Սամվել Կարապետյանի դեմ արշավը հարված է նաև համահայկական ներուժին. Արտակ Զաքարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գործարար Սամվել Կարապետյանն իր խոսքով ընդամենը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու դեմ տեղի ունեցող գործողությունների նկատմամբ։ Նա ասել է, որ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի պաշտպանել Եկեղեցուն, իրենք նաև իրենց ձևով են մասնակցելու Եկեղեցու պաշտպանությանը՝ նկատի ունենալով հանրային ճնշումը։ Հիմա սրանք վերցրել ու իշխանության զավթման կոչերի հոդված են դրել։ Թե դա ի՞նչ կապ ունի իշխանության զավթման հետ։
  • Եկեղեցու ուժն ու ազդեցությունը հասկանում են նաև դրսում։ Հետևաբար՝ շատ հավանական է, որ Շվեյցարիայում Արցախի քրիստոնեական կոթողների քանդման դեմ կազմակերպված միջոցառումը դուր չի եկել Նիկոլի տերերին ու պատվիրատուին, և հենց այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Երբ ինչ-որ ռուս լրագրող կարծիք է հայտնում, համարում են միջամտություն Հայաստանի ներքին գործերին, բայց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի ասածը որպես միջամտություն չեն ընդունում։ 

Հիշեցնենք, Փաշազադեն հայտարարել էր. «Հայերի` աշխարհի առաջին քրիստոնյաների միակ նպատակը քրիստոնեության պատմության մասին կեղծ փաստարկների օգնությամբ «Մեծ Հայաստանի» երազանքին աջակցելն էր»։ Նա նշել էր, թե իբր հայկական կրոնական շրջանակները, հաստատվելով Էջմիածնում` «պատմական ադրբեջանական հողերում», զբաղված են իրենց կրոնական ներկայացուցչություններ ստեղծելով այն տարածքներում, որոնք իրենց չեն պատկանում։ Փաշազադեն նաև  հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը՝ որպես ադրբեջանական տարածք»։

Կարդացեք նաև

ՔՊ-ականների, Փաշինյանի բառերը նույն Փաշազադեի բառերն են:

  • Հայկական ներուժ ասվածի մեջ կան քաղաքական ու տնտեսական կապեր, բարեգործություն, տարբեր ենթակառուցվածքներում ներդրումների խնդիրներ, սոցիալական պատասխանատվություն, ամեն ինչ, և Նիկոլի հիստերիան հարված է հենց հայկական ներուժին։ 
  • Չի բացառվում, որ ՀԷՑ-ի դեմ արշավն արտաքին հետք ունենա։ Հաջորդը լինելու է գյուղատնտեսության զավթումը, ատոմակայանի փակման խնդիրն են դնելու։ Մեր ոխերիմ հարևանները Հայաստանին զրկելու են Հայաստանի՝ սեփական կարիքներն ինքնուրույնաբար հոգալու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ ռուս հայտնի քաղաքագետ, վերլուծաբան Անդրեյ Արեշևը հոդված էր հրապարակել և գրել. 

«Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաև նույն թուրքերին Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերության ակտիվ) վերավաճառքի ուղղությամբ:

Կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի հայկական ատոմակայանի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքվում և Անկարայում, որին կհաջորդի Հայաստանի առավել խիտ ընդգրկումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերում: Իհարկե, այս բոլոր կոմբինացիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն էլ ակնհայտորեն անմասն չեն մնա:

Սամվել Կարապետյանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավը նախապես է գործարկվել, ինչը վկայում է ավելի լայն և համակարգված ջանքերի մասին, որոնք, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» և Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն են»:

  • Ինձ համար մեծ ցավ էր, երբ դատարանում տեսնում ես՝ դատական նիստ է, ավարտվում է, դուրս է գալիս հաղթանակներ կերտած ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և նույն այդ դահլիճում սկսվում է ՀՀ 3-րդ նախագահ, մեր բոլոր հաղթանակների ակունքներում գտնվող մարդու՝ Սերժ Սարգսյանի դատը։ Ուզում ես ակամայից հարցնել՝ մենք ի՞նչ էինք արել Աստծուն, որ մեզ պատժում են վասալների այս խմբով։ Նայում ես Բաքվի «դատը», հայկական ներուժի մի մեծ խումբ «դատվում է» թշնամի երկրում
  • Թուրքիան և Ադրբեջանն այս տարածքում չեն ճանաչում և չեն ընդունելու Հայաստանի Հանրապետություն, եթե հարցը մնաց իրենց։ Մեր քաղաքականությունը միշտ եղել է բալանսավորված։ Եթե գայլն է գառան պահապանը, դժվար չէ պատկերացնել՝ ինչ է լինելու։ Սրանք քայքայում են Հայաստանի պետականության, հայ ժողովրդի ինքնության վերջին հիմնասյուները։
  • Էս կառավարիչների խումբը «հատուկ» վերաբերմունք ունի հաջողակ մարդկանց նկատամբ։ Իրենց կյանքը չի ստացվել, մուռը հանում են մարդկանցից, ովքեր կարողացել են ստեղծել։
  • Սրանք հասել են 10-12% ռեյտինգի։ Հասկանում են՝ դրանով ընտրության գնալ չեն կարող, կրկին սկսել են մարդկանց թշնամացնել իրար հետ։ Եթե արժանապատվություն ունեք, մտածում եք ձեր ու ձեր սերունդների ապագայի մասին, մտածելու բան ունեք, ժողովուրդ, հակառակ դեպքում, եթե ձեր նպատակն ուտելն է ու դրա հետևանքներով զբաղվելը, գնացե՛ք Նիկոլի հետևից։ 
  • Սամվել Կարապետյանին կալանք տվող երեկվա դատական նիստից պարզ չէ՞ր, թե ինչպիսի ընտրություն է կազմակերպելու Նիկոլը 2026 թվականին։
  • Աշխարհում վաղուց արդեն «եվրոդիտորդ» հասկացություն գոյություն չունի։ Կան միայն չոր հաշվարկներ ու շահեր։ Եթե պետք է, որ 10 միլիոնանոց Իսրայելը հաղթի 80 միլիոնանոց Իրանին, ուրեմն կհաղթի։ Հրթիռների լեզվով խոսող միջազգային հարաբերություններում թղթի կտորի վրա «խաղաղություն» գրելով՝ խաբես ժողովրդիդ, հետո մտնես բունկեր ու էլի գոռաս՝ եկել է քաղաքացու վրեժի ժամանա՞կը..Դու ինձ չես հետաքրքրում, բայց պատկերացնո՞ւմ ես՝ եթե եկավ ժողովրդի վրեժի ժամանակը, քեզ հետ ի՞նչ է լինելու։

  • Կան վերլուծություններ, որ Ադրբեջանը չի ուզում թուղթ ստորագրել, ու Թուրքիան է ստիպում Ադրբեջանին ստորագրել։ Դա նշանակում է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը լինելու են Թուրքիայի ձեռքի տակ, և Թուրքիան է հավակնություն ունենալու Հարավային Կովկասում քաղաքական գերակայություն ունենալ։
  • Չի բացառվում՝ Իսրայելի հաջորդ թիրախը լինի Թուրքիան։ Թուրքերը դա հասկանում են։ 
  • Վերջին 7 տարիներին մեզ հետ պատահած բոլոր վթարների պատճառն ու մեղավորը Փաշինյանն է։ Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ Սյունիքի ու Վարդենիսի բնակիչները սերունդներով մտածեն Սյունիքն ու Վարդենիսը պաշտպանելու մասին։ 
  • Նիկոլի առաջ շարունակաբար դրսից նոր խնդիրներ են դնում, և Նիկոլի իշխանությունը ծառայում է այդ խնդիրների լուծմանը։
  • Հայ ժողովուրդը շատ արագ միավորվելու է ու օգտվի նոր աշխարհի ընձեռած հնարավորությունից։ Բայց առայժմ բոլորը Նիկոլի միջոցով են մեզ խաբում։ Մարդիկ պարտավոր չեն ամեն ինչի մեջ խորանալ, բայց գոնե պիտի չխաբվեն։ Եթե Նիկոլը 10 անգամ քեզ խաբել է, 11-րդ անգամ ինչի՞ ես լսում, հավատում ու շանս տալիս։ Եթե ուզում ենք պետություն ունենալ ու գործոն դառնալ, Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի երկրի ղեկին, հակառակ դեպքում նույնիսկ 100 000 ադրբեջանցու վերաբնակեցման դեպքում այստեղ լինելու է կառավարման ձևի փոփոխություն, ունենալու են ադրբեջանցիների ֆրակցիա ԱԺ-ում, կապիտալը լինելու է թուրքական, ինչպես Բաթումում, լինելու է սոդոմ-գոմորային իրավիճակ…
  • Ես դեմ չեմ արտաքին ներդրումներին, և այո՛, թող նաև թուրքական կապիտալ լինի այստեղ, բայց ազգային իշխանության դեպքում։ 
  • Եթե դու Սամվել Կարապետյանի պես բարերարի ու այդ որակի բիզնեսմենի հետ ես նման կերպ վարվում, էլ ո՞վ կգա այստեղ։
  • Հասարակությանն ու ժողովրդին ընդհանրապես մեղադրել չի կարելի ոչ մի բանում։ Թող խոսողները բարի լինեն ավելի համոզիչ լինեն, ու ժողովուրդը կհավատա իրենց։
  • Այն իրավիճակը, որում գտնվում է երկիրը, մեզ թույլ չի տալիս սպասել 2026թ ընտրություններին։ Իրանում չգիտեին՝ ինչ է լինելու հունիսի 13-ին։ Իսրայելում էլ մայիսի կեսերին չգիտեին՝ ինչ է լինելու այսօր։ Բայց մենք հստակ գիտենք՝ ցանկացած պրոբլեմային իրավիճակում այս իշխանության հետ հայտնվելն աղետ է։
  • Բա Սահմանադրության մեջ վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի գործընթացի մասին ինչի՞ են գրել. որպեսզի ամեն ինչ տապալած մարդուն ասես՝ էս ի՞նչ ես անում։ Դրա համար իմպիչմենտի համար 3 օր ժամանակ է տալիս, որովհետև ամեն ինչ էլ հնարավոր է այդ ընթացքում։

  • Նիկոլն էլ է ուզում ժամանակ ձգել, տանել դեպի 2026թ. ընտրություն, որովհետև իմպիչմենտի գործընթացն իր համար էլ է ռիսկային։ Այս իրավիճակում ուղղակի պետք է, որ ընդդիմությունն Ազգային ժողովում միասնական կերպով հանդես գա։ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները շատ լավ հասկանում են՝ ինչ վիճակում է երկիրը, և լավ կլիներ, որ հենց իրենք նախաձեռնեին անվստահության գործընթացը։ Հիմա էլ ենք կոչ անում միանալ այդ նախաձեռնությանը։ Ոչ ոք չի ասում՝ հենց «Հայաստան» դաշինքը միացավ, վե՛րջ։ Իհարկե, ՔՊ-ն էլ է պետք։ Բայց ուրիշ բան է՝ մի հոգով գնաս ֆուտբոլ խաղալու, մեկ այլ բան՝ երեքով։ Չի՛ ստացվելու 2026թ. ընտրություններով, ավելի վատ է լինելու, քան 2021թ։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած թիվ նկարելու ու ցանկացած տիպի ընտրություն կազմակերպելու հնարավորություն է ունենալու։
  • Աստված անի՝ Իրան-Իսրայել պատերազմն ավարտվի քաղաքական հանգուցալուծմամբ, ու ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերն արդյունք տան։ ԱՄՆ-ի համար էլ հեշտ չի լինելու ուղիղ ներգրավվածություն ունենալ այս պատերազմի մեջ։ Ներգրավվել՝ նշանակում է ռեգիոնալ մեծ կատաստրոֆա, Իրանից մեծ թվով փախստականների արտահոսք, Ադրբեջանի գործի աճ ու Սյունիք ներխուժում, մեր էներգետիկ ու պարենային անվտանգությանը սպառնացող խնդիրներ։ Դեռևս պարզ չէ՝ Ռուսաստանն ինչ ներգրավվածություն կունենա։ Հետևաբար՝ հույս ունեմ՝ մինչև ամսվա վերջ քաղաքական հանգուցալուծում կլինի։ Եթե երկարեց, քաոսին երանի ենք տալու, որովհետև նույնիսկ քաոսը կարելի է կառավարել։ Այստեղ անկանոն Բրոունյան շարժում կլինի։ Հետևաբար՝ այստեղ խաղաղ, անցնցում իշխանափոխություն է պետք, որովհետև առաց թուրք-ադրբեջանական իշխանությունից կախվածության՝ ազգային իշխանությունը կարող է համադրելի շահերի տեսանկյունից ապահովել Հայաստանի բաժին անվտանգությունն ու քաղաքական շահեկան վիճակում հայտնվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս