«Հնարավոր է՝ թանկացումների որոշակի մասն արհեստականորեն հրահրված լինեն». Ատոմ Մարգարյան

«Հայաստանում թանկացումները սովորաբար սեզոնային բնույթ են կրում, բայց որոշ ապրանքների գծով, հատկապես՝ կաթնամթերքի ու մսամթերքի, ունեցանք ֆորսմաժոր, ինչը, իհարկե, պատճառներ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վերջին թանկացումներին՝ այս մասին ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Նա ընդգծեց՝ վերջին տարիներին գյուղատնտեսական հատվածը տխուր վիճակում է. և՛ անասնապահությունը, և՛ բուսաբուծությունը. «Դա էլ պարարտ միջավայր է՝ որոշակի սպեկուլյատիվ գործարքների, այսինքն՝ այնպիսի գործարքների, որոնք ոմանց գերշահույթ կապահովեն։ Ինչ վերաբերում է կաթնամթերքի թանկացումներին, ապա դրանց համար 2015 և 2016 թվականների գյուղատնտեսական անբարենպաստ տարիները կապ ունեին»։

Տնտեսագետն ասաց, որ կարագի մեծ մասը՝ մինչև 70 տոկոսը, ներկրվում է Ավստրալիայից, Նոր Զելանդիայից և Գերմանիայից. «Հիմնականում այստեղ ներկրվում է նորզելանդական կարագը, որի արտադրության պայմաններն այնտեղ էլ են թանկացել, և բնական է, որ ներկրողները ստիպված են թանկացնել։ Բայց այստեղ կա սպեկուլյատիվ տարր՝ բարձրացնել ավելի, քան պետք էր բարձրացնել։ Այսինքն, ըստ էության, օգտվելով և՛ վերահսկողության թուլությունից, և՛ գործընկերների հետ պայմանավորվածությունից՝ խմբային որոշումների արդյունք է լինում թանկացումը։ Օլիգոպոլ դրսևորումներ կան մեր բիզնես դաշտում։ Այնպես որ, այո, հնարավոր է, որ այդ թանկացումների որոշակի մասն արհեստականորեն հրահրված լինեն»։

Ինչ վերաբերում է ձվի թանկացմանը, Ատոմ Մարգարյանն ասաց, որ դրա վրա ինչ-որ չափով ազդել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության գործոնը, որը հնարավորություն է տալիս շատ էժան թռչնամիս ներկրել Հայաստան. «Դա հարվածել է մեր ներքին արտադրողներին։ Այս պայմաններում ներքին արտադրությունը կրճատվել է, եթե չկա հավ, չի էլ կարող լինել ձու»։

Տեսանյութեր

Լրահոս