
Փաշինյանը վա բանկ է գնում, նա շարունակում է մնալ ընդդիմադիր տարերքի տրամաբանության մեջ․ Հակոբ Բադալյան
Մենք գործնականում տեսնում ենք, թե ինչ են ասում այս իշխանությունները, և ինչի վրա է կատարվում հիմնական խաղադրույքը, այսինքն՝ ստեղծել բևեռացված դիմակայություն և խաղալ դրա վրա։ Բովանդակային իմաստով նրանք որևէ ասելիք չունեն, և ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական և անվտանգային ոլորտներում չկան շոշափելի հաջողություններ։ Սա դեռ մի կողմ, կան սարսափելի և աղետալի տապալումներ՝ սկսած Արցախից, մինչև ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում տապալումները։ Դրանով հանդերձ՝ կա տապալման քաղաքական փիլիսոփայություն, որ եթե մենք խոսենք մեր իրավունքների մասին, դա մեզ համար վտանգներ կբերի, հետևաբար՝ մեր պաշտպանությունը մեր իրավունքներից հրաժարվելն է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
«Այս ամբողջ տեսանելի պատկերը պետք է քողարկել, իրավիճակը նենգափոխել։ Դրա միջոցը հենց բևեռային դիմակայություն ստեղծելն է՝ ներսում նաև որոշակի արտաքին հայեցակետով, այն է՝ նախկինների տրամաբանությամբ։ Հիմա հասցեն փոքր-ինչ փոխվել է, այսինքն՝ եկեղեցին է հայտնվել թիրախում, նաև՝ Սամվել Կարապետյանի թիրախավորման գործընթաց կա։ Իհարկե, այս ամենը տանում են Ռուսաստանից եկող՝ ինքնիշխանության սպառնալիքի խաղադրույքը խաղարկելու սցենարով։ Տեսնում ենք պարտությունը հաղթանակի փոխարկելու քաղաքական նենգափոխումն ու արժեհամակարգային ծանր երևույթը։ Որպեսզի դու կարողանաս այս ամենը ներկայացնել քո ընտրազանգվածին, պետք է ցույց տաս, որ այն, ինչ ապրել է Հայաստանը մինչև պատերազմը և Արցախի կորուստը, եղել է պարտություն»,- ասաց վերլուծաբանը:
«Ասում են՝ Հայաստանի հաղթանակն այն է, ինչը տեղի է ունեցել պատերազմի և Արցախի կորստի հետևանքով։ Ակնհայտորեն վարկաբեկվում է արցախյան շարժումը, այն ներկայացվում է՝ որպես ՀՀ-ի անկախության դեմ ինչ-որ ԿԳԲ-ական նախագիծ։ Եթե անգամ մենք ենթադրենք, թե այն իրոք ԿԳԲ-ական նախագիծ էր, Հայաստանն այդ նախագծում դուրս է եկել հաղթանակած՝ թե՛ վարկանշային, թե՛ հասարակական էներգետիկայի, թե՛ մնացած բոլոր առումներով։ Տեսնում ենք, որ նախընտրական տրամաբանության մեջ, երբ այլ ասելիք չկա, արվում է այս փոխակերպումը։ Եվ այս վտանգները ոչ միայն քաղաքական, այլև բարոյական և արժեքային դաշտում են, երբ հաղթանակն ու պարտությունը տեղերով փոխվում են»,- նշեց հանրային գործիչը:
Բադալյանի պնդմամբ՝ իրավիճակն այն փուլում է, երբ Նիկոլ Փաշինյանը գործում է վա բանկ տրամաբանությամբ. «Ընտրազանգվածին այլ բովանդակությամբ ասելիք չկա, և նրան պետք է տալ այն, ինչը լավագույնս սպառվում է, այսինքն՝ դիմակայությունը։ Դա Փաշինյանի տարերքն է, նա շարունակեց մնալ ընդդիմադիր տարերքի տրամաբանության մեջ։ Հիմա էլ է փորձում դա խաղարկել և օգտագործել՝ նախընտրական շրջանում գերակայության հասնելու համար։ Սա ենթադրում է բևեռացված դիմակայության ստեղծում։ Կարծես թե փորձ է արվում ստեղծելու մի իրավիճակ, երբ ընդդիմադիր դաշտի ապակենտրոնացվածությունն այս կամ այն կերպ պետք է խմբվի մեկ բևեռի մեջ։ Որոշակի հետևություններ կարելի է անել Գյումրիում ընտրությունների արդյունքից, երբ ապակենտրոնացված տրամաբանությամբ հնարավոր եղավ իշխանության հանդեպ որոշակի հաջողության մոդել խաղարկելու։ Այս մոդելից որոշակի տագնապ գուցե կա նաև խորհրդարանի ընտրության առումով»:
«Պետք չէ նույնացնել Գյումրիի և համապետական ընտրությունները, բայց զուտ տրամաբանության առումով՝ ապակենտրոնացված ընդդիմադիր վիճակը Փաշինյանի մոտ ստեղծում է որոշակի տագնապի և անհանգստության առիթներ։ Փորձ է արվում այս խնդիրը լուծելու՝ ուժգին բևեռացված դիմակայություն ստեղծելով։ Սամվել Կարապետյանի հանգամանքը Փաշինյանի համար ավելի շատ կապիտալի խնդիրն է։ Նա խոշոր կապիտալի կրող է, և կապիտալի դիրքավորումը նախընտրական շրջանում առավել քան կարևոր է։ Նա փորձ է անում գերակայության հասնելու այդ կապիտալի նկատմամբ»,- ամփոփեց Հակոբ Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում