Բաժիններ՝

Կառավարությունը մերժել է ավտոներկրողներին. մեքենաները Հայաստանում չեն վերասարքավորի

Ավտոներկրողները  հոկտեմբերի 10-ին խնդրանքով դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի  թույլ տան աջ ղեկով մեքենաները վերասարքավորել Հայաստանում, սակայն   ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պատասխան են ստացել,  որտեղ նշված է՝ աջ ղեկով մեքենաներն օրենքով չի թույլատրվում ներմուծել Հայաստան:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից  տեղեկացրել են, որ համաձայն «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքի 1-ին հոդվածի՝ 2018 թ.ապրիլի 1-ից արգելվել է աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների «Բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ազատ շրջանառության համար բաց թողնելու նպատակով ներմուծելը Հայաստանի Հանրապետություն:

Ուստի, ելնելով վերոգրյալից՝ հայտնել են, որ դիմումում նշված խնդրանքը հնարավոր չէ բավարարել:

«Նամակի պատասխանը ստանալուց հետո մի քանի անգամ այն կարդացինք՝ մտածելով, որ հնարավոր է՝ ինչ-որ բան սխալ ենք հասկանում, բայց ոչ՝ Կառավարությունը չի ուզում լսել մեզ: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև ահռելի հերթեր են, Վրաստանի Հանրապետության արհեստավորները, որոնց մեծ մասն ազգությամբ ադրբեջանցիներ են, չեն հասցնում վերասարքավորել ահռելի քանակությամբ ավտոմեքենաները, բացի այդ՝ արդեն դիմում են խորամանկության: Նախկինում, երբ մեքենաներ վերասարքավորելն արժեր 800 դոլար, սկզբում վճարում էինք դրա կեսը,  հետո ամենավերջում՝ մյուս կեսը:

Իսկ վերջերս մարդիկ, ովքեր վճարել էին կեսը և սպասում էին, որ վերասարքավորման ավարտից հետո վճարեն մյուս  մասը, ստիպված 500 դոլար ավելի  էին վճարում, քանի որ վերասարքավորող արհեստավորները պնդում էին, թե  պահեստամասերը թանկացել են: Այսինքն, ստացվում էր 1300 դոլար, իսկ հիմա ընդհանուր արժեքը տատանվում է 1500 դոլարի սահմաններում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանը:

Նա հայտնեց  նաև, որ տարեվերջին, երբ  մարդիկ չհասցնեն մեքենաները ներկրել, այդ ժամանակ կսկսվեն իրական բողոքի ակցիաները:

Հավելենք, որ թե՛ բողոքի ակցիաների, թե՛ լրատվամիջոցների հետ զրույցներում ավտոներկրողները շեշտում են՝ Հայաստանում մեքենաները վերասարքավորել հնարավոր է, ավելին՝ այս դեպքում հայ ավտոներկրողների համար ևս մեկ կարևոր խնդիր կլուծվի. կստեղծվեն նոր աշխատատեղեր, վերասարքավորման համար նախատեսված գումարները կշրջանառվեն ՀՀ-ում, այս ամենից կուտակված հարկերը կվճարվեն ՀՀ բյուջե:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս