«Իշխանության դեմ ուժայիններում կա լուռ ընդվզում, հլու-հնազանդ ծառայում են քննչական կառույցները. Իշխանությունը վախենում է դատական համակարգի հնարավոր բոյկոտից». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի բնորոշմամբ՝ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ու գործողությունները համազգային ամոթ են։ Իրավիճակի լրջությունն ու ցավի խորությունը, խայտառակությունը հավանաբար հասարակությունը չի գիտակցում։

«Սա մեր պատմության ամոթի ու խայտառակության էջն է, որն իրականացրել են օրվա իշխանությունները։ Սա ուղղակի կապ ունի թուրք-ադրբեջանական իմպերատիվ պահանջների հետ, որոնք նա ներկայացնում է ՀՀ ղեկավարությանը։ Այսօր Առաքելական եկեղեցին այն միակ ինստիտուտն է, որը համակարգային ձևով հակադրվում է իշխանություն կոչվածի պրո-թուրքական քաղաքականությանը և պետականակենտրոն քաղաքականություն է վարում։

Մեր երկրում եկեղեցին ավանդաբար պետականությունը պահպանելու ֆունկցիան վերցրել է իր վրա։ Հիշեցնեմ արտաքին քաղաքականությունում կարևոր միջոցառումների ձեռնարկումը, որն իրականացրեց հենց Առաքելական եկեղեցին։ Այս իշխանությունը խարխլել ու թուլացրել է հայոց պետականությունը, և դա տեսնում է  Առաքելական եկեղեցին։ Այստեղ մեր դարավոր թշնամին տեսնում է, որ այդ պետականությունը վերջնականապես ոչնչացնելու համար կա դիմադրության օջախ՝ ի դեմս Առաքելական եկեղեցու։ Նկատենք, որ ամբողջ հիստերիան սկսվեց Շվեյցարիայում արցախահայերի խնդիրների, Բաքվում պահվող պատանդների մասին Հայոց  Վեհափառի կողմից եղած հայտարարություններից հետո»,- 168.am հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը։

Փորձագետի խոսքով՝ ՀՀ իշխանություններին թվում է, թե Առաքելական եկեղեցու 2 սրբազաններին կալանավորելով՝ հասնելու են իրենց նպատակներին՝ երբեք չեն հասնելու, սրբազանները, բացի հոգևոր այրեր լինելուց, նաև պետական այրեր են, բարդ ճանապարհ անցած։ Վստահ է՝ 2-ամսյա կալանքը որևէ բան չի փոխելու Բագրատ և Միքայել սրբազանների սկզբունքներում։

Կարդացեք նաև

«Իշխանությունը ևս մեկ անգամ ցուց տվեց իր թուլությունը, ավելի ախմախ բան, քան սրբազանների կալանավորումն էր, չեմ պատկերացնում, այն էլ՝ այդպիսի աբսուրդ մեղադրանքներով։ Այս իշխանությունը բազմաթիվ քայլերով, նաև այս քայլով ապացուցեց՝ չունի բարոյական որևէ տաբու, հետևաբար՝ ամենաանբարոյական քայլերը սրանցից պետք է սպասենք։

Ավելին՝ ուժայինների գործողությունները տեսնելով՝ հասկացա, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հրամանները դժկամությամբ են կատարում։ Վստահ եմ՝ ԱԱԾ այդ էլիտար մի քանի ստորաբաժանումները կարող էին կոտրել Մայր Աթոռում հավաքված մարդկանց դիմադրությունը և ներխուժել Վեհարան, բայց չարեցին։ Ի տարբերություն իշխանությունների, իրենք գոնե մի քիչ ողջախոհություն ունեին։ Հասկանալի է, որ ուժայիններում կա լուռ ընդվզում, իշխանությանը հլու-հնազանդ ծառայում են միայն քննչական կառույցները, որովհետև «սև գործն» իրենց չի վերապահված, իրենց գործը պատերի հետևում «գործ սարքելն» է։ Հարկ է նկատել նաև, որ 2 սրբազանների և գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմամբ իշխանությունը լուրջ մտահոգություններ ունի դատական համակարգի հնարավոր բոյկոտից։ Ամբողջ դատական համակարգում սրանք փնտրել ու գտել են 2 կամակատարի, որոնք պետք է կատարեն իրենց հրահանգները, այսինքն՝ վիթխարի համակարգում 2 դատավոր կա՞ միայն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Դիտարկելով այս ամենը, Դավիթ Ջամալյանը նշեց՝ բոլոր այս գործընթացները խոսում են այն մասին, որ իշխանության դիրքերը շատ խախուտ են։

«Բանն այնտեղ է հասել, որ մեր երկրի ղեկավարի փողոցային բառապաշարի պատճառով, նրան նաև արգելում է գրառումներ կատարել համացանցը, սա աբսուրդ է»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս