
Վիետնամը պլանավորում է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել 2015 թվականի առաջին կեսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիետնամը պլանավորում է 2015 թվականի առաջին կեսին հասնել ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը: Այս մասին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Վիետնամի վարչապետ Նգուեն Տան Զունգը.
«Վերջին շրջանում մեր ապրանքաշրջանառությունը մի փոքր կրճատվել է և իրավիճակի բարելավման համար մենք որոշել ենք մեր նախարարություններին, գերատեսչություններին ու ձեռնարկատերերին հանձնարարել շուտափույթ միջոցներ ընդունել՝ 2015 թվականի առաջին կիսամյակում Վիետնամի ու ԵՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելու համար»:
Զունգը հավելել է, որ Վիետնամը ձգտում է մինչև 2020 թվականը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը մինչև 10 միլիարդ դոլար հասցնելուն: Մեդվեդևի խոսքերով՝ նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 3.7 միլիարդ դոլար: