Բաժիններ՝

Հայաստանը կդառնա խոշոր ընկերությունների համար ներդրումային հաջորդ կետը քարտեզի վրա. ՀՀ-ն անդամակցելու է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը

Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկություն ու հաշվետվողականություն ապահովելու նպատակով Հայաստանը կանդամակցի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ/EITI)։ Այդ նպատակով ստեղծվել է բազմաշահառու խումբ՝ կազմված կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ բազմաշահառու խմբի առաջին պաշտոնական նիստը և տրվեց Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է, որին ներկայում անդամակցում է 51 երկիր՝ թեկնածու և համապատասխանող կարգավիճակներով:

Բազմաշահառու խմբի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բնորոշմամբ՝ ստեղծվում է նոր մշակույթ, որը կախված չէ քաղաքական իշխանություններից և դրանց փոփոխություններից։ Ըստ նրա՝ սա հրաշալի գործիք է համագործակցային ձևաչափով բացահայտելու հանքարդունաբերության ոլորտում առկա խնդիրները, ապահովելու ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, որն իր հերթին՝ կբարելավի հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչությունը, կբարձրացնի հանրային վստահությունը: Նա նշեց, որ նախաձեռնությանը միանալու գաղափարը ծնվել է Բաց կառավարման գործընկերության ծրագրի շրջանակում, և ՀՀ վարչապետը Հայաստանի՝ EITI-ի ստանդարտի ներդրման պատրաստակամության մասին հայտարարել է 2015 թ. հուլիսի 28-ին կայացած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի ժամանակ: Դ.Հարությունյանը հայտնեց, որ ՀՀ-ում սկզբնական շրջանում EITI-ը ներառելու է մետաղական հանքարդյունաբերությունը, հետագայում կարող է որոշում կայացվել ընդլայնելու EITI-ի ընդգրկման շրջանակները:

davit-harutyunyan-2

Կարդացեք նաև

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ ստանդարտների ներդրումից հետո որոշ հանքավայրեր կարող են փակվել, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Հակառակը, փորձը ցույց է տալիս, որ ստանդարտների ներդրումից հետո ոլորտը սկսում է բուռն զարգանալ»։

ՀԲ հանքարդյունաբերության ոլորտի խորհրդատու Նարինե Թադևոսյանը նշեց, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության ստանդարտին անդամակցող երկրներում ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու արդյունքում ակտիվանում է հանրային քննարկումը, որը Հայաստանում թեև կա, բայց միայն հ/կ-ներն են ակտիվ, իսկ սովորական քաղաքացիները, որոնք բնական ռեսուրսների սեփականատերերն են, այդքան էլ ներգրավված չեն. «Հարթակ է ստեղծվում, որպեսզի երկխոսություն լինի, և արդյունավետությունը բարձրանա»։

Նա տեղեկացրեց, որ ներկայում խումբն իրականացնում է ԱԹՃՆ-ի ստանդարտով սահմանված պարտադիր աշխատանքները՝ ԱՃԹՆ թեկնածության հայտը դեկտեմբերին ներկայացնելու և 2017 թ. մարտին ԱՃԹՆ թեկնածու երկիր դառնալու համար:

Բազմաշահառու խմբի անդամ «Լիդիան Արմենիա» ընկերության կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանն արդեն իսկ քայլեր ձեռնարկել է, և շատ հարցերում թափանցիկության առումով կա առաջխաղացում, և այս ստանդարտի կիրառումն ուղղված է լրացուցիչ թափանցիկությանը։

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի արժեթղթերի բորսայում, բաժնետերերի ցանկում են նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան, Եվրոպական վերակառուցման բանկը, ուստի արդեն լրացուցիչ թափանցիկության պահանջներ կան՝ ֆինանսական հաշվետվությունների, համայնքներին վճարների մասին, և այդ բոլոր հաշվետվությունները տեղ են գտնում մեր կայքէջերում և հասանելի են բոլորին։ Այս ստանդարտի ներդրումը կտարածվի բոլոր ընկերությունների վրա։ Մենք հուսով ենք, որ սա լրացուցիչ ինդիկատոր կլինի հանքարդյունաբերության ոլորտում աշխարհի մյուս խոշոր ընկերություններին, և Հայաստանը կդառնա իրենց համար ներդրումային հաջորդ կետը քարտեզի վրա։ Ինչքան մեծ անուններ լինեն այս ոլորտում, այդքան ավելի պատասխանատու, այդքան ավելի լավ կիրականացվի հանքարդյունաբերությունը»,- ասաց Ա.Ստեփանյանը։

xorhrdakcutyun1

«Էկոլոգիական իրավունք» հ/կ ղեկավար Արթուր Գրիգորյանի դիտարկմամբ՝ այս բազմաշահառու խումբը մյուս բոլոր տեսակի հանրային խմբերից տարբերվելու է նրանով, որ այստեղ բոլոր որոշումներն ընդունվելու են կոնսենսուսով, այսինքն՝ եթե քաղհասարակությունից որևէ մեկը դեմ է որևէ որոշման, այն չի կարող ընդունվել.

«Հանրային խումբը ներկայացրել է առաջնահերթություններ՝ առողջության, կենսաբազմազանության վրա ազդեցություն, և այլն։ Դա նշանակում է, որ աշխատանքային ծրագրում պետք է արտացոլված լինեն այդ առաջնահերթությունները, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի հաղթահարելու այն խնդիրները, որոնք հանքարդյունաբերությունն առաջացնում է այդ կոնտեքստում։ Եթե ոչինչ չարվի, ապա բազմաշահառու խումբը չի հաստատի հաշվետությունը, երկիրն ԱՃԹՆ-ի մաս չի կազմի և չի կարողանա օգտվել այն առավելություններից, որոնք ընձեռում է անդամակցությունը՝ տնտեսության տարբեր ոլորտներում արտոնյալ վարկեր, և այլն»։

Ա. Գրիգորյանը կարևորեց բնապահպանության բարելավումը՝ նշելով, որ հանքարդյունաբերության պատճառով բնությունը ՀՆԱ 8-10%-ի չափով կորուստ է կրում, և, օրինակ, 400 մլն դոլար օգուտի դեպքում 1 մլրդ դոլարի վնաս է հասցվում. «Պետք է հասնել նրան, որ հանքարդյունաբերությունն ավելի շատ վնաս չտա, քան օգուտ»։

Քաղհասարակության ներկայացուցիչ, բնապահպան Էրիկ Գրիգորյանն ընդգծեց, որ այս խմբում քաղհասարակության մասնակցությունը զուտ ֆիկտիվ բնույթ չի կրում։ Նա բերեց Ադրբեջանի օրինակը, որտեղ լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ քաղհասարակության ձայնը հաշվի չէր առնվել, ինչի հետևանքով երկրի անդամակցությունն է կասեցվել ԱՃԹՆ-ին, այժմ անգամ թեկնածությունն է կասեցվում։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս