«Հասկացել են, որ հիմար որոշում են կայացրել ու վախենում էին». Սուրեն Բաղդասարյան
«Հարցն անմիջապես լուծվել է, որովհետև բոլոր լրատվամիջոցները բուռն ճնշում են գործադրել և իրենք տեղի են տվել, հասկացել են, որ հիմար որոշում են կայացրել ու վախենում էին, որ մասսայական դժգոհություններ կլինեն: Ապշած էի, որ այս անգամ լրատվամիջոցների ներկայացուցիչներն այդքան համախմբված էին: Սա նախադեպ է», – 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունների ժամանակ հավատարմագրման հարցին՝ ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ ՀՖՖ-ն մերժել էր Սուրեն Բաղդասարյանի հավատարմագրումը, վերջինիս կարծիքով՝ անհեթեթ պատճառաբանությամբ:
Ֆեդերացիայից ասել են, թե Ս. Բաղդասարյանն անհարգալից ելույթներ է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս ղեկավարների հասցեին, պարբերաբար խաթարել է ֆեդերացիայի միջոցառումները:
«Բայց ընդամենը մեկ միջոցառում էր եղել՝ դեկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսը, որի ժամանակ ես սուր հարցերով փակուղու մեջ գցեցի Արմեն Նիկողոսյանին ու նա ընդհանրապես չկարողացավ խոսել»,- մեզ հետ զրույցում ասաց ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը:
ՀՖՖ-ում նախագահի և գործկոմի անդամների ընտրությունը մեկնարկելու է այսօր, ժամը 13.00-ից: Լրագրողներին հավատարմագրերը դեռ չեն հանձնել, կհանձնեն 12.00-12.30-ի հատվածում: