Դատավորների անկախության համար պետք է լինեն բոլոր նախադրյալները. Գագիկ Հարությունյան

Բարձրագույն դատական խորհուրդը բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը, և մենք որևէ դատական գործով, որևէ ձևով նույնիսկ տեղեկատվական առումով կոմունիկացիայի մեջ չենք մտնում դատավորների հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։

«Ես վստահ եմ, որ նման վերաբերմունքը նաև քաղաքական իշխանությունների կողմից է։ Բայց վերջին հաշվով դատավորները նույնպես մարդիկ են, և նրանք հնարավոր է, սոցիալական որոշակի ազդեցությունների դաշտում են գտնվում», – հավելեց ԲԴԽ նախագահը։

Այդուհանդերձ, ըստ Հարությունյանի, դատավորը միայն հեռախոսային անկախություն չպետք է ունենա, և նրա անկախության համար պետք է լինեն բոլոր նախադրյալները։

«Մենք առանձնացրել ենք 32 առաջնահերթություն, որոնց համակարգային լուծման պարագայում կարող ենք ստեղծել երաշխիքների այդ դաշտը», – հավելեց Հարությունյանը։

Լրագողի խնդրանքով անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմանն ու դրա հետքերով Քննչական կոմիտեում քրեական գործի հարուցմանը, Հարությունյանն ասաց, որ քրեական գործը հարուցելուց հետո ԲԴԽ-ն որևէ քայլ չի արել։ Փաստը, Հարությունյանի խոսքով, իրենց մտահոգել է և որպես առաջին քայլ, իրենք խոսել են հեռախոսազրույցում շոշափված դատավորի հետ։

«Բարձրագույն դատական խորհուրդը օրենքով սահմանված կարգով միայն դատավորի դիմումի հիման վրա կարող է որոշակի քայլեր անել», – հավելեց ԲԴԽ նախագահը։

Հարցին, թե այդ գաղտնալսված զրույցում ինքը տեսնո՞ւմ է քաղաքական հրահանգ, Հարությունյանը պատասխանեց, որ ինքը չի կարող պատասխանել հարցին, քանի որ չի մասնակցում հետաքննությանը։

«Ցանկացած երևույթ, որը հանրային կարծիք ստեղծում է, բնականաբար անթույլատրելի է և մտահոգիչ», – նշեց Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս