«Գիտենք, թե ինչո՞ւ այդ մեքենաները երկրորդ գծից չեն հանվում, որովհետև այդ սուպերմարկետի տերն ունի օրենքից դուրս արտոնություն». Արա Ղազարյան
Վարորդներին անվճար իրավաբանական օգնություն ցույց կտա ևս մեկ կազմակերպություն
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հ/կ հիմնադիր անդամներից՝ իրավաբաններ Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանն այսօրվա ասուլիսին ասացին, որ «Աքիլես» ԱԻՊԿ հ/կ-ի հետ՝ մեկը մյուսին լրացնելով, փորձելու են օգնել վարորդներին՝ պաշտպանելու նրանց իրավունքները:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ բոլոր վարորդները կարող են դիմել իրենց հ/կ-ին և ստանալ անվճար իրավաբանական օգնություն: Իրենց կարելի է դիմել պաշտոնական կայքի միջոցով:
Արա Ղազարյանն ասաց, որ խախտումներ թույլ են տալիս բոլոր վարորդները: «Վարորդներին ավելի շատ անհանգստացնում է այն, որ ընթացակարգերը չեն պահպանվում, երբ սկսվում է վարորդների դեմ վարչարարություն:
Գրեթե բոլոր վարորդները տույժի են ենթարկվում, և կարելի է ասել, որ սա օրենքի շղարշի տակ հարկահավաքություն է: Հիմա կարող ենք գնալ Տիգրան Մեծ պողոտայով, և հայտնի սուպերմարկետի դիմաց «գոլդ համարներով» մեքենա կանգնած լինի երկրորդ գծում (Տիգրան Մեծ 10 հասցեում «Երևան Սիթի» սուպերմարկետն է.-Ռ.Մ.): Այսինքն՝ կա տարբերակված մոտեցում: Մենք գիտենք, թե ինչո՞ւ այդ մեքենաները երկրորդ գծից չեն հանվում, որովհետև այդ սուպերմարկետի տերն ունի օրենքից դուրս արտոնություն: Բայց նման դեպքերում, երբ վարորդը ստիպված է խախտում անում, պատասխանատվության չեն ենթարկում»,- պարզաբանեց Արա Ղազարյանը:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ եղել են դեպքեր, երբ խանութի տիրոջ նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, երբ փոխվել է նրա ստատուսը, և դրա առջև կանգնած ավտոմեքենաների սեփականատերերը ենթարկվել են հետահայաց պատասխանատվության:
168.am-ի հարցին, թե օրենքի խախտում չէ՞ր այն, որ հայտարարվել էր վարորդների համաներում, բայց վարորդները պատշաճ կերպով չեն իրազեկվել և հիմա կանգնել են հնգապատիկ տուգանքներ վճարելու խնդրի առջև, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Խախտվել է իրավական անվտանգության, իրավական որոշակիության, իրավական կայունության սկզբունքը:
Վարորդը կատարեց ենթադրյալ արարքը, օրինակ՝ մեքենայով գնում է և հայելու մեջ տեսնում արագաչափի պարպումը: Նա 21 օր հետո պետք է մոռանա այդ փաստը և ոչնչացնի փաստերի արխիվը, այնինչ անցնում է 3 ամիս, մեկ էլ գալիս է տուգանքի որոշում: Վարորդն այլևս չի կարող պաշտպանվել, որովհետև արխիվը ոչնչացված է: Վարչական պատասխանատվության վերաբերյալ տարեկան 1.5 միլիոն որոշում է կայացվում. նմուշի համար մեկը օրինական չէ: Պետք է կոնկրետ գրված լինի՝ ի՞նչ արարք է կատարվել, և դրա համար ի՞նչ է նախատեսվում»: