Փաշինյանը գնում է Էրդողանի մոտ. ՇԱՏ ԱՐԱԳ պետք է կանխել նոր աղետը. Եկեղեցին քանդել՝ նշանակում է՝ ազգը քանդել

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Իսրայելի ծրագիրը շատ հստակ է տարիներով։ Ոչինչ չի փոխվել։ Քանդել են բոլոր երկրները, վերջինը Սիրիան էր, և միակ երկիրը, որ դեռ մնացել էր ու դիմադրում էր Պարսկաստանի դեմ, Իսրայելն էր։ Սիրիայում Իսրայելը հաջողեց ներքին անկայություն ստեղծելով՝ հասնել իր նպատակին։

Կարդացեք նաև

Շատ կարևոր է հասկանալ՝ ինչ է լինելու մեզ հետ։ Իսրայելը, ի վերջո, Թուրքիայից ու Ադրբեջանից իր հաշիվները պահանջելու է։ Զանգեզուրի միջանցքն է  թիրախում, ոչ ոք չի կարողանալու դիմադրել այդ ծրագրին։ Թուրքիան պիտի որոշի քայլ անել, որ Ադրբեջանը կարողանա մտնել Հայաստան։ Ինձ թվում է՝ դժբախտաբար, Իրանն ի վիճակի չէ նոր ճակատ բացել՝ Հայաստանը պաշտպանելու համար։

Արթուր Խաչիկյան.- Մենք ապրում ենք 1930-ականների ոճով, երբ չի գործում միջազգային օրենքը։ Հարձակում կատարվեց մի պետության վրա, որը բանակցում էր, իսկ Ամերիկան խաբեց, և Իսրայելը հարձակվեց Իրանի վրա։

Ամերիկան կործանում է երկրներն ու այստեղ ուղարկում գրանտակերների բանակը՝ նրա գործողություններն արդարացնելու համար։ Երբ Իսրայելն ամբողջ աշխարհի աչքերի առաջ ԱՄՆ-ի զենքով ու փողով 60 000 մարդ է կոտորում, այդ թվում՝ կին ու երեխա, ոչ ոք ձայն չի հանում։ Իրանի վրա հարձակվեցին այն ժամանակ, երբ Իրանը կրկնում էր՝ ինքը չի ուզում միջուկային զենք ստեղծել։ Թրամփի խելագար ադիմինիստրացիայում միակ խելամիտ մարդը՝ արտաքին հետախուզության պետ Թուլսի Գաբարդը, դեռ մարտին էր ասել՝ բոլոր 158 հետախուզական գործակալություններն ասել են՝ Իրանը միջուկային զենք չունի, բայց Իսրայելը, միևնույն է, հարձակվեց։

Կարող են լինել փախստականներ, ու սա սարսափելի է մեզ համար։ Վաղուց խոսում ենք նաև այն մասին, որ եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, մենք կկորցնենք Զանգեզուրի միջանցքը։

Էրդողանը մի կողմից ուզում է ցույց տալ, որ դատապարտում է Իսրայելի գործողությունները, մյուս կողմից՝ նավթ ու գազ է տալիս նրան։ Մեր տարածաշրջանում հեգեմոնիա է լինելու։ Միջին Արևելքում տեր են լինելու Իսրայելն ու Թուրքիան։ Այդ պետությունները շատ լավ են համագործակցում։ Գեղեցիկ բառեր միշտ ենք լսում, բայց Էրդողանի համար շահավետ է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը, ինչը նրան հնարավորություն կտա բացել իր ու Ադրբեջանի ճանապարհը՝ Հայաստան մտնելու համար։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Թուրքիայի ասածները չպետք է միանշանակ ընդունել։ Մի կողմից՝ Թուրքիայի ժողովուրդը պրոպաղեստինյան է, և Էրդողանը դա չի կարող անտեսել, մյուս կողմից՝ նրա կողմնորոշումը պրոարևմտյան է։

Թուրքիայի գլոբալ նպատակները չեն փոխվում,  պատմականորեն Ռուսաստանը միշտ մնալու է Թուրքիայի գլոբալ թշնամին, որքան էլ հիմա լավ հարաբերություններ ունեն։  

Ես կասկած չունեմ, որ ԱՄՆ-ը չի ուզում այս տարածաշրջան իր դեմքով մտնել․ նրա դերակատարներն այս տարածաշրջանում Իսրայելն ու Թուրքիան են։

Մենք գիտենք, որ Իրանը չէր ուզում միջուկային զենք արտադրել, բայց պարադոքսն այն է, որ միջազգային ատոմային գործակալության մասնագետներին Իրանն ընդունեց, նրանք աշխատեցին, տվյալները փոխանցեցին Իսրայելին, ու Իսրայելը հետո միջուկային գիտնականներին սպանեց։ Խաբեցին Իրանին։ Միակ երկիրը, որ միջուկային զենք ունի, բայց ոչ մի տեղ չի արձանագրում, Իսրայելն է։ Ոչ ոք չգիտի՝ ինչ զենքեր ունի Իսրայելը։ Եվ հիմա նա ամենավտանգավոր երկիրն է աշխարհի համար։

Թրամփը սուտ է խոսում։ Նա ասում է, որ չի մասնակցել Իրանի դեմ իսրայելական ագրեսիային, բայց սուտ է։ Բոլոր հետախուզական տվյալները տրամադրել է ԱՄՆ-ը։

Հիմա ԱՄՆ-ը պատրաստվում է  իր պաշտպանական միջոցներն Ուկրաինայից բերել Իսրայել։ ԱՄՆ-ը չի կարող կանգնեցնել Իսրայելին, նա ոչ մի վերահսկողություն չունի Իսրայելի վրա։

Արթուր Խաչիկյան.– ԱՄՆ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է իսրայելական լոբբիի կողմից։ Ես կարծում եմ՝ մեծ էսկալացիա է զարգանալու։ Իրանը կռմբակոծեն, ինչպես Հարավսլավիան։ Սրանք ֆաշիստական ուժեր են։

Ուկրաինայի համար շատ վատ նորություն է Իրան-Իսրայել պատերազմի մեկնարկը։ Ուկրաինայի մասին հիմա ոչ ոք չի հիշի։

Իսրայելը կփորձի մասնատել Իրանը, ինչից հետո էլ ավելի կատաստրոֆիկ հետևանքներ կլինեն, այդ թվում՝ մեզ համար։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Արևմտյան երկրները պլանավորված քարոզչություն են տանում։ Իրանը ներկայացվում է՝ որպես իսլամիստ, տեռորիստ երկիր։ Սա ցույց է տալիս՝ ինչպես է նախապատրաստվել ամբողջ պրոցեսը։

Արթուր Խաչիկյան.- Իրանին ուղղակի խաբեցին։ Նախ Թրամփը տպավորություն ստեղծեց, որ բանակցությունները շարունակվելու են, բայց հարձակումը սկսվեց։ Եվ հենց, ինչպես պարոն Կալֆայանը նշեց, ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետների հավաքագրած տվյալների հիման վրա սպանվեցին միջուկային գիտնականները։ Սա խելագարություն է։

Իմաստ չունի ոչինչ քննարկել, եթե ՀՀ այս ղեկավարությունը ոչինչ չի ձեռնարկում։ Հիմա Փաշինյանը կգնա Թուրքիա՝ աղերսի, որ ինչ-որ թուղթ տան։ Մենք չունենք կառավարություն ու դիվանագիտություն։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Իրանը կպարտվի, որովհետև բավարար ուժ չունի դիմադրելու ԱՄՆ-Իսրայել-Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա զինուժին։ Էրդողանը շատ լավ գիտի, որ եթե մեղմ չգտնվի Իսրայելի նկատմամբ, հաջորդ թիրախն ինքն է լինելու։ Էրդողանը շատ լավ գիտի իր երկրի շահերն ու կպաշտպանի դրանք, ի տարբերություն մեր ղեկավարության։

Հայաստանի այս իշխանությունն ամեն ինչ է պատրաստ զիջել՝ «Խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ունենալու համար։ Սակայն այդ փաստաթուղթը ոչինչ է, այն խաղաղության երաշխիք չէ։ Որպեսզի նման պայմանագրերը հաջողեն, չափանիշները շատ բարձր պիտի լինեն։ Մեր պարագայում դրանք չկան։ Երբ մեկը թելադրող է, մյուսը՝ պարտված երկիր, հավասար պայմաններում չեն գտնվում, անկարելի է, որ այդ խաղաղությունը պահպանվի։ Նախ պետք է անկեղծ քաղաքական կամք լինի՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Բացի դրանից, հակամարտության արմատները լուծված չեն, օրինակ՝ կենսունակ է այն ատելությունը, որ քարոզվում է  հայերի նկատմամբ, քանի որ այն քարոզվում է դպրոցներում, պաշտոնական մակարդակում, երեխաների շրջանում, ամենուր։ Այդ հարցն ինչ-որ կերպ պետք է լուծվի։ Ինչպե՞ս կարելի է խոսել Խաղաղության մասին, երբ Ադրբեջանն ասում է՝ Հայաստանն Ադրբեջան է։ Հայաստանի ժողովուրդն անգամ չգիտի՝ ինչ է այդ պայմանագրի բովանդակությունը, և արդյո՞ք այն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար։

Եթե հավատանք Էրդողանի խոսքին, ինքը Հայաստանը որպես գործընկեր դիտարկում է, սակայն իրականում և գործնականում նա թույլ է տալիս, որ Ադրբեջանն ասի՝ Հայաստան գոյություն չունի, և այդ տարածքը մերն է։

Ինձ համար, ցավոք, հայտնի է՝ ինչ է լինելու, եթե իրոք Ադրբեջանը Սյունիք մտնի։ Այստեղ գտնվող ժողովուրդը Սյունիքը կորցնելուց հետո կլքի Հայաստանը։ Ոչ ոք չի ապրի 4 կողմից թշնամիներով շրջապատված երկրում։ Դժբախտաբար, եթե Սյունիքը կորցնենք, ես ապագա չեմ տեսնի։

Արթուր Խաչիկյան.Նախ կզիջեն Զանգեզուրի միջանցքը, ապա առնվազն 300.000 ադրբեջանցի կբերեն Հայաստան։ Ես շնորհավորում եմ Փաշինյանին ընտրող 680.000 մարդկանց, ովքեր Փաշինյանի ոտքերի տակ գառ էին մորթում։ Հիմա ադրբեջանցիների հետ միասին կմորթեն։

Իսրայելը կստեղծի Մեծ Իսրայել, եթե Իրանը պարտվի, իսկ Կովկասը կտան Թուրքիային։ Շատ դժվար է չտեսնել, որ հիմա գործում է այն ծրագիրը, որը գործի դրվեց Ուկրաինայի պարագայում։ Իրանը դեստաբիլիզացվելու է, և մենք զրկվելու ենք մեզ սատարող երկու պետություններից մեկից։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Ես աջակցել եմ 2018թ իշխանափոխությանը, բայց ամիսներ անց՝ արդեն օգոստոսին, հասկացա, որ սխալվել եմ, տեսա՝ ինչ է կատարվում։ Փաշինյանն ուզում է իշխանության բոլոր ճյուղերն իր վերահսկողության տակ վերցնել։ Սկսեց Ազգային ժողովից, Սահմանադրական դատարանից, անցան բանակին, Ազգային անվտանգության ծառայությանը, դատարաններին, հիմա ուզում են ազգային, ոչ սահմանադրական ինստիտուտները վերցնել իրենց վերահսկողության տակ։ Սկսել են Եկեղեցուց, հաջողելու դեպքում կանցնեն Սփյուռքին։ Եկեղեցին քանդել ՝ նշանակում է՝ ազգը քանդել։ Հայությունը եկեղեցու շնորհիվ է պետականության բացակայության պայմաններում 6 դար գոյատևել։

Չի կարելի թույլ տալ, որ ներընդդիմադիր պայքարը շարունակվի։ Մեր իրավիճակում, երբ մեր թշնամիները պատրաստվում են մտնել Հայաստան, նման բանն անթույլատրելի է։

Արթուր Խաչիկյան.– Եկեղեցու դեմ հարձակումներով նրանք ուզում են կոտրել դիմադրության վերջին օջախը։ Ես էլ եմ 2018թ․ աջակցել սրանց, մի քանի օր ընդամենը հավատացի, հետո հասկացա՝ մեր թշնամիների շահերն են սպասարկում։ Եկեղեցու դեմ լկտի բառապաշարով դուրս գալով՝ նաև ժողովրդին են շեղում մեր գլխի գալիքից։

Ցանկացած ձևով պետք է ազատվել այս դավաճան իշխանությունից, այլապես 2026թ․ նա որևէ կերպ կվերարտադրվի, և 5 երեսանի Արևմուտքը դա կողջունի։ Ռեալ պլան պիտի լինի իշխանափոխության, իսկ ձևը կարևոր չէ․ ես կողմ եմ ցանկացած ձևի։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Ես չեմ տեսնում, որ ընդդիմությունը լուրջ ծրագիր առաջարկի։ Միայն Ադրբեջանից եկող վտանգը չէ։ Նաև տնտեսական ու ֆինանսական վտանգ կա։  Ինչպե՞ս Փաշինյանը շահեց իր ընտրողների սիրտը՝ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրեց, ճանապարհներ ասֆալտապատեց ու որոշ դպրոցներ սարքեց՝ իհարկե, պետական պարտքն ավելացնելու հաշվին։ Այդ 13 միլիարդ 581 միլիոն դոլար արտաքին պարտքը 75%-ով ֆինանսավորել է Արևմուտքը։ Վաղն Արևմուտքը պահանջելու է մարել այդ պարտքերը, ու Հայաստանը կխեղդվի։ Իսկ եթե Փաշինյանն իր կապերը խորացնի Եվրամիության հետ, Ռուսաստանը կարող է վերանայել իր տնտեսական կապերը Հայաստանի հետ։ Դա սարսափելի հարված կլինի Հայաստանին: Մեզ այս վիճակին հասցրեց այս իշխանության խելագար քաղաքականությունը։ Ընդդիմությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի։

Արթուր Խաչիկյան.– Չպետք է թույլ տալ, որ սրանք կարողանան կոտրել Եկեղեցին։ Մեր ընդդիմությունն էլ պետք է, ի վերջո, գործողությունների ծրագիր ներկայացնի ու հեռացնի սրան։ Մինչև ընտրություններ սպասելն աղետալի կարող է լինել։ Այս դիվերսանտներն ամեն ինչի ընդունակ են։ Պետք է միավորվել ընդդիմության շուրջ։ Մարդիկ պետք է հասկանան՝ հայրենիք կորցնելն ու փախստական դառնալը լավ բան չէ։

Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայան.- Ընդդիմությունը պետք է միավորվի, ու նոր դեմքեր պետք է գան։ Նախկին նախագահների վերադարձը պետք է բացառել, որ ժողովրդին հերթական անգամ Փաշինյանը չկարողանա մոլորեցնել։ Ռոբերտ Քոչարյանին պետք է հանգիստ բացատրել, որ իշխանափոխությունը հաջողելու համար ինքը մի կողմ պետք է քաշվի։ Լավ կլինի, որ շատ կանայք ներգրավվեն իշխանության մեջ։ Կարող է նաև կին վարչապետ լինել։

Պետք է գլոբալ քաղաքական առաջարկ արվի, որը կընդգրկի ոչ միայն արտաքին, այլև ներքին, այդ թվում՝ բյուջետային հարցեր։

Եվ ամենակարևորը՝ անմիջապես մեծ ներդրումներ է պետք անել պաշտպանության ոլորտում։ 7 տարի այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չարվեց։ Ֆրանսիայից որևէ լուրջ զինական միջոցներ չեն եկել։ Սո՛ւտ են խոսում՝ ասելով, թե լուրջ զենք են ստացել։ Ինչպե՞ս կարելի է մեր իրավիճակում առաջ բերել գումարի դիմաց բանակից ազատվելու նախագիծ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս