Իրանական աստղագիտության մայրը. Ալենուշ Տերյան
Հայտնի աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանին անվանում են «իրանական աստղագիտության մայր»։ Նրա հետազոտությունները գիտության այդ ոլորտում 20-րդ դարի կեսին ընկած էին Իրանում աստղաֆիզիկայի հետագա զարգացման հիմքում, գրում է Rusarminfo-ն։
Նա ծնվել է 1920թ. Թեհրանում, հայկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Արիզադը, պոետ էր, որը հայերեն է թարգմանել իրանական հայտնի «Շահնամե» էպոսը։
Ավարտելով Թեհրանի համալսարանը 1947թ.՝ Ալենուշ Տերյանը հայրենի բուհում ձեռնամուխ է եղել քրտնաջան հետազոտական աշխատանքի, իսկ որոշ ժամանակ անց գլխավորել ֆիզիկայի գծով հետազոտական աշխատանքները։
1950-ականներին երիտասարդ հայուհին հրավեր է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանից, որտեղ 1956թ. նրան շնորհվել է մթնոլորտի ֆիզիկայի դոկտորի աստիճան։
Այնուհետև Տերյանը մի քանի ամիս հետազոտական աշխատանք է իրականացրել Արևմտյան Գերմանիայում։ Վերադառնալով Թեհրան՝ նա շարունակել է գիտահետազոտական ու դասախոսական աշխատանքը։
1964թ. նա դարձավ Իրանում առաջին կինը, որին շնորհվեց ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։
Ղեկավարելով Թեհրանի համալսարանի արևային դիտարանը՝ նա երկար տարիներ ոչ միայն նշանակալից բացահայտումներ է արել, այլև կրթել է իրանցի աստղաֆիզիկոս գիտնականների մի քանի սերունդ։
Նա երբեք չի ամուսնացել և չի ունեցել ժառանգներ։
2010թ. Թեհրանում իրանցի խորհրդարանականների, գիտնականների ու հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ տոնվել է նրա 90-ամյա հոբելյանը։
Ալենուշ Տերյանը մահացել է 2011թ.։ Նա իր տունը կտակել է Իրանի Նոր Ջուղայի համայնքին, որպեսզի այն վերածվի հանրակացարանի անապահով ուսանողների համար։