
Ինչի՞ց եք էդքան ոգևորվել, հայե՛ր, 21-րդ դարում էլ պիտի խաբվե՞ք… դու թուրքական վիլայեթի վարչապետ դարձար. ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցն է դրված. Ռուբեն Մելքոնյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Դասագրքային ճշմարտություն է, որ որևէ երկրի դիվանագիտություն չի կարող հաջողություն ունենալ պարտված ու ամեն ինչ զիջելու պատրաստ իշխանության պարագայում։ Դիվանագիտությունն առևտուր է, մենք առաջարկելու ոչինչ չունենք։ Փաշինյանն Էրդողանին կարող է առաջարկել միայն Արարատ սարի մասին չհիշել, Ցեղասպանությունը մոռանալ, ընդունել «Զանգեզուրի միջանցքի» իրողությունը… Այլ բան չկա։ Մեր դիվանագիտական դրամապանակը դատարկ է։
- Մենք անգամ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ատելության դոզայի թուլացում չենք տեսնում այսքան զիջումների դիմաց։ Միակողմանի զիջումների քաղաքականություն է։ Անգամ ժամկետային առումով արձագանքները չեն ուշանում։ Այն, ինչ հռչակագրի տեսքով տարածվեց Իսլամական երկրների համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի կողմից, կապիտուլյացիայից էլ անդին է։ Անընդհատ ֆիասկոներ են արձանագրվում, և ընդամենը Փաշինյանի՝ Թուրքիա գովազդվող այցից ժամեր անց ստանում են այսպիսի ապտակ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։ Նստաշրջանի եզրափակիչ փաստաթուղթը Ադրբեջանի նախաձեռնած հինգ հակահայկական բանաձևերի հետ մեկտեղ՝ «Ստամբուլի հռչակագիրն» է դարձել։
Փաստաթուղթն արտահայտում է ԻՀԿ անդամ պետությունների աջակցությունը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի վերադարձի իբրև թե օրինական իրավունքին և դատապարտում այդ հարցում Հայաստանի Հանրապետության մոտեցումը։
Բացի այդ, նշվում է, որ Ստամբուլի հռչակագիրը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը, և կոչ է արվում «հայկական կողմին վերացնել խաղաղության պայմանագրի կնքման քաղաքական և իրավական խոչընդոտները»։ Հռչակագիրը նաև աջակցություն է հայտնում Ադրբեջանի վերակառուցման և ականազերծման ջանքերին, ինչպես նաև վերահաստատում է ադրբեջանցիների, այսպես կոչված, վերադարձի կեղծ իրավունքը և դատապարտում ՀՀ-ի հրաժարումն այդ հարցում երկխոսություն սկսելուց։
- Կապիտուլյացիա է, երբ խոսում են ադրբեջանցիների՝ օրինակ՝ Մասիսի շրջանում վերաբնակեցման մասին, բայց հայերի փոխադարձ վերաբնակեցման մասին խոսք չկա։ Խոսք չկա արցախահայերի վերադարձի, Բաքու, Շահումյան, Գետաշեն հայերի վերադարձի մասին… Պարոնայք դիվանագետնե՛ր, դուք դավաճանել եք ձեր մասնագիտությանն ու հավատամքին՝ հանուն ձեր աշխատավարձերի՝ շատ լավ իմանալով, որ դուք սպասարկում եք Փաշինյանի պարտվողական քաղաքականությունը։ Այլապես կրկին այդ փաստաթղթի մեջ, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» մասին խոսք չէր գնա, ընդ որում, շատ ավելի խտացված գույներով։
- Դավութօղլուի տեսությունն է՝ պառակտել հայկական Սփյուռքը, ստեղծել թուրքական սփյուռք։ Եկեղեցու դեմ հարձակումներն այս օղակի մաս են։ Եկեղեցին, Սփյուռքը, հայապահպանությունն ու ազգային արժեքներին նվիրվածությունն է թուրքերի թիրախը։ Իշխանություննե՛ր, այդ ինչպե՞ս է լինում, որ ձեր ու թուրքերի նարատիվները համընկնում են։ Բոլոր հարցերը լուծել եք, հենց հիմա, երբ աշխարհը դե ֆակտո Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ է, մտել եք եկեղեցու ներքին կանոնադրական նրբությունների մե՞ջ։ Հայկական դիվանագիտական դրոշակը հիմա այդպիսինն է՝ խոնարհվել թուրքերի առաջ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունով մեկ կարողանա մասնակցել մանկապարտեզի բացմանն իր կորտեժով։
- Նույն այդ իսլամական կազմակերպության շրջանակներում նախկինում էլ եղել են հարձակումներ, բանաձևեր, բայց մեր դիվանագիտությունը կարողանում էր չեզոքացնել դրանք, որովհետև մեր դիվանագիտությունը կարողանում էր այնպես անել, որ իսլամադավան որոշ երկրներ կա՛մ չէին մասնակցում, կա՛մ ձեռնպահ էին քվեարկում դրանց։
- Հայաստանին թուրքերը, փաստորեն, մեղադրում են մշակութային եղեռն իրականացնելու մեջ։ Այսինքն՝ հայկական մշակութային կոթողները վանդալիզմի ենթարկող պետությունը հիմա մեզ է մեղադրում մշակութային եղեռն անելու մեջ։ Այն, ինչի դեմ նախկինում մենք էինք նրանց մեղադրում, դրանում հիմա մեզ են մեղադրում։ Հայաստանն այս իշխանությունները տարել են «թարս կապուտի»։ Հիմա չեն բավարարվում միայն Արցախի տարածքով, պահանջներ են ներկայացնում արդեն Հայաստանին։
- Ադրբեջանում արդեն հայտարարում են իսլամի, այսպես կոչված, Երևանի թեմի մասին, այսինքն՝ կրոնական ներկայություն են նաև ուզում այստեղ ունենալ։ Փաշազադեն ադրբեջաներենով է հարձակվում, Փաշինյանը հայերեն է գրում ու հարձակվում Եկեղեցու վրա։ Թուրքական նախապայմանի ուրվականը շրջում է Հայաստանի խորհրդարանում, ՔՊ-ում։ Ալիևը կնախանձեր, թե ինչպես են հիմա ՔՊ-ականներն անվերապահորեն հավատում իրենց առաջնորդին ու նույն փաշինյանական ոճով՝ բղավելով, հայհոյելով, սուտ թեզեր դաշտ գցելով, անհավասարակշիռ պահվածքով հարձակվում մեր ինքնության վրա։
- Եկեք չմոռանանք, որ այսօր Բաքվի բանտում տանջանքների ենթարկվող Ռուբեն Վարդանյանը Շուշիի «Գոհար աղա» մզկիթի վերանորոգողն ու բացումն անողն է։ Ո՞նց եք հայ մարդկանց մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ, երբ դրա հակառակի բացահայտ ապացույցը կա։
- Մենք անցնող 7 տարիների ընթացքում տեսանք, որ բացվեց ոչ թե Պանդորայի արկղը, այլ Պանդորայի բեռնատարի խցիկը, ոչ թե կարմիր գծեր հատվեցին, այլ վառ կարմիր գծեր, ու տեսանք դրա դեմ դիմադրողականության իսպառ բացակայություն։ Ինչպե՞ս կարելի է ԱԺ ամբիոնից վիրավորել Գրիգոր Լուսավորչի աթոռի պահապանին։ Անունը կարևոր չէ։ Վիրավորել ինստիտուտը ու ընդամենը կես րոպե անց մի sms-ով Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել ավազանի անունով ու ասել, որ նա դուրս պետք է գա Վեհարանից։ Դուք գոնե գիտե՞ք՝ ինչ է Վեհարանը: Մեր հինգհազարամյա պատմության ընթացքում այնքան կարմիր գծեր չեն հատվել, որքան վերջին 7 տարում։
- Այնպես, ինչպես վարվում են Հայաստանի իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքների հետ, վարվում էին թուրքական սուլթանները թշնամական երկրում։ Սեփական պետության կողմից այս ծավալի հալածանքները միայն սելջուկ թուրքերն ու մոնղոլ թաթարները կարող էին անել։ Եթե տասնամյակներ հետո փաստաթղթեր գաղտնազերծվեն, ես չեմ զարմանա, եթե պարզվի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակ թուրքական կողմից պահանջ է եղել ուղիղ Վեհափառի ու Եկեղեցու վրա հարձակվելու մասին։
- Փաշինյանին Անկարայի փոխարեն Ստամբուլում ընդունելը մեծ խնդիր չէ, բայց քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այցը ձևակերպեցին՝ որպես աշխատանքային։ Սա իրոք աննախադեպ այց էր՝ վատ իմաստով։ Նախկինում Հայաստանի ղեկավարների այցերը ոչ պետական, ոչ պաշտոնական և ոչ էլ պաշտոնական այցեր չեն եղել։ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված էր Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղմանը, իսկ Սերժ Սարգսյանը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակում գնացել էր ֆուտբոլային խաղ նայելու։
- Ինչի՞ եք էդքան ոգևորվել, որ Էրդողանը ավտոյի մոտ եկել, ճանապարհել է։
- Այն, որ Ստամբուլի Հայոց պատրիարքը չի կարող լիովին անկախ լինել թուրքական իշխանություններից, փաստ է․ ով էլ լինի, չի կարող։ Սահակ պատրիարքը նախ Թուրքիայում չէր, և ես չգիտեմ՝ եթե Թուրքիայում լիներ, Փաշինյանին կդիմավորե՞ր, թե՞ չէ։ Սահակ պատրիարքը երկար ժամանակ աշխատել է Էջմիածնում, և չեմ կարծում, որ նա կհանդուրժեր Վեհափառի ու մյուս հոգևորականների նկատմամբ հարձակումները։ Ապտակ էր, երբ դու քեզ համարում ես եկեղեցու հետևորդ, բայց Ստամբուլի հայկական եկեղեցի երբ մտնում ես, որևէ հոգևորական չի լինում, իսկ թուրքական մզկիթում բազմաթիվ հոգևորականներ են ուղեկցում քեզ։ Սա դեմարշ էր։
- Մզկիթ այցելելը խնդիր չէ, բայց եթե Ստամբուլում մզկիթ ես այցելում, միգուցե Սուրբ Սոֆիայի մզկի՞թ այցելեիր՝ ընդգծելու համար նրա երկակի նշանակությունը՝ այն, որ տաճարը նախկինում քրիստոնեական է եղել։ Հիշենք՝ դեմքի ինչպիսի ատելության արտահայտությամբ է Փաշինյանը խոսում մեր եկեղեցու ու Վեհափառի մասին, ու ինչպես է ժպտում, երբ մզկիթում նրան մոտենում է մահմեդական հոգևորականը։ Փաշինյանը պարտվում է նաև «body language»-ում․ նրա մարմնի լեզուն առավել քան խոսուն է։ Այդ մակարդակում նա չի պարտվում միայն ՀՀ Ազգային ժողովում։
- Թուրքերը դավաճաններին կամ իրենց ձեռնտու քաղաքականություն վարողներին չեն սիրում, բայց օգտագործում են մինչև վերջ՝ գուրգուրելով նրանց։ Դրա համար Փաշինյանը թուրքական քաղաքականության համար նվեր է։
- Թուրքիան ինչի՞ է աղերսել 1952թ․ մտնել ՆԱՏՕ… Որ խուսափի ԽՍՀՄ ագրեսիայից… Պետություններն առհասարակ ինչո՞ւ են հավաքվում մի անվտանգային հովանոցի ներքո, որպեսզի ավելի վստահ լինեն իրենց անվտանգության, պաշտպանվածության համար։ Մնացածը գրանտային գոլորշուց մթագնած ուղեղի արգասիք է։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի ցանկությունների հիմնական մասն այստեղից ռուսական ներկայությունը հանելն է, ու դրա համար ասում են՝ մենք ձեզ վրա չենք հարձակվելու, հայե՛ր, ռուսական բազան ինչների՞դ է պետք, հանեք, տեղը շուկա կբացենք, առևտուր կանենք… Այնպես որ, ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը հայ-թուրքական կարգավորման օրակարգի մաս վստահաբար կարող է լինել։ Հայաստանը կարող են դարձնել սպասարկման ոլորտ, որտեղ հայերը տարազներով կպարեն թուրքերի առաջ՝ առանց ազգային բաղադրիչի։ Վաղն արգելելու են «Քոչարի» պարելը, «Ծափպար» պարելը՝ հանուն կեղծ խաղաղության։
- Թուրքիայից վտանգ եղել է, կա և լինելու է, ու այդ թշնամանքը շարունակողները թուրքերն են։ Եթե Թուրքիան մեզ համար անվտանգային սպառնալիք չլիներ, մենք ինչի՞ պիտի փնտրեինք անվտանգային մեխանիզմներ։ Բա ինչո՞ւ մահմեդական Իրանի պարագայում նույնը չենք անում, և ընդհակառակը, նրան անվանում ենք բարեկամ երկիր, որովհետև Իրանը թշնամանք չունի մեր հանդեպ։
- Մեծ քաղաքականության մեջ սիրուն աչքեր չկան, չի կարող մի պետություն անմնացորդ սիրել մեկ այլ պետության։ Ինչո՞ւ է Իրանն ասում՝ Սյունիքը պետք է պահել հայկական, և Զանգեզուրի միջանցքը մեզ համար կարմիր գիծ է։ Իրանն անգամ Զանգեզուր չի ասում, այլ Սյունիք է ասում։ Սյունիքի հայկական մնալու մասին էր խոսում 100 տարի առաջ նաև Գարեգին Նժդեհը։ Այստեղ սենտիմենտալ բաներ պետք չէ ասել։ Իրանը հանուն իր շահերի է Սյունիքը որպես կարմիր գիծ ընդունել։ Ինչպե՞ս հասան Թեհրանի ռմբակոծմանը՝ Արցախի կորուստ, որն Իրանը ողջունեց, հետո՝ Սիրիա… Սա կանխելու համար Ռուսաստանն ու Իրանն ունեն միևնույն շահերը։ Այս համատեքստում մենք ունենք չկործանվելու տարատեսակ հնարավորություններ, ու պետք է ընտրություն անենք։
- Ըստ ՀՀ գործող իշխանությունների և նրանց աջակցող շրջանակների՝ «Եթե ռուսամետ ես, ուրեմն Կրեմլի ստրուկ ես, եթե Էրդողանի հետ ես բարեկամություն անում, ինքնիշխան ես». այդ տրամաբանությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Դուք միգուցե հավատում եք, որ թուրքերի հետ հնարավոր է բարեկամություն անել, բայց ես էլ ձեզ՝ որպես մասնագետ, ասում եմ՝ սխա՛լ է, դուք սխալ եք պատկերացնում Թուրքիան ու նրա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
- Հայ ժողովուրդը քանի՞ անգամ կարող է խաբվել։ 19-րդ դարում խաբվի, 20-րդ դարում խաբվի, հիմա 21-րդ դարում էլի՞ խաբվի ֆրանսիական պարֆյումին ու անգլերեն գրառումներին։ Պետք է հասկանանք մեր շահը։
- Որևէ ադրբեջանցի պաշտոնյայի կողմից երբևիցե լսվել կամ գրվե՞լ է, որ Հայաստանի տարածքը 29 743 ք/կմ է։ Այսինքն՝ նրանք չեն ճանաչում նույնիսկ Փաշինյանի ասած Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
- Փաշինյանական մտավարժանքի ուղուն հետևելը շատ բարդ է, ու դրանք մեկնաբանելը հատում է բարոյականության կարմիր գծերը։ Անձի պաշտամունքն ու բռնապետությունն առաջինը ծնվում են բռնապետի ուղեղում, և իր մասին երրորդ դեմքով խոսելը տիպիկ բռնապետական դրսևորում է։ Պետությունը զոհում են հանուն անձի։ Իր վարչապետ լինելու համար Փաշինյանը զոհել է ամեն ինչ, և կարո՞ղ ենք ենթադրել, որ իր՝ վարչապետ մնալու համար նա էլի բաներ է զոհելու ու կատարելու է թուրքական բոլոր նախապայմանները. իհա՛րկե կարող ենք ասել։ Նա իր անձն ավելի է կարևորում, քան պետությունը։
- Դու ֆորպոստի վարչապետ չէիր, որ դարձար Հայաստանի վարչապետ, դու հիմա թուրքական վիլայեթի վարչապետ ես։ Երբ դու ֆորպոստի վարչապետ էիր, ասում էիր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա, երբ Հայաստանի վարչապետ ես, ոչ թե ֆորպոստի, Արցախը Ադրբեջան է, և վե՞րջ»… Սա է քո տրամաբանությունը։
- Բոլորը տեսան, որ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմամբ տեղի ունեցավ իրավական հետապնդում հայազգի գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Հետևաբար՝ պետք է ֆիքսել, որ Փաշինյանն ավտորիտար բռնապետ է։ Բայց եթե այդ անձը զոհել է պետությունը, կարծում եք՝ նա պետք է կանգ առնի Սամվել Կարապետյանի, Վեհափառի կամ մեկ այլ անձի նկատմամբ գործողություններ անելո՞ւց։ Ցանկացած ուժ, անձ, որ դեմ է նրա արատավոր ընկալումներին, դառնում է թիրախ։ Փաշինյանը դարձել է իր այն հոդվածների հերոսը, որոնցում քննադատում էր զանգովի արդարադատությունը, ծախու մտավորականներին, հասարակության այլ արատավոր բարքերը։
Մանրամասները՝ տեսանյութում։