«Չգիտեմ, հանրության բոլոր դժգոհությունները որ կետում կարող են դառնալ տրիգեր, բայց դա լինելու է. իշխանությունը երկար չի կարողանալու պահել կառավարման լծակները». Արթուր Գևորգյան

Հուլիսի 4-ին հայտնի դարձավ, որ Միքայել և Բագրատ սրբազանները, որոնք 2 ամսով կալանավորված են՝ 1-օրյա հացադուլ են հայտարարել։

«ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին, հայտարարում ենք մեկօրյա հացադուլ»,- նշված էր Քրեակատարողական հիմնարկից գրված սրբազանների ուղերձում։

Գյումրիում ցավով են հետևում սրբազանների շուրջ տեղի ունեցող այս գործընթացներին, մարդիկ, ովքեր ճանաչում են Միքայել սրբազանին, ասում են՝ նա բանտում է իր ճիշտ խոսքերի համար, որոնք Նիկոլ Փաշինյանը ցավով է ընդունում։

Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը կիսում է գյումրեցիների այդ կարծիքը, շեշտելով՝ նա բոլորի հայրն է այն իմաստով, որ նրա համար տարբերություն չկար գյումրեցու «սև» կամ «սպիտակ» լինելու մեջ, բոլորին համարում էր իր զավակները։

Կարդացեք նաև

«Միքայել սրբազանն ունենալով բավականին կտրուկ խոսելաձև, երբեմն էլ՝ շատերի համար անհասկանալի, միևնույն ժամանակ նա կամուրջները պահում է, իշխանությունների նման ամբողջովին չի այրում։

Իսկ ի՞նչ նպատակ ունեն իշխանությունները՝ այս քայլերն անելով. Մենք սովորաբար թերամտորեն ենք վերաբերվում օրվա իշխանություններին, որոնք լուծում են շատ բազմաշերտ խնդիրներ, ոչ թե ի շահ Հայաստանի, այլ ի շահ թշնամու։ Սրանք պրոֆեսիոնալ« խաղացողներ» են, որոնք ամեն անգամ ինչ-որ խաղաքարտեր են դնում սեղանին՝ հաշվի առնելով ընթացիկ զարգացումները, խաղաքարտերը համապատասխանեցնում են այդ գործընթացներին։

Նոր Սահմանադրություն են գրում, դրույթները պետք է համապատասխանեցնեն իրենց, հանեն եկեղեցու վերաբերյալ շատ դրույթներ, հիմա դրա առիթն են ստեղծում նաև»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Գևորգյանը։

Այս ամենին զուգահեռ, Արթուր Գևորգյանի դիտարկմամբ՝ իշխանությունը ոչ թե դադարեցնում, այլ ավելի է խորացնում Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը։ Այդ համատեքստում էլ սկսել է «զբաղվել» եկեղեցու այն հեղինակություններով, որոնք որպես հոգևորականներ՝ մեծ ժողովրդականություն են վայելում, և նրանց խոսքը ժողովրդի մոտ լսելի է։ Այդ հեղինակությունները Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանում» չկան։

«Ընդունենք փաստը, որ եթե մինչ այս պահը Հայ Առաքելական եկեղեցին իր բացառիկ դերն ու նշանակությունն է ունեցել մեր պետության հեռանկարի հետ կապված հարցերում, հիմա իրենք ուզում են թուլացնել մարդու խղճի, ազատության հետ կապված հարցերը։ Օրինակ, գլոբալիստներն ասում են՝ մարդուն կրոն պե՞տք է, թե՞ ոչ։ Այլ խոսքով՝ ուզում են մարդու արժեքային համակարգը թուլացնեն ու նրան սարքեն մեծապես ենթակա անձ։

Իրենք մեր Կաթողիկոսին պետական պահպանության ծառայությունից էլ զրկեցին։ Այս իշխանությունը վա-բանկ է խաղում, իսկ եկեղեցու դեմ, վստահ եմ՝ վա-բանկ խաղալ չեն կարող, որովհետև իշխանությունը եկեղեցու հետ կապված շատ հարցերում հաշվարկներ չի արել։ Մեկ պարզ օրինակ բերեմ՝ իշխանությունը նախկինում խաղացնում էր «նախկիններ» բառը՝ հասարակությանը կերակրելու համար, բայց Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավից հետո հասարակության մոտ այլևս այդ «խաղը» չի անցնում։ Նիկոլի համար այդ բառը լայն շրջանառում ուներ՝ որպես քաղաքական նարատիվ, հիմա դրանից էլ զրկվեց»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ կունենա իշխանությունների սկսած այս արշավը, Արթուր Գևորգյանը պատասխանեց՝ զարգացումների այս փուլում բոլորն առաջ են շարժվելու իրավիճակների կառավարման, այսինքն՝ սիտուատիվ մենեջմենթի սկզբունքով։ Իշխանությունը բացում է մի խաղաքարտ, որից հետո, ըստ դիմացինի գցած խաղաքարտի՝ դաշտ է նետում մեկ այլ խաղաքարտ։

«Նիկոլն ընդդիմության, Եկեղեցու, իր կուսակիցների հետ խաղում է վա-բանկ։

Եկեղեցին այն նժարն է, որին դիպչելը տաբու է, նույնիսկ այն մարդու համար, որը եկեղեցի չի գնում կամ չգիտի Տերունականը, բայց նույն եկեղեցու համար գնացել ու զոհվել է։ Հայ եկեղեցու ավանդույթների մեջ քրիստոնյա լինելն արժեք է, իսկ իշխանությունների այս քայլերը հենց այդ արժեքի դեմ են։ Ես չգիտեմ, թե հանրության բոլոր դժգոհությունները որ կետում կարող են դառնալ տրիգեր, բայց դա լինելու է։ Սակայն մեկ բան հաստատ չի լինելու, որ իշխանությունը երկար չի կարողանալու պահել կառավարման լծակները, եթե այսպես շարունակի»,- ընդգծեց Արթուր Գևորգյանը։

Հիշեցնեմ, որ հունիսի 26-ի գիշերը դատարանի որոշմամբ Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան պայքարի» առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2 ամսով՝ իբր «ահաբեկչություն նախապատրաստելու» համար։ Օրեր անց՝ հունիսի 28-ին, 2 ամսով կալանավորվեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Իշխանությունը նրան մեղադրում է «իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու» մեջ։ 

Տեսանյութեր

Լրահոս