«Եթե դու շարունակում ես մնալ կոռումպացված՝ ի՞նչ տարբերություն՝ ո՞ր միության կազմում ես՝ Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի». Սերգեյ Դանիելյանը՝ Եվրամիությանն անդամակցության մասին
Շուտով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Նշենք, որ ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները Բրյուսելում աշխատանքի արդյունքներով ընդունել են հռչակագիր, որը սահմանում է այն արժեքները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՄ և ԱլԳ գործընկերության երկրներն առաջիկա տարիներին: Համաձայնագիրը նախանշում է հետագա գործակցության ուղիները տնտեսության, քաղաքականության, հումանիտար և այլ ոլորտներում:
Քիչ անց Հայաստանը պաշտոնապես մաս կկազմի եվրոպական երկրների մեծ ընտանիքին, որի մասին 168.am-ը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ.
«Դե թող ստորագրեն այդ համաձայնագիրը, նոր կտեսնենք՝ ինչ կլինի: Ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե դու որտե՞ղ ես ապրում, ո՞ւմ հետ ես ապրում: Կարևորը՝ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և այդ օրենքն էլ պետք է աշխատի: Հետևաբար՝ ինձ չի թվում, թե Եվրոպական միություն մուտք գործելը կապահովի այնպիսի իրականություն, որն արդեն ասացի, դեռ ավելին՝ հնարավոր է, որ սա ինչ-որ խաղ է: Ես միայն մի բան գիտեմ, նորից եմ կրկինում՝ կարևոր չէ, թե դու որտե՞ղ ես ապրում, կարևորը, թե ինչպե՞ս ես ապրում: Եթե դու շարունակում ես մնալ կոռումպացված, ապուշ մի պետություն, որտեղ օրենքի նկատմամբ հարգանք չկա, ուրեմն ի՞նչ տարբերություն՝ ո՞ր միության կազմում ես՝ Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի: Թեև արտաքուստ ինչ-որ հույսեր կան, որ Եվրոպայի հետ այսքան դեբիլ դժվար է լինել, ինչքան հիմա Ռուսաստանի հետ ենք:
Բայց, քանի որ նույն իշխանության գլխավորությամբ ենք Եվրամիության կազմ մտնում, ճիշտ այնպես, ինչպես Կարեն Կարապետյանի գալուստով էին էյֆորիայի մեջ ընկած հրճվում, ինչը, հետագայում պարզվեց, մանկամտություն էր, ճիշտ նույն պատկերն էլ հիմա եմ տեսնում: Քանի դեռ մենք այս երկրի չգրված օրենքներով ենք ապրում, քանի դեռ օրենքի առաջ բոլորը հավասար չեն, չկա դատաիրավական համակարգ, չկա ոստիկանություն, չկա քաղաքացիական հասարակություն, և այլ կարևոր ինստիտուտներ չեն գործում, ի՞նչ կարևոր է՝ Եվրոպա՞ ենք մտնում, թե՞ Մարս ենք թռչում՝ նույն վայրենի հասարակությունն ենք մնում: Միակ կարևոր հարցն ինձ համար մնում է հետևյալը՝ ո՞ւմ հետ ենք մենք մտնում Եվրոպա և ո՞ր ուղղությամբ ենք նախատեսում առաջ գնալ»: