Արցախը կայացած, ժողովրդավարական, նորմալ երկիր է

Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը

– Պարոն Բաբայան, ռուս մեծահարուստ, աղմկահարույց գործիչ Գերման Ստերլիգովն Արցախում է: ԼՂ իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվում նրա ներկայությանը ԼՂ-ում:
– Գիտեք, նա որպես զբոսաշրջիկ է եկել, այնուհետև հայտնել է ցանկություն` մնալ Արցախում: Մենք ազատ երկիր ենք, եթե ինքը չի խախտում որևէ օրենք, չունի խնդիրներ օրենքի կամ իրավապահ մարմինների հետ, այդ թվում` նաև իր սեփական երկրում, ապա ինչո՞ւ պետք է դեմ լինենք: Մենք որևէ առարկություն կամ վատ վերաբերմունք չունենք: Ցանկացած մարդ կարող է գալ, հատկապես, նա ասում է, որ Արցախը դրախտային երկիր է, այստեղ պահպանվել են տարբեր արդեն մոռացված արժեքներ, որ չկան աշխարհի այլ մասերում: Մարդ է, էլի, եկել է, մենք նման որևէ խոչընդոտներ չենք դրել ոչ մեկի առջև: Եկել է` որպես զբոսաշրջիկ, ցանկացել է մնալ, եթե որևէ խնդիր չկա օրենքի հետ կապված, որևէ վտանգ չի ներկայացնում, ապա իշխանությունները որևէ ձևով չեն խոչընդոտում:

– Թեև Ստերլիգովն ասուլիսում հերքել էր, բայց համառ լուրերը են շրջանառվում, որ նա կապ ունի «Բոռն» ծայրահեղ ազգայնական կազմակերպության հետ: Փորձե՞լ եք պարզել` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է դա, թե՞ ոչ:
– Ես չգիտեմ` այդպիսի տեղեկություններն ինչքանով են համապատասխանում իրականությանը: Մենք այդպիսի տեղեկություն դեռևս չունենք: Եթե լինի այդպիսի հստակ տեղեկություն, այն ժամանակ արդեն կմտածենք:

– Նախկինում նա հայտարարել էր, որ Ղարաբաղը Ռուսաստանի մաս է: Իր այս քաղաքական հայտարարություններին ինչպե՞ս եք վերաբերվում, և արդյոք Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պայման առաջադրե՞լ են նրան, որ չքաղաքականացնի իր ներկայությունը ԼՂ-ում:
– Ես չգիտեմ` ով ոնց է ասել Ռուսաստանի մասին: Միգուցե նա պատմականորեն ասել է, թե ինչ-որ ժամանակաշրջանում եղել է Ռուսական կայսրության, ԽՍՀՄ մաս: Եթե դա այդպես է, դա պատմական փաստ է, դա չի նշանակում, որ Արցախը հայկական չէ, կամ հայկական չէ հիմա, կամ հողի կարգավիճակը փոխվել է: Հիմա տարբեր ժողովուրդների պատմության մեջ այս կամ այն ժողովուրդը կամ այս կամ այն երկիրը, պետությունը կարող է կորցնել իր անկախությունն ու մտնել այլ պետությունների կազմի մեջ, այնուհետև կրկին ձեռք բերել իր անկախությունը: Մեզ հետ էլ է նման մի բան ստացվել, այդ թվում` պատմական Հայաստանի հետ, որը բաժանված է եղել տարբեր կայսրությունների միջև, և մենք վերականգնել ենք մեր պետությունը և մեզ համար անկախ պետականությունը բացառիկ արժեք է, ինչպես նաև` անվտանգությունը: Այս ձևով էլ շարժվում ենք, որևէ փոփոխություն մեր տեսլականի մեջ չկա:
– Նա մի կոչ էլ էր արել` գովերգելով Ղարաբաղը, կոչ էր արել իր համախոհներին` գալ, հաստատվել Ղարաբաղում: Եթե նրա հետևորդների թիվը շատանա, վտանգ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ: 
– Ես չեմ մտածում, որ վաղն Արցախ կժամանեն տասնյակ-հազարավոր համախոհներ, համենայն դեպս, այդքան նույնիսկ չկան էլ: Ուղղակի նա արտահայտել է իր կարծիքը, տարբեր լրատվամիջոցներ դրա մասին խոսում են: Դա ինքնին դրական է, որ ևս մեկ անգամ Արցախը ճանաչելի դարձավ աշխարհին, ճանաչելի դարձավ նորմալ ձևով, որովհետև աննորմալ պետության մասին այդպես գովասանքով չեն խոսի, աննորմալ պետություն երբ գալիս են, տեսնում են ինչ-որ աննորմալ կազմակերպություններ, ծայրահեղական պետական կազմավորումներ, գնում են կամ ահաբեկիչները, կամ հանցագործները, գնում են, կորում են, մասնակցում են պատերազմին, և այլն: Մեզ մոտ նորմալ ժողովրդավարական երկիր է, այդ մարդը եկել է, հրապարակավ հայտարարել է, որ այստեղ է, իր կարծիքն է հայտնել մեր պետության հանդեպ, զարգացման սցենարներ է առաջարկել: Անկախ նրանից, մենք ընդունո՞ւմ ենք դա, թե՞ չենք ընդունում, փաստորեն, իր այս այցելությունն ու հայտարարությունն ինքնին փաստում է մի բան, որ Արցախը կայացած ժողովրդավարական, նորմալ երկիր է: Այլապես որևէ մեկը չի գա այստեղ, հատկապես` արտասահմանցին, օտարերկրացին:

Տեսանյութեր

Լրահոս