
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:
Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանից ու Սփյուռքից թեմակալ առաջնորդներ,Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կողմից կազմակերպված համահայկական ուխտագնացության եկեղեցասեր երիտասարդներ և բազում հավատացյալ հայորդիներ։
Իր քարոզում Սրբազան Հայրն անդրադարձավ խոնարհության առաքինությանը որպես հոգևոր կյանքի առանցք՝ ընդգծելով, որ խոնարհության կենդանի և կատարյալ օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Ով ուղեկից է ամենքին հոգևոր կյանքի ընթացքում։
«Սիրելի հայորդինե՛ր, Տերը հրավիրում է ամենքիս պայծառակերպության։ Խնդրենք Աստծուց, որպեսզի բացի մեր հոգու աչքերը՝ տեսնելու ճշմարիտը, տեսնելու այն, ինչ սուրբ է և վստահված է ամենքիս Տիրոջ կողմից», – ասաց Հովնան արքեպիսկոպոսը՝ հորդորելով հավատցյալներին անհատական և հավաքական կյանքում ամրագրել աղոթքի մղումը, համերաշխության, եղբայրության ոգին ու գիտակցությունը։
Ապա, իր խոսքն ուղղելով համահայկական ուխտագնացության մասնակից եկեղեցասեր երիտասարդներին, Հովնան Սրբազանը կարևորեց Հայաստանի և Սփյուռքի հայորդիների համախմբումը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում։
«Սուրբ Էջմիածինը ներշնչում է մեզ խոնարհվելու մեր սրբազան ավանդույթների առջև, Սուրբ Էջմիածինը մեր առջև բացում է լուսավորյալ կյաքնի ճանապարհը՝ նոր թռիչք տալով ձեր ծաղկյալ հոգիներին և իղձերին, որպեսզի ինչպես այսօր և հավիտյան միավորի աշխարհասփյուռ հայությանը՝ դառնալով ոգեշնչման աղբյուր մեր զավակների և գալիք սերունդների համար», – նշեց Հովնան Սրբազանը՝ պատգամելով ամենքին ծառայության բարձր գիտակցությամբ կամուրջ լինել Հայրենիքի ու Սփյուռքի միջև։
Համահայկական ուխտագնացության մասնակիցների անունից Սրբազան Հայրն իր որդիական սերն ու երախատգիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին՝ ՀԵՀԵՄ-ի հիմնադրման, հայրական օրհնության ու հոգածության համար։
Վերջում Հովնան Սրբազանը պատգամեց հավատավոր ժողովրդին և երիտասարդներին Հայրենիքով ներշնչված, Սուրբ Էջմիածնով զորացած ամուր փարվել մեր սրբություններին, միմյանց նկատմամբ անվերապահ սիրով հաղթահարել փորձությունները և առաջնորվել դեպի կենարար լույսը։