«Ցավում եմ, որ չկա նաև ծրագրերի մանրամասն ներկայացում». Թևան Պողոսյան
«Երևի առաջինն եմ եղել, ով նույնիսկ մեկ տարի առաջ, երբ նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների շրջանակներում հարցնում էին՝ ինչ եք անելու, ասում էի, որ, ի տարբերություն շատերի՝ վերադառնալու տեղ ունեմ, այնպես որ, եթե Ազգային ժողովի ընտրություններին չմասնակցեմ էլ, ինձ դրանից վատ չեմ զգալու։ Եվ կարծես թե տեր կանգնեցի խոստմանս այն իմաստով, որ իմ նախասիրությունն արտացոլվեց նրանում, որ վերադառնամ այն աշխատանքին, որտեղ պատկերացնում եմ՝ ինչ կարելի է անել, նաև ավելի հարստացած գիտելիքներով»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում չմասնակցելու՝ իր պատճառների մասին։
Նա նշեց, որ իրեն ավելի շատ պատկերացնում է հանրային սեկտորում վերլուծական, հետազոտական աշխատանքներ կատարելիս. «Ինչո՞ւ ոչ՝ նաև օրինակ ծառայել, որ Ազգային ժողովի պատգամավոր լինելը չի նշանակում՝ կյանքի երազանք, որ միայն և միայն այդ պաշտոնում պիտի լինես։ Կարելի է դուրս գալ, աշխատել, առիթ կլինի՝ նորից կգնաս, առիթ չլինի՝ կաշխատես այնտեղ, որտեղ եղել ես»։
Անդրադառնալով նախընտրական փուլին՝ Թևան Պողոսյանն արձագանքեց, որ մեծ նորարարություններ չկան, մեծ մասամբ կրկնվում է այն, ինչ եղել է նախորդ տարիներին.
«Ցավում եմ, որ չկա նաև ծրագրերի մանրամասն ներկայացում։ Մեզ ինչ-որ կետեր են ասում, որոնք ավելի շատ լոզունգային մոտեցումներ են։ Ինձ, օրինակ, շատ կհետաքրքրեր, թե ինչպես են պատկերացնում արցախյան հիմնախնդրի լուծումը՝ որ կետից ուր ենք հասնելու։ Չկա գործողությունների ծրագիր»։
Նա նշեց, որ իր համար անհասկանալի է նաև, թե, օրինակ՝ ինչ քաղաքականություն է վարվելու ժողովրդագրության ոլորտում։
«Ասում են՝ ծնելիությանը նպաստելու համար այս տեսակի գումարներ կտրամադրենք։ Մինչև հիմա, նախկինում էլ կարծես թե ունեցել ենք գումարի հատկացում՝ մի փոքր ավել կամ պակաս։ Արդոք դա նպաստե՞լ է ծնելիության բարձրացմանը։ Միգուցե պետք է փոփոխություններ անենք այլ ոլորտներում, որ լուծենք խնդիրը»,- ասաց Թևան Պողոսյանը։
Նա հարց հնչեցրեց՝ արդյոք կուսակցությունները, որոնք քիչ քանակով քվեներ կստանան՝ պատկերացնո՞ւմ են՝ ինչպես են օգտագործելու ԱԺ կանոնակարգ-օրենքը, որպեսզի իրենց գործողություններով նպաստեն խոստումների կատարմանը. «Թե՛ այդ օրն ասելու են՝ այն, ինչ խոսք ենք տվել, եղել է միայն այն պարագայում, երբ 54 տոկոս կունենայինք, եթե ես 27 տոկոս ունեմ, այդ ամենից հրաժարվո՞ւմ եմ։ Չէ՞ որ այդ 27 տոկոսը նրանց ձայն է տվել այդ խոստումների համար։ Սիրում ենք ասել՝ որևէ քվե չի կորելու, պահելու ենք։ Դա պահելու ենք միայն ընտրությա՞ն օրը, թե՞ մնացած 5 տարիների ընթացքում»։
Անդրադառնալով նոր քաղաքական պլատֆորմ ստեղծելու մասին Զարուհի Փստանջյանի հայտարարությանը՝ Թևան Պողոսյանը բարի երթ, հաջողություն մաղթեց բոլոր նոր նախաձեռնություններին։ Իսկ համագործակցության հարցին պատասխանեց. «Ընդհանրապես ասում են՝ կյանքում ամեն ինչ հնարավոր է, այնուամենայնիվ, ես ինձ այլ դաշտում եմ պատկերացնում և այս պարագայում կմնամ այնտեղ։ Առայժմ որևէ այլ գայթակղություն չունեմ, հատկապես, երբ խոսում ենք քաղաքական կուսակցությունների մասին։ Ինձ ավելի հետաքրքիր է, թե ինչ կարող է լինել այս 5 տարիների ընթացքում։ Ունեմ համակրանք և հուսով եմ, որ շատ երրիտասարդներ և փոփոխություն կունենանք Ազգային ժողովում։ Այս պարագայում կասեմ, որ «Ելք» դաշինքին հաղթանակ եմ մաղթում, «Ազատ դեմոկրատներին». այն թիմերին, որտեղ երիտասարդություն կա»։
Անդրադառնալով ընտրակաշառքի երևույթին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ ուրախ կլիներ, եթե բոլոր կուսակցությունները կարողանան իրենց ֆինանսական միջոցները ձևավորել դրամահավաքի միջոցով. վճարած մարդն ընտակաշառք չի վերցնի. «Կերազեի, որ Հայաստանն այնպես կարողանար զարգացնել տնտեսությունը, որ առնվազն 60-70 տոկոս միջին խավ ձևավորվեր, որովհետև միջին խավը կսկսի գիտակցել, որ ինքն է պատվիրելու երաժշտությունը, երբ ինքը վճարի։ Իսկ երբ դու ես ստանում այդ 5 կամ 100 հազար դրամը, քեզ են վճարում։ Իսկ եթե քեզ են վճարում, երաժշտությունը պատվիրելու է վճարողը»։