
«Նիկոլը սարսափում է Սամվել Կարապետյանից. այդ հիստերիան, ջղաձգումները, խուլիգան վարքագիծը դրանով են պայմանավորված». Գագիկ Համբարյան
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի հետևում կանգնած ուժերն են որոշում՝ նա ինչ անի:
«Փաշինյանն ընդամենը կատարող է: Ենթադրում եմ, որ ամենօրյա իր կատարվելիք ծրագիրը ֆաքսով ինչ-որ կենտրոնից ստանում է, որտեղ ժամ առ ժամ գրված է, թե այդ օրն ինքն ինչ հակահայկական և հակահայաստանյան քայլեր է կատարելու: Այստեղ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հատկապես հետպատերազմյան շրջանում հաջողվեց անել մի բան, որը նրա իշխանությունը պահեց՝ հաշվի առնելով հայաստանյան հասարակության զգալի մասի քաղաքականապես անգրագիտությունը և պետական մտածելակերպից զուրկ լինելը: Հիմա, եթե նիկոլականների մոտ հարցում կատարեք, ասեք՝ նախկինները վերադառնան և մենք ունենանք ուժեղ պետություն, թուրքի կոշիկ լիզող չլինենք, թե Նիկոլը մնա, կասեն՝ Նիկոլը մնա. սա հենց պետական մտածելակերպից զուրկ լինելն է:
Հենց սրա վրա Նիկոլին հաջողվեց նախկին-ներկա շանտաժի միջոցով պահպանել իր իշխանությունը: Նիկոլի համար ամենամեծ սարսափը հիմա հենց այն է, որ Հայաստանի քաղաքական մարգինալացված դաշտում, որտեղ կա իրոք նախկին ու ներկա, կարող է հայտնվել երրորդ ուժ՝ մի մարդ՝ Սամվել Կարապետյանի նման, ով երբեք պաշտոն չի զբաղեցրել, երբեք պաշտոնի արդյունքում չի հարստացել, ընդհակառակը՝ այլ երկրում իր գործունեությունը ծավալելով, հաջողություններ ունենալով՝ այդ երկրից ստացած գումարները ներդրել է ՀՀ տնտեսության մեջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Երեկ տեղի ունեցավ բազմահազարանոց հավաք և երթ՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող և ԱԱԾ մեկուսարանում պահվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանի: Երթին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ Հայաստանի տարբեր հատվածներից: Սամվել Կարապետյանն էլ ուղերձ փոխանցեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ. «Ես պատրաստ եմ անցնել պայքարի ճանապարհով՝ հանուն մեր երկրի ու մեր հարազատ հողի, որը մեր փոխարեն ոչ ոք չի շենացնի ու չի պաշտպանի։ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»:
Գագիկ Համբարյանը նկատեց՝ փորձում են Սամվել Կարապետյանի վերաբերյալ քարոզչություն իրականացնել՝ օրինակ՝ ՀԷՑ-ի վերաբերյալ, բայց չեն ասում, որ այդ մարդը ՀԷՑ-ը խայտառակ վիճակում է գնել.
«Նիկոլի համար ամենամեծ սարսափը հենց Սամվել Կարապետյան անձն է, որին ինքը չի կարող ասել՝ նախկին է: Փորձեր են կատարում մանիպուլյացիաների, կեղծիքների միջոցով ինչ-որ բաներում մեղադրել, բայց Սամվել Կարապետյանն իր ամբողջ գործունեության ընթացքում ՀՀ-ին միայն օգուտ է տվել: Նույն Սամվել Կարապետյանը շատ դեպքերում իր գրպանից է աշխատավարձ տվել այն մարդկանց, որոնց ՀՀ-ն Սամվել Կարապետյանին պարտադրում էր աշխատանքից ազատել, որովհետև այդ մարդիկ իրեն պետք չէին: Սա էլ թող այդ ժող ջան կոչվածը չմոռանա:
Եվ հիմա Նիկոլի համար երրորդ ուժի ի հայտ գալը սարսափ է, ինքը հենց սրանից է վախենում, իր ջղաձգումները, հիստերիան, իր թիմակիցների լպիրշ պահվածքը, շատ դեպքերում՝ խուլիգան վարքագիծը Սամվել Կարապետյանի նկատմամբ հենց սրանով են պայմանավորված: Սամվել Կարապետյանն այն մարդն է, որը կարող է և պատրաստ է ղեկավարել երրորդ ուժը և մեր հայրենիքից մնացած հատվածը դուրս բերել այն աղետից, որի մեջ հայտնվել ենք կապիտուլյանտ, թուրքի կոշիկ լիզող Փաշինյանի և նրա թրքամետ թիմի պատճառով»:
Մանրամասները՝ տեսանյութում