«Ծրագիրը գնահատվում 110 մլն դոլարի համարժեք դրամի չափով, որոնցից 85 մլն-ի դեղորայքը տրամադրվել է վրացիների կողմից». Ալթունյան
2011 թվականից սկսած հուլիսի 28-ը նշվում է՝ որպես Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս տարի միջոցառումները կրում են՝ «Ոչնչացնենք հեպատիտը» կարգախոսը՝ նպատակ ունենալով միավորել ԱՀԿ (առողջապահության համաշխարհային կազմակերպություն) երկրների ջանքերը՝ նվազեցնելու հեպատիտի բեռը համաշխարհային առողջապահության վրա։
Հայաստանում հեպատիտ C-ով հիվանդ է 2130 մարդ։ 2017 թ. մայիսից ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է վիրուսային հեպատիտ C-ի բուժման ծրագիր։ Հայաստանի և Վրաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև ունեցած համաձայնությամբ՝ վիրուսային հեպատիտ C-ով վարակված 1000 հիվանդի համար կազմակերպվել է հակավիրուսային բուժման վերջին սերնդի ուղիղ ազդեցության «Սովալդի» դեղի նվիրատվություն։ Ծրագիրը մեկնարկել է 2017թ. մայիսից և կավարտվի 2017թ. հոկտեմբերի վերջում։
«Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից հուլիսի 28-ը ընտրված է Հեպատիտի օր, որովհետև հենց այս օրն է ծնվել այն մարդը, որի մոտ առաջին անգամ ախտորոշել են հեպատիտ B։ Այս օրը նշվում է բավականին տարածված, որովհետև հեպատիտն այսօրվա առողջապահական չարիքներից մեկն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարի բավականին լավ ցուցանիշների ունի, և դա նաև վրացի-հայ ժողովուրդների ընկերության շնորհիվ է. «Խոսքը Հեպատիտ C-ի համատարած բուժման ծրագրի մասին է։ 2017թ. սկզբին ՀՀ վարչապետի և առողջապահության նախարարության Վրաստան այցի շրջանակում հնարավոր է դարձել 1000 հիվանդի բուժման դեղորայք ստանալ վրաց բարեկամներից` անվճար կերպով»։
Նախարարի խոսքով՝ մոտ 70 տոկոսն այն հիվանդներն են, որոնք կարող են բուժվել ժամանակակից մեթոդներով, այդ բուժումը ստանում են, և այն ունիկալ է, որովհետև հակառակ մնացած այլ մեթոդների՝ այստեղ ստացվում է 100 տոկոսանոց առողջացման արդյունք։
«Ծրագիրը գնահատվում 110 մլն դոլարի համարժեք դրամի չափով, որոնցից 85 մլն-ի դեղորայքը տրամադրվել է վրացիների կողմից»,- նկատեց Լ. Ալթունյանը։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հեպաթոլոգ Հասմիկ Ղազինյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում 250 մլն մարդ քրոնիկ վարակված է հեպատիտ B-ով, 180 մլն-ը՝ հեպատիտ C-ով, առ այսօր 3-4 մլն հեպատիտ C-ով նոր վարակելիության դեպքեր են արձանագրվում։
Խոսելով հայ-վրացական ծրագրի մասին՝ տիկին Ղազինյանն ասաց, որ Հայաստան է փոխանցվել 1000 հիվանդի համար նախատեսված՝ 3000 տուփ «Սովալդի» պրեպարատ, որը վերջին ժամանակների ամենալավ ուղիղ ազդեցությամբ հակավիրուսային դեղամիջոցն է։ Պրեպարատը միայն ինքը չի կարող գործել՝ որպես հակավիրուսային պրեպարատ, այն գործում է միայն միացման՝ կոմբինացիայի ձևով, նույն խմբի մեկ այլ պրեպարատի հետ. եգիպտական արտադրության «Դալկադասվիրը» միացվել է «Սովալդի» պրեպարատին։
«Բուժման տևողությունը 3 ամիս է։ Մայիսը հետազոտությունների և հիվանդների ընտրության ամիս է եղել, իսկ հունիսի 1-ից տրվել են առաջին դեղատոմսերը։ 1000 հիվանդ ստացել է մեկ ամսվա դեղամիջոց, 923-ը՝ 2-րդ ամսվանը, և 44-ը երեկվա տվյալներով՝ 3-րդ ամսվանը։ Դեղամիջոց նշանակել՝ չի նշանակում՝ բուժել։ Բուժումն ունի մշտադիտարկման անհարժեշտություն՝ թե՛ արդյունավետության, թե՛ դեղամիջոցի անվտանգության առումով»,- նկատեց տիկին Ղազինյանը։
Նա ուրախությամբ հայտնեց, որ մեկ ամսվա բուժումից հետո բուժում ստացած 85 տոկոս հիվանդներն ազատվել են վիրուսից, և որպես կանոն՝ հիվանդների 100 տոկոսն ազատվում են վիրուսից 2 ամիս հետո։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ագզային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում հեպատիտ A-ի մասով 2009 թ. լուրջ խնդիր կար. հիմնականում դեպքերն արձանագրվում էին հատկապես դպրոցական և նախադպրոցական երեխաների շրջանում՝ անգամ բռնկումների տեսքով, բայց գործողությունների սխեմայի փոփոխությունից հետո՝արագ արձագանքում, պատվաստում, 2009 թ. հեպատիտ A-ի 624 դեպքերի փոխարեն (90 տոկոսը մանկահասակներ)` 2016 թ. գրանցվել է ընդամենը 24 դեպք։
«Իսկ Հեպատիտ B-ի պատվաստումները ներառվել են 1999 թվականից, մանկահասկաների շրջանում, եթե 2000 թ. 0-14 տ. երեխաների շրջանում արձանագրվում էր 90-100 դեպք, ապա այսօր 2011 թ.-ից հետո 0-ական դեպքեր են։ 2016 թ. եղել է մեկ դեպք, այն էլ այն պատճառով, որ ծնողը հրաժարվել է երեխային պատվաստելուց։ Մեծահասակների պարագայում վերցվել է ռիսկային խումբը՝ բուժհաստատություններում, որտեղ բուժանձնակազմն առնչվում է արյան հետ, նրանք պետության հաշվին պատվաստվել են, պատվաստվել են նաև հիվանդների կոնտակտավորները և դիալիզով հիվանդները»,- ասաց պարոն Վանյանը։
Վերջինս նկատեց նաև, որ այսօրվա ցուցանիշներով և հեպատիտ A-ի և հեպատիտ B-ի սուր դեպքերի նվազում է արձանագրված Հայաստանոմ։ 2016 թ. տվյալներով՝ 37 դեպք արձանագրվել է հեպատիտ B վարակով, 28 դեպք՝ հեպատիտ C։
Տիկին Ղազինյանը հավելեց, որ «Սովալդի» պրեպարատն անվճար է, այն Արևմուտքում արժե մոտ 17.000 եվրո, իսկ միացված պրեպարատի համար զեղչերով առաջին ամսվա համար 1000 հիվանդն էլ, առանց բացառության, վճարել է 17.400 դրամ։ Հաջորդ երկու ամիսներին 2-րդ պրեպարատները տրվում են անվճար։ Իսկ մասնակի հետազոտությունները, որոնք արվում են բուժման գնահատականի համար, կատարվում են զեղչերով։
Հարցին՝ ի՞նչ սկբունքով են ընտրվել հիվանդները, տիկին Ղազինյանը պատասխանեց, որ հիվանդներնի ընտրության հիմնաքարը վիրուս ունենալն է. «Հիվանդը, որը գնում է հակավիրուսային բուժման, պետք է ունենա վիրուս։ Հիվանդներ կան, որոնց հետազոտության ժամանակ պարզվեց, որ ունեն հակամարմին, հանդիպել են վիրուսի, բայց չունեն վիրուս, և այն ավարտվել է՝ սեփական ուժերով վիրուսին վերացնելով»։
«Հույս ունեմ, որ մեր ապագա գործունեությունը հնարավորություն կտա նաև այլ հիվանդների մասով այսպիսի դրական զեկույցներ ներկայացնել»,- ասաց պարոն Ալթունյանը։
Ռոզա Հակոբյան