Բաժիններ՝

Հայ առաջին կամ առաջին հայ

Ո՞վ է եղել առաջինը, ի՞նչն է եղել առաջինը. սրանք պարզ հարցեր են, որոնց պատասխանը կփնտրի յուրաքանչյուր հետաքրքրասեր մարդ։ Իսկ եթե դրանց էլ մի փոքր ազգային երանգավորում հաղորդենք, ապա պատկերը կհամեմվի ոչ թե սնափառությամբ, այլ սեփական երկրի ու ժողովրդի մասին ավելին իմանալու բնական մղումով։ Իսկ նման պատմությունները բազմաթիվ են։ Ներկայացնենք դրանցից երեքը։

Հայ առաջին «դզող-փչողը»

Առաջին հայացքից փոքր-ինչ անհավանական կարող է թվալ, որ պատմությունը պահպանել է հիշատակություններ այն հայի մասին, ով առաջինն է ավտոմեքենա վերանորոգել կամ, ինչպես ժողովրդի մոտ է ընդունված ասել` եղել է հայ առաջին «դզող-փչողը»։ Սակայն, բարեբախտաբար, վկայություններ կան, և դրանք հավաստի են։

1898 թվականին ավտոմեքենաներ արտադրող եվրոպական մի ընկերություն որոշում է ընդարձակել իր իրացման շուկաները և այդ նպատակի համար մեքենաներից մեկն ուղարկում է Անդրկովկաս` տեղում ցուցադրական վազք կատարելու համար։ Մեծ տպավորություն ստեղծելու համար ընտրվում է Թիֆլիս-Կարս ճանապարհը։ Եվ ահա Կարսից վերադառնալիս` Լոռվա սարերում կատարվում է ամենաանցանկալին` ավտոմեքենան խափանվում է։

Կարդացեք նաև

Տեղում կարգի բերելու բոլոր փորձերը ձախողվում են։ Ստիպված օգնության են կանչում լոռեցիներին, ովքեր էլ եզներ են տրամադրում ձախորդ արշավորդներին ու «երկաթե նժույգը» եզներին լծած` հասցնում են Թիֆլիս։ Բայց տեղ հասնելը դեռ գործի միայն կեսն էր։ Իսկ ինչպե՞ս վարվել խափանված շարժիչի հետ։ Քաղաքում ոչ ոք հանձն չի առնում անել մի բան, ինչը երբեք չի արել։ Եվ հենց այդ պահին էլ կատարվում է անսպասելին։

Ասում են, որ Թիֆլիսի Յավորսկու օպտիկամեխանիկական արհեստանոցում կա մի հայ, ով պատրաստ է մեքենան նորոգել։ Այդ երիտասարդի անունն էր Հակոբ Հարությունի Երզինկյան։ Այս բանիմաց, ճարպիկ ու տրամաբանող վարպետին էլ վիճակված էր լինել հայ առաջին ավտովերանորոգողը` հիացմունք ու զարմանք պատճառելով թե՛ օտարներին, թե՛ տեղաբնակներին։ Նաև դա էր պատճառը, որ աշխատանքը փայլուն կերպով կատարելուց հետո որոշում են արհեստանոցի դիմաց լուսանկարվել` անմահացնելով հիշարժան դեպքը։

Հայաստանի առաջին լուսացույցը

Երևանի փողոցներում լուսացույցներ (կամ, ինչպես այն օրերին էին ասում` լուսաֆորներ) տեղադրելու անհրաժեշտությունը ծագեց բավականին ուշ, և դա շատ պարզ բացատրություն ուներ. քիչ էին մեքենաները։ Սակայն, երբ այդ քչությամբ հանդերձ` վթարներ արձանագրվեցին, պարզ դարձավ, որ առանց երթևեկության կանոնավորման իրավիճակը չի շտկվի։ Եվ ահա 1934 թվականի գարնանը ցանկությունը վերածվեց գործի։

Այդ օրերին բնակիչներին տեղեկացվեց. «Միլիցիայի գլխավոր վարչությունն աշխատանք է տանում Երևանի մի շարք փողոցներում դնելու լուսաֆորներ (լուսատու լապտերներ), որոնք ծառայելու են փողոցային շարժումը կարգավորելու համար։

Լուսաֆորները դրվելու են փողոցների խաչմերուկների կենտրոններում, հրապարակներում և ընդհանրապես այն տեղերում, որտեղ տեղի է ունենում փոխադրական միջոցների ու հետիոտն մարդկանց ուժեղ երթևեկությունը։ Նախատեսված է այդպիսի լուսաֆորներ դնել Գնունի-Աբովյան փողոցների խաչմերուկի կենտրոնում, Սպանդարյան-Աբովյան, Մարքսի 26 փողոցների, Շահումյան հրապարակի և մյուս գլխավոր փողոցների խաչմերուկների կենտրոններում։ Լուսաֆորներն արդեն ստացված են և կտեղադրվեն մինչև ապրիլի 10-ը»։

Հենց սրանք էլ փաստորեն դարձան մեր երկրում տեղադրված առաջին լուսացույցները։ Ճիշտ է (ինչպես և պետք էր սպասել), սկզբնապես երևանցիները նորամուծությունն ընդունեցին իբրև քաղաքի ընդհանուր պատկերի վրա ավելացված հետաքրքրաշարժ ատրիբուտ, որը կարելի էր գնալ-դիտել, և ընդամենը այդքանը, սակայն լուսազդանշաններին ենթարկվելու անհրաժեշտության գիտակցումը հետզհետե արմատներ նետեց և դարձավ նրանց կենցաղի անբաժանելի ուղեկիցը։

Հայերի առաջին ծամոնը

Խոսքն այս դեպքում հանրահայտ սարի ծամոնի մասին չէ. այն միշտ է եղել։ Ոչ էլ այն ծամոնի մասին է, որ խորհրդային տարիներին դրսից Հայաստան էր հասնում սփյուռքահայերի կամ զբոսաշրջիկների ձեռքով և ավելի շուտ վերածվում էր ցուցադրման առարկայի, քան ծամվում էր։ Մայրաքաղաքի բնակիչները հավանաբար կհիշեն նաև այն տարեց կնոջը, ով Աբովյան փողոցի նրբանցքներից մեկում հատիկով արտասահմանյան մաստակ էր վաճառում` յուրաքանչյուր ծամոնի դիմաց գրպանելով կլորիկ մի գումար։ Այս անգամ պատմությունն այն մասին է, թե ինչպես ԽՍՀՄ-ում մի օր որոշեցին ծամոնին «ռեաբիլիտացնել», և հիմք դնել դրա արտադրությանը։

Նույնիսկ կարող է զարմանալի թվալ, բայց ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ հենց Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին։ Այսպիսի ընտրության համար տարատեսակ պատճառներ կարելի է թվարկել, բայց գլխավորն այն է, որ հայերը մեծ ոգևորությամբ ստանձնեցին առաջինը լինելու դժվարին առաքելությունը և պատվով հանձնեցին քննությունը։ Ավելի ուշ մերոնք որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ։ Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը։

Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծամոն, թե հականիկոտինային դեղամիջոց։ Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»։ Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից։

Իսկ հետո եկավ նոր տեսականին։ Հայրենական պոլիմերային հիմքի վրա, որը մշակել էր «Պլաստպոլիմեր» գիտահետազոտական միավորման Երևանի բաժանմունքը, խանութներում հայտնվեցին «Նարնջի», «Անանուխի» և «Ելակի» ծամոնները։ Համաձայն վիճակագրության` 1979 թվականին արդեն թողարկվել էր 4 հազար տոննա ծամոն, իսկ 1981-ին ծավալը կրկնապատկվեց։ Իր արտաքին տեսքով և համով հայկական ծամոնն առանձնապես չէր փայլում, բայց դա մեր ծամոնն էր։ Իսկ սա միշտ էլ փաստարկներից ամենածանրակշիռն է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս