Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսին Օբամայի արած զիջումներին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանն արձագանքել է ԱՄՆ սենատում հանրապետականների ու դեմոկրատների միջև ձեռք բերված համաձայնությանը, որն առնչվում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանը:
Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ դա ԱՄՆ-ի ներքին խնդիրն է, և որ այդ համաձայնությունը չի ազդի «միջուկային» բանակցությունների վրա: Աֆհամն ընդգծել է, որ իրենք բանակցում են ոչ թե ամերիկացի սենատորների, այլ՝ ԱՄՆ ղեկավարության հետ:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մի շարք զիջումների է գնացել Կոնգրեսին՝ կապված Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ: Օբաման մասնավորապես համաձայնվել է ստորագրել հանրապետականների առաջ քաշած օրինագիծը, որի համաձայն՝ ամերիկացի օրենսդիրներն իրավասու են արգելափակել Իրանի հետ յուրաքանչյուր համաձայնագիր:
Ավելի վաղ Օբաման սպառնացել էր վետո դնել դրա վրա, սակայն իր որոշումը փոխել է այն բանից հետո, ինչ օրինագիծն աջակցություն է ստացել դեմոկրատ սենատորների մեծ մասի կողմից և ակնհայտ է դարձել, որ Կոնգրեսը կարող է հաղթահարել նախագահական վետոն:
Չնայած դրան՝ Օբաման նախկինի նման կարող է միակողմանի վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել են ոչ թե Կոնգրեսի որոշումներով, այլ՝ նախագահական հրամաններով: Իսրայելը ողջունել է այդ համաձայնությունը: