Բիզնեսմեն դառնալու համար առաջինը «հոտառություն» է պետք և արածդ գործից հաճույք ստանալու ունակություն. Տիգրան Յուզբաշյան

 168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է «Կարաս» ազգային սննդի ցանցի հիմնադիրներից Տիգրան Յուզբաշյանը։

– 13-14 տարեկանից տանից գումար չեմ վերցրել. առաջին գործը, որն անում էի՝ ամսագիր-տեղեկատուի վաճառքն էր։ 7 դոլարով առնում էի, տանում տարբեր կազմակերպություններին վաճառում, իսկ վաճառքի 10 տոկոսն իմն էր։ Հիշում եմ՝ մի անգամ մտա Գերմանիայի դեսպանատուն ու վաճառեցի 50 դոլարով. դա ինձ համար այդ ժամանակ մեծ բան էր։

– Հայրս դասախոս է, հայտնի ֆիզիկոս, 170-ից ավելի աշխատությունների հեղինակ, ապահովված ընտանիք էինք, բայց ես դեռ 13-14 տարեկանից որոշում կայացրեցի՝ պետք է լինեմ ինքնուրույն, պետք է պապան ինձ այլևս չպահի։ Միևնույն ժամանակ՝ ես մշտապես լավ էի սովորում, հաղթում մաթեմատիկայի օլիմպիադաներում։ Հետո ընդունվեցի Երևանի պետական համալսարան. սովորեցի գերազանց, սովորելուն զուգահեռ՝ կողքից միշտ բիզնես էի անում՝ մանր-մունր գործեր. հիմնականում տապալվում էի։

Կարդացեք նաև

– Ասում են՝ մարդիկ սխալների վրա են սովորում, բայց իմ դեպքում մի տեսակ դրանք շատ էին։

– Ի՞նչն էր տապալումներից հետո ինձ առաջ տանում. Ղարաբաղցի եմ, երևի դրանից էր, իմ նպատակներն առաջ էի բրթում։

– «Կարաս» ազգային սննդի ցանց ստեղծելը հետաքրքիր մեկնարկ էր։ Աբովյան քաղաքում ես և ընկերս ընդմիջմանը քաբաբ կերանք և թունավորվեցինք, ինչից հետո որոշեցինք՝ ինքներս այսուհետ մարդկանց համով սնունդ տանք և դա անենք նորովի։

– Սիրում եմ ռիսկի դիմել՝ խելամիտ ռիսկի. դա այն է, երբ որոշմանդ տակ կան հաշվարկներ, որովհետև եթե հաշվարկ չկա, ստացվում է հիմարություն։

– Կանգնեցինք «Կարաս» բառի վրա, որովհետև և՛ կարճ էր, և՛ հեշտ էր արտաբերվում տարբեր լեզուներով, և՛ հայկական էր։ Իսկ ինչո՞ւ ազգային, որովհետև հիմնականում մատուցում էինք ազգային ուտելիքներ՝ խորոված, քաբաբ… իհարկե, հետո մեր մենյուն հարստացավ։ Մենք որոշեցինք, որ պետք է առաջարկենք հարուստ մենյու՝ խելամիտ գներով։

– Եթե այս գործից հաճույք չստանաս, իմացի՛ր՝ մեկ-երկու տարի հետո տապալելու ես։

– Ցանկացած կառույցի լոկոմոտիվը կադրերն են։

– Չեմ ընդունում սուտն ու գողությունը։

– Բիզնեսմեն դառնալու ամենաառաջնային բանը «հոտառությունն» է, ապա արածդ գործից հաճույք ստանալու ունակությունը։

– Ես հաճույք եմ ստանում այն ամենից, ինչ անում եմ, հաճույքով եմ գնում առաջ։

– Ինչ խորհուրդ կտամ երիտասարդների՞ն, կասեմ, որ ցանկացած տեղ, որտեղ աշխատում եք, նվիրվեք ամբողջությամբ։ Դա անպայման կգնահատվի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս