավարը կարող է իրեն թույլ տալ սրբազանների նկատմամբ նման ձևակերպումներ անել։ Ու տեսա՞ք, որ որևէ մեկն իշխանությունից չդատապարտեց։ Ավելին, եղան նախարարներ, որ արդարացրեցին, ասացին՝ Կաթողիկոսի մասին արված գռեհիկ հայտարարությունները սուր ձևակերպումներ էին։
- Մարդու իրավունքների հայեցակարգը միշտ էլ օգտագործվել է՝ որպես գլոբալ քաղաքականություն իրականացնելու միջոց։ Հասարակությունն է ապրում իլյուզիաներով։ ՄԻԵԴ-ն ի՞նչ է, այլ կե՞րպ է գործում, քաղաքական նպատակահարմարությամբ և գլոբալ քաղաքական օրակարգերով է առաջնորդվում։ Հիշե՛ք Ալվինա Գյուլումյանի գործը ՄԻԵԴ-ում։ Այնքան աղաղակող էին խախտումները, որ չէին կարող չնշել, ստիպված ասացին՝ ինքը դիմող սուբյեկտ չէ։ Մի տարի գործը ՄԻԵԴ-ում էր, չէին տեսել, հանկարծ տեսան այդ հանգամանքը։
- Մեր հասարակությունը նմանվում է արժեքներից ու սկզբունքներից զուրկ հասարակության։
- ՔՊ-ի կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքը ՀԷՑ-ի մասին ոչ մի կապ չունի «ազգայնացնել» սիրուն բառի հետ։ Մեր հասարակության լայն զանգվածներն «ազգայնացում» բառի տակ հասկանում են, որ ՀԷՑ-ի գումարները գալու են, լցվեն իրենց գրպանները… Տիպիկ բոլշևիկյան մոտեցում է։ Սա հակասահմանադրական օրենքի նախագիծ է։ Դա ազգայնացում չէ։ Ազգայնացումն այս օրենքի հետ ոչ մի կապ չունի։ Կորպորատիվ իրավունքի հիմնադրույթները քանդող օրենքի նախագիծ է դա։ Իսկ ո՞վ է հակազդելու։ Նախագա՞հն է դիմելու ՍԴ… Ավտորիտար համակարգերն այսպես են ստեղծվում։ Բայց չգիտեն, որ դա հետո իրենց դեմ է շրջվելու։ Թող ուսումնասիրեն 1917թ․ Հոկտեմբերյան հեղափոխության պատմությունը։ Ղեկավարին, եթե նա ադեկվատ է, պետք է իր կողքինները բացատրեն՝ չի կարելի քանդել ինստիտուտները, որ վաղը չզրկվես դրանց ծառայությունից օգտվելու քո հնարավորությունից։
- Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեպքից ավելի աղաղակող է Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքն ու կալանավորումը։ Աներևակայելի է պատկերացնել… Սամվել Կարապետյանն ասում էր, որ կանգնած է Եկեղեցու կողքին, և դրա համար նրան կալանավորո՞ւմ են… Հասարակության մեծ մասը պետք է կանգնած լիներ Եկեղեցու կողքին։ Մենք չենք ուզում այդ թեման բացել, բայց հասարակության ո՞ր շերտը Եկեղեցու դեմ այլանդակ հարձակման ժամանակ կանգնեց նրա կողքին։ Եթե սրանց ձեռքերը հասնեն Եկեղեցուն, մենք մտնում ենք քաղաքական նոր համակարգի՝ ավտորիտարիզմի մեջ։ Այ տեռորը այն ժամանակ կտեսնեք։
Ի դեպ, զավեշտալին այն էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ինքն էր Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում ներկայացրել: Ըստ պրակտիկայի՝ Քննչական կոմիտեից հետո գործը ուղարկվում է Դատախազություն, որպեսզի համապատասխան եզրակացությամբ այն ուղարկվի դատարան: Ի՞նչ եք կարծում, կգտնվի՞ մի դատախազ, որը ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործին բացասական եզրակացություն կտա, կամ ընթացք չի տա:
- Երբեք չի եղել, որ գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում տա, այլև քրեական վարույթ հարուցի մասնավոր անձի վերաբերյալ։ Չի կարող անմիջական վերադասի տված հաղորդմամբ հարուցված քրեական վարույթը հսկող դատախազն այլ գնահատական տալ այդ գործին։ Հսկող դատախազը հայտնվում է դժվար կացության մեջ, որովհետև իր վերադասը դրան արդեն գնահատական տվել է։ Գլխավոր դատախազի հաղորդումը դատավորը դրել է կալանքի հիմքերի մեջ։ Դա ծիծաղելի է։
- Սահմանադրական դատարանի՝ 1.5 տարի առաջ կայացրած ամոթալի որոշումը Անկախության հռչակագրի վերաբերյալ իր դերը չկատարեց։ Քաղաքական իմաստով ՍԴ-ն օգտագործվեց, բայց իր դերը չկատարեց։ Հիմա արդեն տեքստային տարբերակով են պահանջ դրել։ Կհանե՞ն Անկախության հռչակագիրը, այո՛, կհանեն։ Ի՞նչ կլինի դրանից հետո. մենք կդադարենք մեզ միավորող գաղափարներ ունենալ՝ որպես ազգ։ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիր են դրել մեր երիտասարդների գիտակցության մեջ արժեհամակարգ փոխել։ Դա այս պահին շոշափելի չէ, բայց դա տեղի է ունենում։ Տեքստը Սահմանադրությունից հանում են, քայլ առ քայլ անցնում ավելի խորքային խնդիրների լուծման։ Այսօրվա քաղաքական իշխանության ղեկավարի բանաձևն է՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց»։ Մենք չենք ուզում ստեղծել արժեքներով ապրող հասարակություն։ Մեր երիտասարդության համար կարևո՞ր է արժեքներ ստեղծելը, գաղափարի շուրջ համախմբվելը։ Ես չեմ կարողանում ինձ համոզել, որ մեր երիտասարդությունն այս հարցերի վերաբերյալ կարող է անտարբեր լինել անգամ թվայնացված հասարակության պայմաններում։
- 2021թ․ ընտրություններում հայ հասարակությունն իշխանությանը քվե տվեց՝ անելու այն, ինչ այս իշխանությունն ուզում է։ Ժողովուրդը հիմա էլ է ապացուցում, որ ինչ ուզեն, կարող են անել։ Ես զարմացա, որ տեսա՝ Շիրակի մարզում առաջնորդարանի մոտ շատ քիչ մարդ է հավաքված։
- Քաղաքական գործընթացներ սկսող քաղաքական ուժերը պետք է հանրությանը բացատրեն՝ ինչ ծրագիր ունեն, ինչ են անելու արտաքին քաղաքականության ոլորտում, ի՞նչ ծրագրեր ունեն։ Անձին փոխելը խնդրի լուծում չէ։ Սերժ Սարգսյանին փոխեցին, եկավ սա, ու ի՞նչ եղավ։ Հասարակական կյանքում եղած անտարբերությունը ինձ հիմք չի տալիս մտածել, որ կա փողոցային գործընթացներով իշխանություն փոխելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է իմպիչմենտին, ինձ պետք է հասկանալ այդ գործընթացի քաղաքական նպատակը, հնարավորությունները՝ անկախ անձերից։
Մանրամասները՝ տեսանյութում։