Ռուսաստանը լուրջ արտոնություններ է շնորհում ԵՏՄ-ի երկրները ներկայացնող աշխատանքային ներգաղթյալներին. Ռոմոդանովսկի
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն աշխատանքային մի շարք էական արտոնություններ է տրամադրում ԵՏՄ-ի երկրներից ժամանող աշխատանքային ներգաղթյալներին:
Այս մասին միջազգային ներգաղթի ոլորտում համագործակցության վերաբերյալ Մոսկվայում կազմակերպված «կլոր սեղանի» ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին.
«Ռուսաստանը ԵՏՄ-ի մասին պայմանագրի անդամ է: Դրանով նախատեսված է աշխատավորների մուտքի, ելքի, մնալու, նրանց ծավալած գործունեության հանդեպ մոտեցումների միավորման միասնական կարգ:
ԵՏՄ-ի երկրներից ժամանող ներգաղթյալները Ռուսաստանում չեն ձևակերպում աշխատանքի թույլատրման փաստաթղթեր, նրանց համար միգրացիոն հաշվառման կանգնելու ժամկետն ավելացվել է մինչև 30 օրվա:
Ամրապնդվել է ԵՏՄ-ի երկրների քաղաքացիների համար միգրացիոն քարտը լրացնելուց ազատվելու հնարավորությունը Ռուսաստանի տարածք արտասահմանյան անձնագրերով մուտք գործելու դեպքում՝ պայմանով, որ նրանց մնալու ժամկետը չի գերազանցի 30 օրը՝ սկսած երկիր մուտք գործելուց:
ԵՏՄ-ի երկրները ներկայացնող աշխատանքային ներգաղթյալները Ռուսասանում բուժօգնություն և սոցիալական ապահովագրում ստանում են այն նույն պայմաններով ու նույն կարգով, ինչպես որ ռուսաստանցիների դեպքում է: Նրանք իրավասու են կնքել ոչ միայն աշխատանքային, այլև՝ քաղիրավական պայմանագիր, ընդ որում՝ նրանց կողմից հարկ վճարելու պայմանները կլինեն նույնպիսին, ինչպիսին որ ռուսաստանցիների պարագայում է:
Աշխատանքային ներգաղթյալի ու նրա ընտանիքի անդամների ժամանակավոր մնալու ժամկետը հստակեցվում է աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրի գործունեության ժամկետով:
Ընդգծեմ, որ առավելությունների ծավալը հասցված է առավելագույնին, որոնք այսօր Ռուսաստանում տրվում են ԵՏՄ-ի երկրները ներկայացնող աշխատանքային ներգաղթյալներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ կապված երկրում մնալու և աշխատանքային գործունեություն ծավալելու հետ»: