«Խնդիրն աշխարհաքաղաքական դիրքի կամ պայմանագրերի մեջ չէ, այլ ներքին ընկալումների». Ռուբեն Բաբայանը՝ Եվրամիությանն անդամակցության մասին
Շուտով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին: Համաձայնագիրը նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում:
Մինչ Բրյուսելում շարունակվում են քննարկումները, 168.am-ը շարունակում է լսել հայ մտավորականների կարծիքները՝ երկրի համար այս կարևոր իրադարձության վերաբերյալ:
Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի համար եվրոպական երկրներին անդամակցությունն առաջին հերթին՝ մարդկային ֆակտորով է նշանավորվում.
«Ես այնքան էլ կարևոր տեղ չեմ տալիս պայմանագրերին, որովհետև Եվրոպան, մեր մեջ ասած՝ ուղեղներ ունի: Եթե մենք այս պայմանագրի ստորագրումով կարողանանք յուրացնել եվրոպական ուղեղները, սա կարելի է համարել ձեռքբերում: Իսկ եթե սա երկու կողմերի համար պարզապես հարմար պայմանագիր է, ուրեմն ակնկալիքները շատ չեն կարող լինել: Այս պայմանագիրը ոչ թե աշխարհագրական բնույթ ունի, այլ ներքին՝ մարդկային՝ կամ մենք իրականում որոշում ենք ինտեգրվել քաղաքակիրթ պետություն կառուցելու ընթացքին, կամ շարունակում ենք մնալ այնպիսին, ինչպիսին կանք այսօր՝ մեր ունեցած դատաիրավական, կրթական և այլ ոլորտների այսօրինակ պատկերով:
Գիտեք՝ Ճապոնիան կամ Հարավային Կորեան Եվրոպական միության կազմում չեն, բայց շարունակում են մնալ և զարգանալ՝ որպես քաղաքակիրթ երկիր: Հետևաբար՝ խնդիրն աշխարհաքաղաքական դիրքի կամ պայմանագրերի մեջ չէ, այլ ներքին ընկալումների: Ինչ խոսք, ես էլ այս պահին շատ անհամբեր սպասում եմ, թե երբ կանցնի այս մեկ ու կես ժամը, և հույս ունեմ, որ որևէ խնդիր չի առաջանա, և առաջինը ես կլինեմ, որ կշնորհավորեմ առաջին քայլը՝ դեպի քաղաքակիրթ երկիր կառուցելու ճանապարհին, իսկ այդ ճանապարհը շատ երկար է»: