Իսրայելը ողջունել է Օբամայի վարչակազմի ու Կոնգրեսի միջև ձեռք բերված փոխզիջումային համաձայնությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը դրականորեն է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ու ԱՄՆ Կոնգրեսի միջև ձեռք բերված փոխզիջումային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Յուվալ Շտայնիցը.

«Մենք բնականաբար ուրախ ենք, դա իսրայելական քաղաքականության արդյունքն է, Կոնգրեսում վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը վճռորոշ դեր է խաղացել այդ օրենքի ընդունման հարցում, որը շատ կարևոր տարր է՝ կանխելու համար վատ գործարքը կամ էլ ծայրահեղ դեպքում այն դարձնում է առավել խելամիտ»:

Նախօրեին ԱՄՆ սենատի հանձնաժողովը հավանության է արժանացրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ օրենքում ուղղումներ անելը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ պատրաստվում է վետո դնել Կոնգրեսի յուրաքանչյուր փորձերի վրա՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ այդ երկրի հետ բանակցությունները տապալելուն:

Սակայն Օբաման հարկադրված է եղել գնալու փոխզիջման՝ գտնվելով հանրապետականների, ինչպես նաև իր կուսակցության դեմոկրատների ահռելի ճնշման տակ: ԱՄՆ նախագահի վարչակազմի ու Կոնգրեսի միջև թեժ բանավեճեր են ծավալվել Իրանի հետ պայմանավորվածությունների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս