Բաժիններ՝

Շիրակի պետական համալսարանի իրավիճակը մտահոգիչ է

Հայաստանի մարզերում գործող բուհերը կարևոր են։ Հազարավոր շրջանավարտներ չեն դիմում Երևանի բուհեր, քանի որ ծնողներն ի վիճակի չեն հոգալու մայրաքաղաքում ապրելու համար պահանջվող հավելյալ ծախսերը։ Մարզերի բուհերում կան բազմաթիվ շնորհալի ուսանողներ, ովքեր արժանի են ստանալու բարձրակարգ կրթական ծառայություններ։ Բացի այդ, բուհերը մարզերում ապրող գիտնականների, մանկավարժների համար աշխատանք ունենալու հնարավորություն են։

Այս տեսանկյունից շատ մտահոգիչ է ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակը։ Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի և բուհի դասախոսներ Հովհաննես Խորիկյանի, Գագիկ Համբարյանի միջև կոնֆլիկտ կա։ Դասախոսները խոսում են բուհում առկա խախտումների, չարաշահումների մասին։ Դրանք որևէ պաշտոնական հաստատում չէին ստանում, և, բնականաբար, կոնֆլիկտն օրեցօր ավելի էր խորանում։

Անցած շաբաթ համալսարան այցելեցին Ազգային ժողովի պատգամավորները՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ։ Այցի հաջորդ օրը ռեկտորի հրամանով երկու դասախոսներն ազատվեցին աշխատանքից։

Հանգամանքների բերումով՝ դասավանդել եմ Հովհաննես Խորիկյանին՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։ Նա կուրսի լավագույն ուսանողներից էր, հետազոտական, պրպտող միտք ունեցող մարդ։ Բոլոր առումներով օրինակելի էր։ Հեռակա հետևում էի նաև նրա գիտամանկավարժական գործունեությանը ՇՊՀ-ում։ Կարող եմ ասել, որ Հայաստանի ցանկացած բուհի համար պատիվ կլիներ Հովհաննես Խորիկյանի նման դասախոս ունենալը։ Մենք իրավունք չունենք լավ մասնագետներին աշխատանքից ազատել, եթե, իհարկե, վերջիններս օրենսդրության խախտումներ չեն կատարել։ Առանց այդ էլ, վերջին տարիներին Հայաստանի բուհերից հեռացան բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ։

Կարդացեք նաև

Մեծ թվով համատեղող երիտասարդներ դուրս եկան համալսարաններից՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ կապված։ Մի խոսքով, դասախոսի աշխատանքն այսօր գրավիչ չէ, և մենք առաջիկայում կադրային լուրջ խնդիրներ ենք ունենալու այս ոլորտում։

Իհարկե, նման կոնֆլիկտները խորն արմատներ են ունենում, և դրանք լուծելու համար պահանջվում է կառավարման այնպիսի համակարգ, որն ի զորու է արդար և սկզբունքային մոտեցում ցուցաբերելու։ Բայց քանի որ Հայաստանում արդար կառավարման հետ կապված լուրջ խնդիրներ կան, կոնֆլիկտը տևական ժամանակ հյուծում է առանց այդ էլ բարդ իրավիճակում գտնվող Շիրակի պետական համալսարանը։ Նմանատիպ կոնֆլիկտները բացասաբար են ազդում ոչ միայն՝ երկու կողմերի, այլև՝ ամենաանտարբեր աշխատողների վրա։

Մարդիկ չեն կարողանում կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, պառակտվում են, սկսում են ատել հակադիր ճամբարի մարդկանց, սպասողական հոգեվիճակում են հայտնվում։ Իսկ բուհն այն հաստատությունն է, որտեղ մարդիկ աշխատում են տասնամյակներով։ Այլ կերպ ասած, այս կոնֆլիկտը դեռ երկար է ազդելու համալսարանում ձևավորված մթնոլորտի վրա։ Մարդիկ դեռ հիշելու են, թե ով ում կողմից էր, ում ինչ ասաց, ինչ արեց, և այլն։

Բոլորը համապատասխան քայլեր են սպասում Կառավարությունից և նախարարությունից, քանի որ վերջիններս են բուհի հիմնադիրը և ունեն վերահսկողական լծակներ։ Սակայն նախարարությունը հայտարարում է, որ բուհերն ունեն ինքնավարություն, կառավարման խորհուրդ և ինքնուրույն են լուծում իրենց կադրային հարցերը։

Այդուհանդերձ, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ մարտի 24-ին բուհում քննարկում է լինելու։ Շատ կուզենայի, որ այդ քննարկման մասնակիցները որոշումներ կայացնելիս իրենց դիմաց ունենան բուհի ուսանողներից մեկի հետևյալ գրառումն իր ֆեյսբուքյան էջում. «Կրթությունը գործընթաց է, և նրանում կոնֆլիկտներն անխուսափելի են:

Պաշտոնը հո մենակ վայելելու համար չէ, լուծեք բոլոր խնդիրները, մի թողեք, որ ես ու իմ պես տասնյակ պատմություն ուսումնասիրող ուսանողներ ձեզ հիշեն՝ որպես մարդու, ով մեզ զրկեց լավագույն մասնագետների հետ աշխատելու հնարավորությունից: Որպես մտահոգ ուսանող, պահանջում եմ բեկանել Խորիկյան Հովհաննեսի և Համբարյան Գագիկի աշխատանքից ազատելու որոշումը»: Իսկապես, Հայաստանում պաշտոն զբաղեցնելը պետք է ենթադրի խնդիրներ լուծելու կարողություն և պատասխանատվություն ստանձնելու քաջություն։

Չի բացառվում, որ այս կոնֆլիկտն ունի քաղաքական ենթատեքստ։ Ցավոք, Հայաստանի կրթական համակարգը կուսակցականացված է, ինչը մեզ մեծ վնասներ է պատճառում՝ զրկելով զարգացման հեռանկարից։ Երկար տարիներ Շիրակի պետական համալսարանը ղեկավարում են կուսակցական առաջնորդներ։ Նախկին ռեկտորը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային առաջնորդներից էր, ներկա ղեկավարը Հանրապետական կուսակցության մարզային առաջնորդներից է։

Եթե սրան էլ ավելացնենք այն, որ Շիրակի մարզը և կրթության ոլորտը ղեկավարում է Դաշնակցությունը, ապա կարող ենք ասել, որ համալսարանի շուրջ և ներսում կա բավականին լուրջ կուսակցական խտացում։ Հնարավոր է՝ գործ ունենք միջկուսակցական կամ ներկուսակցական շահերի բախման հետ։ Հասկանալի է, որ մարզի ամենամեծ բուհը ղեկավարելը քաղաքական ազդեցության լուրջ լծակ է։ Ինչո՞ւ ենք կրթությունը ծառայեցնում կուսակցական շահերին։ Արդյո՞ք հնարավոր չէ Շիրակի մարզում գտնել մի գիտնական-մանկավարժի, ով կուսակցական չէ, ով ունի ղեկավարման հմտություններ։

21-րդ դարի բուհի ռեկտորը, իմ պատկերացմամբ, պիտի լինի անկուսակցական, ազատ մտածող, համարձակ, ստեղծագործող, նախաձեռնող, լայնախոհ, ակադեմիական ազատությունները հարգող մարդ։ Ինչո՞ւ ենք կրթության ոլորտում կառչում կուսակցականներից։ Ինչո՞ւ կրթության ոլորտը դարձրեցինք կուսակցությունների պատանդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս