«Լռում ենք, իբրև թե բոլորն ամեն ինչ գիտեն: Ոչ ոք ոչինչ չգիտի, մենք դուրս ենք մնացել համաշխարհային պատմությունից». Կարինե Դանիելյան
Վերջին տարիներին Հայաստանը որդեգրել է մի նոր` լռության քաղաքականություն, որ կարծես նորություն է և հայերն են ներմուծել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեցին բնապահպան Կարինե Դանիելյանը և ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Մենք դեռևս 1990-1991 թվականներից ունեցել ենք արտաքին քաղաքականության սկզբունքների բացակայություն, աղավաղված արտաքին քաղաքականություն, և այս հարցին անդրադարձել ենք տարիներ շարունակ: Մի բան հստակ է.Արցախն այդ տարիներին դուրս հանվեց բանակցային գործընթացից:
Բայց այնպես չէ, որ մեղքը միայն Արտգործնախարարությանն է. չէ՞ որ արտաքին քաղաքականությունը նաև երկրի գործող նախագահի գործառույթների մեջ է մտնում և նաև նրա պատասխանատվությունն է»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա կարծիքով` Հայաստանը սկզբում գտնվում էր Արևմուտքի ազդեցության տակ, հիմա էլ գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ.
«Երբ գոնե հասարակական կազմակերպությունները փորձում էին ակտիվ դիրքորոշում ունենալ, իշխանությունը միշտ դժգոհում էր և կոչ էր անում` լռե՛ք, պետք չէ ոչինչ անել: 1991թ. դեկտեմբերի 16-ին Եվրամիության հատուկ հանձնաժողովը ստորագրեց մի փաստաթուղթ («Նորանկախ պետությունների ճանաչման սկզբունքները»), որտեղ գրված էր, որ Հարավսլավիայի և Սովետական Միության փլուզումից հետո նոր ստեղծվող պետությունները պետք է ճանաչվեն իրենց նախկին սահմանների մեջ:
Ես համոզված եմ, որ այդ որոշմամբ այդ պայմանը դրված է եղել բոլոր քաղաքական էլիտաների առջև»:
Իսկ Կարինե Դանիելյանի կարծիքով` մենք բացարձակապես նշանակություն չենք տալիս ինֆորմացիոն պատերազմներին.
«Տեսեք, թե այժմ ինչ քարոզչություն է ընթանում Ուկրաինայի շուրջ. ռուսական որ հեռուստաալիքը միացնում ես՝ քարոզչություն է գնում, արևմտյան հեռուստաալիքներով քարոզչություն է գնում: Մեզանում հակառակ գործընթացն է տեղի ունենում. լռում ենք, իբրև թե բոլորն ամեն ինչ գիտեն: Ոչ ոք ոչինչ չգիտի, մենք դուրս ենք մնացել համաշխարհային պատմությունից. երբ դու պետականություն չունես, քո մասին գիտեն միայն նեղ մասնագետները»:
Բանախոսներ Լ. Ալավերդյանը և Կ. Դանիելյանը խոսեցին նաև ՄԱԿ-ի եվրոպական կառույցների` Թուրքիա տեղափոխվելու և դրա հետևանքների մասին.
«Եվրոպական կառույցների տեղափոխումը Ժնևից, Փարիզից, Վիեննայից դեպի Ստամբուլ՝ նշանակում է, որ Հայաստանը կչեզոքացվի ՄԱԿ-ի գործունեությունից: Այսինքն` Թուրքիան դառնում է ՄԱԿ-ի համար կենտրոն, և մենք, գնալով Ստամբուլ, պիտի ապացուցենք, որ Եղեռն է եղել, Ղարաբաղի հարց կա, և այլն: Մենք ոչ մի հարց չենք կարողանա լուծել. իրենք այնտեղ իրենց ողջ ազդեցությունն օգտագործելու են»:
Կ. Դանիելյանը նշեց, որ այդ հարցը բարձրացրել են նաև նախագահի մոտ.
«Մենք ցանկանում էինք Հանրային խորհրդով հավաքել Եվրոպայի դեսպաններին, Սփյուռքի նախարարության հետ բանակցեինք, որ սփյուռքն էլ իր բողոքի ձայնը բարձրացներ, բայց Արտգործնախարարությունը գտավ, որ պետք չէ: Ճիշտ է, նախագահն ասաց` բայց ինչո՞ւ եք ենթարկվել. դուք ազատ, անկախ մարմին եք, ինքներդ կարող էիք կազմակերպել: Բայց դեսպանների հետ աշխատել` առանց Արտգործնախարարության համաձայնության, էթիկայի կանոններից դուրս է, կարծում եմ»:
Ամփոփելով խոսքը` Կ. Դանիելյանը նշեց, որ Հայաստանը պետք է ունենա համապատասխան մասնագետների բազա, ովքեր կկարողանան աշխատել հենց այդպիսի կառույցներում: Քանի դեռ հայ ժողովուրդը չի օգտագործել իր ամբողջ ներուժը, մենք անընդհատ տանուլ ենք տալու ինֆորմացիոն պայքարում, իսկ դա, նրա խոսքով, սկիզբն է ընդհանուր հետնահանջի: