
Այո՛, Նախիջևանի զենքը, ադրբեջանական համազգեստով թուրքական բանակը կարող է ուղղվել Հայաստանի դեմ. կարող են հարվածել ատոմակայանին. 24/7 ռեժիմով աշխատելու փոխարեն՝ թիրախավորել են Եկեղեցին. Սերգեյ Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Իսրայել-Իրան այս հակամարտությունը վերլուծելիս շատ կարևոր է դիտարկել նաև ներքին գործոնը։ Պետք է նայել՝ ինչ է կատարվում Իսրայելի ներսում։ Ժողովուրդը շատ դժգոհ է Նեթանյահուից․նա ոչ միայն Գազայում չհաջողեց, այլև չկարողացավ գերիներին վերադարձնել։ Ու նրա վարկանիշն Իսրայելում օրեցօր ընկնում էր։ Բացի դրանից, Իսրայելում կրոնականներին զորակոչելու օրենք էր նախապատրաստվում ընդունել, ինչը կարող էր հասցնել արտահերթ ընտրությունների, որի ընթացքում ոչ միայն Նեթանյահուն չէր հաղթի, այլև կարող էր հայտնվել բանտում։ Այդ պատճառով Նեթանյահուն գնաց Իրանի դեմ էսկալացիայի։ Նրա համար սովորություն է երկրում լարված դրության իրավիճակում գնալ սրացումների։ Սա նրա համար կարևոր թայմինգ էր՝ իշխանություն պահելու համար։
- Արդեն կես դար է՝ Իսրայելում խոսում են, որ Իրանն ուր որ է միջուկային զենք կստեղծի, և սա միակ հարցն է, որի շուրջ Իսրայելում կա 90%-անոց կոնսենսուս։ Հակաիրանական, Իրանի միջուկային զենքի դեմ դիրքորոշման հարցում Իսրայելում կա բացարձակ կոնսենսուս թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության շրջանում։ Նեթանյահուն օգտագործում է այդ կոնսենսուսը:
- Իրանի դեմ այս հարձակումն Իսրայելը համաձայնեցրել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հետ։ Իհարկե, առանց ԱՄՆ օգնության նա չէր կարող հարձակվել Իրանի վրա։
- Իրանի Ֆորդո միջուկային օբյեկտի տարածքում լուրջ ավերածություն չկա։
Հիշեցնենք, որ Ֆորդոյի գործարանը ստորգետնյա միջուկային օբյեկտ է, որը տեղակայված է Իրանի կենտրոնական հատվածի Ղոմ քաղաքից ոչ հեռու՝ լեռնային թունելներում։
- Այսօր Եվրոպան արտաքին քաղաքականության ոլորտում ինքնիշխան ակտոր չէ․ ինչպես կթելադրի ԱՄՆ-ը, այնպես էլ կանի։ Իսրայելում հիմա ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմի մեջ ներգրավվի ԱՄՆ-ը, որովհետև այդ դեպքում Եվրոպան ինքնըստինքյան կներգրավվի։
- Զանգելանի ու Ֆիզուլու օդանավակայաններից դեպի Իրան իսրայելական կործանիչների թռչելու մասին դեռ չկան փաստեր։ Բայց մենք տեսանք, որ Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող թերթում կոչ արեցին Իրանում ապրող ադրբեջանցիներին դուրս գալ Իրանի կառավարության դեմ։ Այսինքն՝ այս կամ այն կերպով Ադրբեջանն այս կոնֆլիկտի մեջ ներգրավված է։
Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 13-ին, մեկնաբանելով Իրանի դեմ ռազմական գործողությունը, դիմել է Իրանի ժողովրդին՝ նրան որակելով քաջարի:
«Ձեզ ուղերձ ունեմ՝ մեր պայքարը ձեր դեմ չէ։ Մեր պայքարը դաժան բռնապետության դեմ է, որը 46 տարի ճնշում է ձեզ։ Ես հավատում եմ, որ ձեր ազատության օրը մոտ է։ Եվ երբ այդ օրը գա, մեր երկու հին ժողովուրդների միջև մեծ բարեկամությունը կրկին կծաղկի»,- ասել է նաև հավելել. «Ես ուզում եմ վստահեցնել քաղաքակիրթ աշխարհին, որ մենք թույլ չենք տա աշխարհի ամենավտանգավոր ռեժիմին ձեռք բերել աշխարհի ամենավտանգավոր զենքը»։
Նույն օրը՝ հունիսի 13-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կոշտ քննադատության է ենթարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության, Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուի վարչակազմն իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով փորձում է տարածաշրջանը և ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ: «Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որն անտեսում է միջազգային իրավունքը»,- ասել է նա։
Իսկ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է.
«Իսրայելը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, դա ևս մեկ անգամ ցույց տվեց՝ հարձակվելով Իրանի վրա, Իսրայելին պետք է կանգնեցնել լարվածությունը նվազեցնելու համար»։
- Թուրքիայի անկեղծությանը երբեք չի կարելի հավատալ։ Իհարկե, Սիրիայում Իսրայելի ու Թուրքիայի շահերը համընկան, բայց իրանական հարցում Իսրայելի և Թուրքիայի շահերը բախվում են։ Սաուդյան Արաբիան շահագրգռված չէ, որ սա դառնա տարածաշրջանային պատերազմ, որովհետև եթե Իրանը փակի Հորմուզի նեղուցը, դա շատ մեծ հարված կլինի Սաուդյան Արաբիայի համար։
- Սաուդյան Արաբիա-Ռուսաստան-Չինաստան միություն է նշմարվում՝ կանգնեցնելու համար Իսրայել-Իրան այս պատերազմը, բայց Իրանի կողմից ես բանակցելու շահագրգռվածություն չեմ տեսնում, որովհետև Իրանում տեսան, որ բանակցությունների շրջանում Իսրայելը հարվածեց իրենց, և ոչ մի երաշխիք չկա, որ դա չի կրկնվի։
Ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն օրերս իր հարցազրույցում ասել է. «Թուրքիան կփորձի պոկել Ատրպատականը և միացնել Ադրբեջանին, եթե Իրանում ցնցումներ սկսվեն»:
- Թուրքիան կցանկանար իր ազդեցության գոտին ունենալ Իրանի հյուսիսում․ դա ադրբեջանցիներով բնակեցված Ատրպատականն է։ Երկար ժամանակ է՝ Իսրայելն ու Թուրքիան աշխատում են այդ ուղղությամբ, բայց գործուն քայլեր կանեն միայն այն ժամանակ, երբ Իրանը շատ թուլանա։
- Այսօր պատերազմի տրամաբանությունը զարգանում է ամենաբացասական սցենարով։ Եվ այն, որ Իրանի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու օգտին (ըստ իրանական աղբյուրների), դրա ապացույցն է։ Իրանում ռեֆորմիստներին աջակցելու շանս տվեցին, և նրանք չհաջողեցին․ հիմա խոսքն ուժայիններինն է։ Իրանը գնում է միջուկային զենք ստեղծելու ճանապարհով։ Կա երկու սցենար՝ կա՛մ Իրանը պարտվում է, կա՛մ գնում է միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, ինչը կնշանակի, որ Իսրայելի ծրագիրն ամբողջովին ձախողվում է։ Այսինքն՝ դու փորձում էիր թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, բայց քո գործողությունների պատճառով Իրանն ունենում է այդ զենքը։
- Մեր մայրաքաղաք Երևանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա պատերազմ է ընթանում, ու դա արդեն իսկ վտանգավոր է մեզ համար։ Թուրքիայի ու Ադրբեջանի պոտենցիալ հարձակման վտանգ կա։ Իհարկե, հիմա նրանք մտահոգված են, որովհետև Իրանը կարող է թիրախավորել Ադրբեջանը, բայց այն պահին, երբ տեսնեն՝ Իրանը չի կարողանում վերահսկել իրավիճակն իր սահմանների մոտ, անպայման կտրուկ գործողությունների կդիմեն։ Խոսքը միայն Զանգեզուրի միջանցքի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության գոյության։ Մենք գտնվում ենք էքզիստենցիալ վտանգի առաջ։ Եթե տեսնեն, որ պատմական պահն է՝ մեր հարցը լուծելու, նրանք կհարվածեն ամեն տեղի, այդ թվում՝ հայկական ատոմակայանին, որովհետև այդ գիծն արդեն հատված է։ Այս պատերազմում բոլոր կարմիր գծերն անցել են։ Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե մենք Եվրոպա ենք, ապա Մերձավոր Արևելքից եկող այս հսկա ալիքը կծածկի մեզ, ու կտեսնենք՝ իրականում ինչքան հեռու ենք մենք Եվրոպայից։
- Նախիջևանը Հարավային Կովկասում ամենամիլիտարիզացված կետերից մեկն է, ու այո՛, այդ զենքը կարող է ուղղվել Հայաստանի դեմ։ Այնտեղ թուրքական բանակ կա, իհարկե, ադրբեջանական համազգեստով։ Դեպի Հայաստան տանող ճանապարհը Նախիջևանում մեծացրել են 2 անգամ․ սա նշանակում է՝ իրենք Հայաստան մուտք գործելու նպատակ ունեն, և մենք 24/7 ռեժիմով պետք է աշխատենք։ Իհարկե, այս օրերին Հայաստանի ԱԳՆ-ն լավ հայտարարություն տարածեց, բայց այդ ժամանակ, երբ մեր տարածաշրջանում պատերազմ էր սկսվում, Հայաստանի վարչապետը տեղում չէր:
- Եվրոպան շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, ստատուս-քվո պահպանող երկիրն Իրանն է։ Դրա մասին բաց չեն խոսում, բայց փակ քննարկումներում դա ասվում է։ Բացի Իրանից, ոչ ոք Եվրոպայում չի ուզում պատասխանատվություն վերցնել մեր սահմանների անխախտության համար։
- Որևէ գաղտնիք չկա, որ Հնդկաստանից դեպի Հայաստան զենքի տրանզիտը հիմնականում տեղի է ունենում Իրանի տարածքով։ Հիմա այդ ճանապարհը փակ է, և մենք չունենք պատասխան՝ ի՞նչ այլընտրանքներ են լինելու։
- ՀՀ իշխանությունները մեր հասարակությանը, ցավոք, չեն պատրաստում մոբիլիզացիայի, ի տարբերություն Իրանի իշխանության։ Իրանում կոմունիկացիան ժողովրդի հետ այլ մակարդակի վրա է։ Այնտեղ իրենց ժողովրդի հետ բաց են խոսում՝ ասելով, որ պատրաստ լինեն, քանի որ երկարատև ու հյուծիչ պատերազմի մեջ են մտնում։ Իսկ Հայաստանում իշխանությունները մարդկանց ասում են՝ գնում ենք խաղաղության, մինչդեռ ինդիկատորները բոլորովին այլ են, խաղաղության մասին չեն վկայում զարգացումները։ Եվ դա շատ վտանգավոր է:
- Սփյուռք-Եկեղեցի-ընդդիմություն․ սրանք են ըստ Ադրբեջանի՝ ռևանշիստները։ Եվ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների հարձակումներն այս տրամաբանության մեջ են՝ տուրք տալ, զիջել ադրբեջանական ճնշումների առաջ։
- Ինչո՞ւ է Փաշինյանը գնում Թուրքիա, ի՞նչ է խոսելու Էրդողանի հետ: Թուրքիա է գնում ոչ թե լեզու գտնելու համար, որովհետև մեզ հետ ոչ ոք չի ուզում լեզու գտնել, այլ պայմանավորվելու համար: Բայց մեզ հետ ոչ ոք նաև պայմանավորվել չի ուզում: Եթե Ադրբեջանում կամ Թուրքիայում ուզենային մեզ հետ պայմանավորվել, արդեն վաղուց պայմանավորված կլինեին, պայմանագիր ստորագրված կլիներ: Եվ երբ մեզ ասում են՝ այդ պայմանագիրը պետք է լինի ամեն գնով, մենք ամենամեծ գինն արդեն վճարել ենք. մեր պետություններից մեկը դե ֆակտո ժամանակավորապես չկա, բայց որևէ արդյունք դա չտվեց. ո՛չ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, ո՛չ ճանապարհը բացեցին, ո՛չ էլ պայմանագիր ստորագրվեց: Պարզ չէ՝ դու էլ ի՞նչ պետք է զիջես, որպեսզի այդ փաստաթուղթը ստանաս: Սրանից ավել դու ի՞նչ պիտի զիջես։
Մենք տեսնում ենք՝ հայուրավոր տարիներով Թուրքիան ինչպես է վարվել մեզ հետ, Ադրբեջանն ինչպես է վարվում, և որևէ բան այս առումով չի փոխվել և չի փոխվելու: Օրակարգը ես այսպես եմ տեսնում՝ գնալու է, փորձելու է պայմանավորվել՝ տեսնելով, որ Թուրքիան տարածաշրջանում աճող ուժ կարող է դառնալ, Իրանի դիրքերը թուլացել են, իսկ Ռուսաստանի հետ այդքան էլ շահագրգռված չեն հարաբերությունները կարգավորել, Վրաստանի հետ էլ խնդիրներ կան՝ կապված տրանզիտի հետ:
- Իշխանության նպատակն ինքնապահպանումն ու իշխանության վերարտադրությունն է։ Այլ նպատակ նրանք չունեն։
- Եվրոպային չի հետաքրքրում որևէ երկրի ներքին վիճակ։ Հակառակ պարագայում Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ադրբեջանին չէր անվանի վստահելի գործընկեր, երբ այդ երկիրն էթնիկ զտման էր ենթարկում Արցախը, կամ, երբ Ադրբեջանում փակվում են բոլոր միջազգային կազմակերպությունները։ Եվրոպայում ոչ ոք չի դիմադրելու թուրք-ադրբեջանական օրակարգին։
- Ադրբեջանում Իրանի նոր դեսպան է նշանակվել Մուջթաբա Դեմիրչիլին։ Նա մինչ այդ զբաղեցրել է Իրանի Արտաքին գործերի նախարարության Եվրասիայի գծով գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նա մշտապես արտահայտում էր Իրանի տեսակետը Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Այսինքն՝ Իրանը կօգտագործի իր դիվանագիտական հնարավորությունները, բայց գետնի վրա իրավիճակը կախված կլինի Իրան-Իսրայել պատերազմի տևողությունից, ինչպես նաև նրանից, թե ինչպես ՀՀ իշխանությունները կաշխատեն Իրանի հետ․․․ Հակառակ դեպքում գինը կարող է լինել Զանգեզուրի միջանցքը, ադրբեջանցիների վերաբնակեցումը, Արևմտյան Ադրբեջանի մի մասը։
- Յուրաքանչյուր հարցի շուրջ հնարավոր է ձևավորել օրակարգ՝ լինի Եկեղեցո՞ւ, ինչը շատ մեծ ու լուրջ նարատիվ է, Սփյուռքի հե՞տ կապված, թե՞ Իմպիչմենտի օրակարգ։ Այլընտրանք պետք է լինի, որի շուրջ ձևավորես կոնսենսուս հա՛մ ներսում, հա՛մ դրսում։
Մանրամասները՝ տեսանյութում։