
Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ չի եղել դեպք, որ գլխավոր դատախազն ինքն անձամբ հաղորդում ներկայացնի մասնավոր անձի դեմ. Արթուր Ղամբարյան
«Երբեք չի եղել, որ գլխավոր դատախազը ոչ միայն հաղորդում տա, այլև քրեական վարույթ հարուցի մասնավոր անձի վերաբերյալ։ Չի կարող անմիջական վերադասի տված հաղորդմամբ հարուցված քրեական վարույթը հսկող դատախազն այլ գնահատական տալ այդ գործին»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը՝ անդրադառնալով փաստաբան Արամ Վարդևանյանի այն հայտարարությանը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անձամբ է հաղորդում ներկայացրել ռուսաստանաբնակ գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում հսկող դատախազը հայտնվում է դժվար կացության մեջ, որովհետև իր վերադասը դրան արդեն գնահատական տվել է։
«Ի դեպ, ըստ տեղեկությունների՝ գլխավոր դատախազի հաղորդումը դատավորը դրել է կալանքի հիմքերի մեջ։ Դա ծիծաղելի է»,- ասաց Արթուր Ղամբարյանը:
Նշենք, որ որևէ քրեական վարույթի նախաքննության ավարտից հետո գործն ուղարկվում է Դատախազություն, որպեսզի համապատասխան եզրակացությամբ այն ուղարկվի դատարան: Դժվար է պատկերացնել, որ կգտնվի մի դատախազ, ով ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործին բացասական եզրակացություն կտա կամ ընթացք չի տա:
Մանրամասները՝ տեսանյութում: