Հիպնոսի միջոցով կարո՞ղ են խաղամոլությունից ազատվել, բացահայտել դավաճանությունը․ Հոգեբանի պարզաբանումը

Հիպնոսն օգտագործվում է որպես մարդու առողջական վիճակի բարելավման և ներքին ուժերի ակտիվացման միջոց: Արդյո՞ք այն կարող է պայքարել դեպրեսիայի, սթրեսի դեմ կամ բժշկել։ Այս մասին զրուցել ենք Խ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան, հոգեթերապևտ Սիրինա Առաքելյանի հետ։

– Ո՞վ և ո՞ր դեպքում է ենթարկվում հիպնոսի։

– Չկան կոնկրետ ցուցումներ, թե որ դեպքում կարելի է հիպնոթերապիայի միջոցով աշխատել։ Այն մյուս հոգեբանական միջամտությունների հետ զուգորդվող յուրահատուկ մեթոդ է, որը, համաձայն տարբեր հետազոտությունների, ավելի մեծ արդյունավետություն է ապահովում կոնկրետ խնդիրների, օրինակ, կախվածությունների դեպքում։ Հիպնոսը յուրահատուկ մեթոդ է և հնարավորություն է տալիս պրոցեսն արագացնել, խորքային վերլուծությունների միջոցով այդ ամենն անել։

– Խաղամոլները, թմրամոլները հիպնոսի ենթարկվելուց հետո կազատվե՞ն կախվածությունից։

Կարդացեք նաև

– Հիպնոսը, ինչպես մյուս հոգեբանական տեխնիկաները, չունի երաշխիքներ, որ այս կամ այն մեթոդը կիրառելով՝ հնարավոր է հաղթահարել այս կամ այն խնդիրը։ Տեխնիկա է, որը լայն հնարավորություն է տալիս և, այո, հիպնոթերապևտի կողմից աշխատանքի դեպքում, ինչպես նաև այլ ոլորտի մասնագետների հետ աշխատանքով դրական արդյունքներ լինում են և շատ ավելին, քան կարելի էր ենթադրել։

Կան կոդավորման տարբերակներ, որոնք շատ արդյունավետ են։ Կարևոր է նաև միջավայրը։ Եթե այնպիսի ընտանիք կամ շրջապատ է, որտեղ ծաղկում է այդ երևույթը, որևէ հոգեբանական աջակցություն դժվար թե խնդրի լուծման հնարավորություն տա։

– Հիմնականում կախվածություն ունեցող անձին ընտանիքի անդամնե՞րն են բերում հոգեբանի մոտ, թե՞ ինքնուրույն են գալիս։

– Որպես կանոն, ահազանգերը լինում են ընտանիքի անդամների կողմից։ Հաճախ հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց քննադատականությունը ցածր է լինում, և կարող են սեփական խնդիրները չտեսնել, այդ թվում՝ նաև կախվածության խնդիրը չեն նկատում։ Թեկուզև ալկոհոլային կախվածության կամ խաղամոլության դեպքում շատերն ասում են՝ երբ ուզում եմ՝ խաղում եմ, չեմ ուզում՝ չեմ խաղում։ Կամ ուզում եմ՝ խմում եմ, չեմ ուզում՝ չեմ խմում։ Այսինքն, քիչ քննադատական վերաբերմունք է լինում իրենց խնդրի հանդեպ։ Իսկ շրջապատն ավելի հստակ է տեսնում խնդրի առկայությունը, և իրենց կողմից է լինում ահազանգը, բայց մինչև անձը, ով կոնկրետ խնդիր ունի, չորոշի, հստակ դիրքորոշում չունենա, որ կարող է այդ խնդիրը լուծել, ադեկվատ հոգեբանական աջակցություն չի ցուցաբերվում։ Այսինքն, երբ հարազատներն են փորձում բերել, բայց մարդը դեմ է, հոգեբանը չի ընդունում։ Դա և՛ անարդյունավետ կլինի, և՛ մարդու կամքի վրա բռնություն կլինի։ Մարդը պետք է ցանկանա, որ այդ փոփոխությունը լինի։

Մարդուն հիպնոսի ենթարկելու համար բժշկի կողմից թույլտվություն պե՞տք է, թե՞ կարող է մոտենալ հոգեթերապևտի, ու այն կիրականացվի։

– Ցանկացած հոգեբանական խնդրի դեպքում պետք է նախ հստակեցնել՝ դա հոգեբանի՞ աշխատանքի ոլորտն է, թե՞ բժշկական։ Հաճախ հոգեբաններն անտեսում են սեփական մասնագիտության սահմաններն ու դրա հնարավորությունները։ Կան ախտաբանական դրսևորումներ, որոնց դեպքում հոգեբանի միջամտություն չի կարելի։ Որոշ դեպքերում պետք է աշխատեն հոգեբույժը և հոգեբանը՝ հոգեբույժի ցուցումով։ Այն բոլոր դեպքերում, երբ հոգեբանական միջամտության հակացուցում կա, ուրեմն հիպնոսն առավել ևս չպետք է կիրառվի։ Օրինակ, եթե էպիլեպսիայի դեպքում մարդն ունի հոգեբանական խնդիրներ՝ կապված սոցիալ-հոգեբանական միջավայրի հարմարվողականության հետ, այս դեպքերում հոգեբանի աշխատանքը կարելի է, բայց հիպնոսի կիրառումը հակացուցված է։

Կա՞ հստակ տարիք, որից սկսած մարդուն թույլատրվում է հիպնոսի ենթարկել։ Օրինակ, երեխաներին կարելի՞ է հիպնոսի ենթարկել։

Հարցը ոչ թե տարիքն է, այլ աշխատանքի բնույթը։ Երեխաներին հիպնոսի ենթարկելու նպատակը ո՞րն է։ Շատ ավելի արդյունավետ աշխատանքի մեթոդներ կան։ Հիպնոսն ինքնանպատակ բան չէ։ Հենց այնպես մարդուն հիպնոս չեն անում։ Հիպնոսն այն յուրահատուկ բանալին է, երբ մարդու մոտ կա հսկայական դիմադրություն՝ սեփական մտքերի, հիշողությունների նկատմամբ, որտեղ բոլոր այլ մեթոդներն ի զորու չեն։

– Հիպնոսի միջոցով հնարավո՞ր է վանել կպչուն մտքերը, վախերը։

Հիպնոթերապիան ուղղված է նման աշխատանքներ կատարելուն, այդ թվում՝ նաև հիպնոսի միջոցով։ Ավելի արդյունավետ և արագ է լինում։ Մեր ժողովուրդը մի քիչ ավելի արագ արդյունքների է հակված։ Հոգեբանական աշխատանքի առումով անհամբեր է, շատերը հակված չեն երկարատև հոգեվերլուծական բնույթի աշխատանքի։

Մեր հասարակությունը շատ ավելի սուր վիճակներում է դիմում հոգեբանի։ Երբեմն վիճակը խորացած է լինում ու բժշկական միջամտության կարիք է լինում։

Դեպրեսիան տարիներ է տևում, մի քանի ամսում հնարավո՞ր է բուժել։

– Նայած՝ ինչ դեպք է։ Երբեմն հոգեբուժական միջամտություն է պահանջվում։

– Որքանո՞վ է հիպնոսն արդյունավետ հիվանդությունների բուժման դեպքում։ Օրինակ՝ բրոնխիալ ասթմա, մեջքի ցավ․․․։

Բրոնխիալ ասթման հոգեսոմատիկ բնույթի խանգարում է, որքան էլ զարմանալի լինի։ Կան նաև հոգեբանական բնույթի ցավերի տեսակներ, այսինքն՝ ցավերը մարդիկ զգում են հոգեբանական պատճառներով․ կարող են լինել ողնաշարի հատվածի ցավեր, գլխացավեր։ Եվ նման դրսևորումը բացատրվում է մարդու մոտ կուտակված, չգիտակցված խնդիրների և լուծում չտեսնելու արդյունքում։ Նման դեպքերում հոգեթերապիան օգնում է։ Բայց եթե մարդն ունի ողնաշարի խնդիր, իրական մարմնական խնդիր, ընդամենը կարող է այդ պահին թեթևացնող մի բան լինել։

Հոգեբանական միջամտությունների կարևոր սկզբունքներից մեկն ախտանշանների բնույթը պարզելն է, ճիշտ ախտորոշում դնելը։ Եթե մարդն ունի ողնաշարի ցավ ու կարծում է, որ սա պայմանավորված է հոգեբանական պատճառներով, պետք է ամեն դեպքում ենթարկվի բժշկական հետազոտության, որպեսզի ժխտվի ցավերի մարմնական հիմքը, ապա նոր հոգեբանն իրավասու լինի միջամտել։ Օրինակ, սրտի աշխատանքի որոշակի խանգարում, շնչարգելություն և այլ ախտանշաններ հանդիպում են նաև էնդոկրին բնույթի խանգարումների ժամանակ։

Նշեմ նաև, որ մարդկանց հսկայական քանակ թյուր պատկերացում ունի հիպնոսի կիրառման նպատակադրության մասին։ Հաճախ դիմում են հիշողության վերականգնման կամ ինչ-ինչ ճշմարտություններ բացահայտելու խնդրանքով։ Լինում է, որ զանգում ասում են՝ կինս ինձ դավաճանել է, հիպնոսի միջոցով հնարավո՞ր է պարզել՝ դավաճանե՞լ է, թե՞ ոչ։ Նախ էթիկական առումով դա ոչ տեղին պնդում է, և հետո հիպնոսը յուրահատուկ հոգեվիճակ է, որը հաճախ զուգորդվում է ներշնչողականության բարձրացմամբ։ Կա թյուր պատկերացում, որ հիպնոսի ժամանակ հնարավոր է ճշմարտությունն իմանալ։ Այդպես չէ։ Հիպնոսը քնանման վիճակ է, որի ժամանակ գիտակցությունը չի անջատվում։ Գիտակցությունը գերպասիվանում, բայց չի անջատվում, և մարդը իր ես-ը վերահսկողության տակ է պահում։ Եվ եթե հակաբարոյական կամ իր անձին դիպչող որևէ բան ասեք կամ անեք, մարդու գիտակցական վիճակն այդ պահին վերադառնալու է։

Կա մեկ այլ վտանգ․ մարդն այդ վիճակում կարող է ներշնչողական լինել, և նույնիսկ սովորական հարցը՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ, մարդը, եթե հատկապես ունի վառ երևակայություն, կարող է ներշնչել, որ եղել է, ունենա մեղքի զգացում։ Ե՛վ բարոյական չէ, և՛ հոգեբանի աշխատանքի սկզբունքներին դեմ է որևէ մեկի անձնական տվյալները ինչ-ինչ ձևով վեր հանել և այլ նպատակների համար օգտագործել։

Հիշողության լավացման համար ևս դիմում են հիպնոսիասում են՝ տանենք, որ անգլերեն լավ խոսի, մաթեմատիկայի խնդիրները լավ լուծի։

– Կա հիպնոպեդիա կոչվող երևույթը, որը հաճախ շփոթում են հիպնոսի հետ։ Իրականում ֆիզիոլոգիական քնի վիճակում սովորելու պրոցեսի վերաբերյալ հետազոտություններ կան, որոնք հիմնավորել են, որ քնի վիճակում ինֆորմացա տալն արդյունավետ է։ Մեխանիկորեն սկսում են հիշել։ Հիպնոսի վիճակում ևս ենթադրաբար կարող է դաջվել հիշողության մեջ կոնկրետ բնույթի ինֆորմացիա։ Սակայն կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ է, երբ մարդը գիտակցական վիճակում և ինքնուրույն, իմաստավորված ձևով է կրթական պրոցեսը կազմակերպում։

– Գոյություն ունի՞ զանգվածային հիպնոսերբ այնպիսի բառեր են օգտագործում, որ հիպնոսի են ենթարկում ժողովրդին։

– Զանգվածային կամ խմբային հիպնոս ևս հնարավոր է։ Շատերը տեսել են՝ բեմական հիպնոս կոչվածը հենց զանգվածային հիպնոսն է։ Այստեղ կա սկզբունքների, տեխնիկայի և էթիկայի տարբերություն։

Մասսայական հիպնոսի դասական օրինակ է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և այդ ընթացքում Հիտլերի ելույթները, երբ կոնկրետ վարք էր թելադրվում։ Նույնիսկ մարդկանց զանգվածային շարժն էր կոնկրետ ձևով կազմակերպվում։

– Կարծես մեզ մոտ էլ է կիրառվում։

-Փորձեր բոլոր դեպքերում արվում են։ Հաճախ տարբեր անձանց կողմից տարբեր նպատակներով մանիպուլյատիվ հնարքներ են կիրառվում, ոչ թե հիպնոսի ենթարկելու հնարքներ։

Կամքի ուժ ունեցողները ենթարկվո՞ւմ են հիպնոսի։

– Ինչո՞ւ ոչ։ Հիպնոսի վերաբերյալ թյուրըմբռնումներից մեկն է, որ կամքի ուժ ունեցող մարդը չի ենթարկվում։ Հաճախ ինտելեկտի հետ են կապում։ Ընդհակառակը, հոգեթերապևտիկ բնույթի աշխատանքների դեպքում շատ ավելի կամային, լավ ինքնագնահատական ունեցող մարդիկ ավելի հեշտ են ենթարկվում հիպնոսի։ Դժվար է լինում, երբ մարդն ունի սրված տագնապայնություն, տրավմա, արտահայտված վախեր՝ հատկապես կախված հիպնոսի հետ՝ սխալ տեղեկատվության և թյուրըմբռնման արդյունքում։

– Աճպարարներն են կիրառում բեմական հիպնոս ու այնքան են մարդուն ասում՝ քար ես, որ անշարժանում է։ Դա գալիս է ներշնչանքի՞ց։

– Այո, ներշնչանքից, բայց պատահական մարդ չի հայտնվում բեմում։ Փողոցում կարող են գնչուները ներշնչել ու մարդու հոգեվիճակը հօգուտ իրենց օգտագործել։ Կարող են ներշնչել ոչ հավաստի ինֆորմացիա։ Աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր ունեցել են մահվան ծրագրեր։ Այսինքն, անպատասխանատու մարդիկ ներկայացել են՝ որպես գուշակներ, եղել է, որ մարդը մտածել է՝ գուշակն ասել է, որ այդքան տարի պետք է ապրի, ուրեմն այդպես է։ Կարծում եմ՝ մարդու առողջության հետ առնչվող նման անպատասխանատու անձինք պետք է վերահսկողության տակ պահվեն, և օրենքի շրջանակներում որոշակի պատիժներ նախատեսվեն նրանց համար։

Տեսանյութեր

Լրահոս