«Երբ մեր ծնողները սկսեն այս ամենը հասկանալ, այդ ժամանակ մեզ չի կարող հաղթել նույնիսկ 15 մլն ռեզերվ ունեցող որևէ թշնամի». Վովա Վարդանով

«Ճիշտ է, բանակի օրն այդքան էլ չի համապատասխանում պատմական իրականությանը, քանի որ մեր բանակը շատ ավելի հին է, քան վերջին 100 տարին։ Բայց պետք է ընդունենք, որ սա բանակի վերականգնման օրն է։ Մաղթանքս բանակին այն է, որ ցանկացած զինվոր տուն վերադառնա և իր դեմքը երբեք չկորցնի։ Քանի որ բոլորը պետք է գիտակցեն, որ թշնամու ակտիվացումը, ապրիլյան դեպքերի նման, առանց չափազանցնելու նաև՝ ավելի հուժկու, հնարավոր է ցանկացած պահի, այսինքն՝ միշտ պատրաստ պետք է լինենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ անդրադառնալով բանակի օրվան։
Նրա խոսքով՝ հզոր բանակ ունենալու համար «պրոֆեսիոնալ կադրերը չպետք է մեծացնեն իրենց որովայնը», այլ պետք է ավելի վարժեցնեն ունակությունները, որպեսզի չդառնան ուսադիրներ կրող և հեշտ զոհվող զինվոր։

Բացի այդ, ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ շարքային զինծառայողներն ավելի շատ ժամանակ տրամադրեն մարզվելուն։

«Մեր բանակի գլխավոր բացթողումը ժամանակի կորուստն է, մենք շատ ենք ժամանակ կորցնում ոչինչ չանելու վրա։ Բանակն անընդհատ պետք է աշխատի, իսկ զինվորը միշտ ուսման, մարզվելու մեջ պետք է լինի։ Ռուսական բանակում մի սկզբունք կար, որը շատ կարևոր է՝ եթե ցանկանում ես՝ կսովորեցնենք, չես ուզում՝ կստիպենք։ Իմ կարծիքով՝ սա ճիշտ ձև է, քանի որ մի զինվորի չիմացությունը վտանգում է մեկ այլ զինվորի կյանքը։

Ժամանակին իմ երկու որդիներին ռազմական գործ էի սովորեցնում, երբ ասում էի, որ զինվորը օրը ոչ թե 24, այլ 25 ժամ պետք է մարզվի՝ մեղադրում էին։ Այժմ էլ նույնն եմ կրկնում, որ իմ երկու որդիները ոչ մի վայրկյան չպետք է ազատ լինեն, նրանք միշտ ռազմական գործ պետք է սովորեն, որպեսզի նրանց մարտի դաշտում հանկարծ չկորցնեմ։ Երբ մեր ծնողները սկսեն այս ամենը հասկանալ, այդ ժամանակ մեզ չի կարող հաղթել նույնիսկ 15 մլն ռեզերվ ունեցող որևէ թշնամի»,- եզրափակեց Վ. Վարդանովը։

Նշենք, որ Հայաստանի Զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ Մեկ տարի անց ՝2002 թվականի նոյեմբերի 20-ին, ՀՀ Սահմանադրության մեջ լրացում է կատարվել, ըստ որի՝ հունվարի 28-ը սահմանվում է՝ որպես ոչ աշխատանքային օր։

ՀՀ բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն օրն է ընդունվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս