«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական տարրը շատ ուժեղ է»
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ՀՀ նախագահի Մոսկվա այցելությունը տնտեսական և քաղաքական առումով գնահատում է օգտակար: Ըստ նրա՝ այցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակներն ու համագործակցությունը, Եվրամիության կատարած այցի արդյունքները և առաջիկա խորհրդարանական ընտրությունները:
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում քաղաքական տարրը շատ ուժեղ է: Ինչն արտահայտվում է նախագահների կամ վարչապետների պարբերական հանդիպումներում: Այս հանդիպումը դրանցից մեկն էր: Ըստ իս՝ քննարկման համար կարևոր մի քանի խնդիրներ կային: Առաջինը վերաբերում է տարածաշրջանային իրավիճակներին և համագործակցությանը: Երկրորդ՝ այն կապ ունի մեր վարչապետի Վրաստան կատարած այցի հետ: Վարչապետի խոսքի մեջ հետաքրքիր միտք կար՝ տարածաշրջանային համագործակցություն: Եվ տարածաշրջանային համագործակցությունը, բնականաբար, ներառում է նաև Ռուսաստանը: Հայաստանը Վրաստանի հետ համագործակցելով և համաձայնության գալով՝ կփորձի գտնել այլընտրանքային ուղիներ Վերին Լարսին զուգահեռ: Ինչը բխում է նաև Ռուսաստանի շահերից, քանի որ երկաթգիծը կարող է ընդհանուր աշխատել: Ռուսաստանի համար Հայաստանի օգնությամբ տարածաշրջանային համագործակցության հասնելը կարևոր է՝ ցույց տալու Եվրոպային կամ Ամերիկային, որ Ռուսաստանը չի խանգարում տարածաշրջանային համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում պիտի քննարկվեին նաև ՀՀ նախագահի՝ Եվրամիություն կատարած այցի արդյունքները: Ռուսաստանը ներքին կարգով պետք է հավաստիանար, որ Հայաստանի ԵՄ-ի հետ ստորագրելիք համաձայնագիրը չի վնասի Ռուսաստանի շահերին: Եվ, կարծում եմ, որ ՀՀ նախագահը և ՌԴ վարչապետը պիտի խոսեին նաև առաջիկա ընտրությունների մասին՝ ավելի խորապես հասկանալու ընտրական արշավի հեռանկարները: Ռուսաստանը կուզեր իմանալ՝ ապագայում ինքն ում հետ է գործ ունենալու»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Նա առհասարակ բարձր է գնահատում Հայաստանի վերջին ժամանակների արտաքին քաղաքականությունը: Ինչն էականորեն փոխում է տրամադրվածությունը մեր երկրի հանդեպ: Արդյունքում՝ ՀՀ-ն կարողանում է շահել որոշակի իրավիճակներում՝ ձեռք բերելով համագործակցության հնարավորություններ: Հայաստանի հանդեպ արտաքին վերաբերմունքն օգնում է նաև Եվրոպային՝ իրատեսորեն ընկալել Ադրբեջանի հետ բախումը: Նրա խոսքով՝ Հայաստանի արտաքին դիվանագիտության դրական կողմերը տեսանելի են: Օրինակ՝ Ռուսաստանի հետ հանդիպումն ունի քաղաքական և տնտեսական նշանակություն, որն անպայման կարտահայտվի հայկական արտաքին դիվանագիտության մեջ: Հայաստանը կփորձի զարգացնել քննարկումների արդյունքները:
«Հայ-ռուսական ներդրումային ֆոնդը մեր տնտեսության համար շատ կարևոր է: Եթե Հայաստանում ուզում ենք ստեղծել ժամանակակից արտադրություններ, ձեռնարկություններ, ապա այս գործում շատ կարևոր են ներդրումային հիմնադրամները:
Դրանք կարող են ձևավորվել տարբեր դոնորների, երկրների միջոցների հաշվին: Ենթադրվում է, որ ռուսական մասնավոր սեկտորը պիտի ձևավորի այդ ֆոնդը, գնումներ կատարի, արտադրություններ խթանի՝ ելնելով նաև իր շահերից»,- նշեց Գագիկ Մակարյանը: