Բաժիններ՝

Իմաստուն, այսինքն՝ հիմար ու հոգնած

Տրամաբանակա՞ն է էլեկտրաէներգիայի թանկացման համար պատասխանատվություն ակնկալել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից: Թերևս, միայն այն առումով, որ հենց նրա ղեկավարած հանձնաժողովն է պատրաստվում օգոստոսի 1-ից 10 տոկոսով թանկացնել էլեկտրաէներգիան: Այսինքն՝ 1 կվտ էլեկտրաէներգիայի համար ՀՀ քաղաքացիներս պետք է վճարենք ոչ թե 38, այլ արդեն 42 դրամ:

Տակավին 2013թ. հուլիսին այս հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիան թանկացավ 26,7 տոկոսով, գազը՝ 18,2: Ընդ որում, փոքրիկ, բայց համառ մի փաստ՝ «ՀայՌուսգազարդը» հանձնաժողովին առաջարկել էր գազը թանկացնել 67 տոկոսով:
Ի՞նչ պատահեց, որ թանկացրեցին: Ոչի՛նչ: Սուսուփուս վճարում ենք: Դժգո՞հ ենք: Գուցե: Բայց, միևնույն է, թող որ դժկամությամբ, սակայն պարտաճանաչ վճարում ենք այնքան, որքան մեզ ասում են: Մենք՝ ժողովուրդը, ճիշտ այնպիսին է, ինչպիսին Ռոբերտ Նազարյանի պատկերացումներում՝ իմաստուն: Բառարաններում «իմաստուն» բառի հոմանիշներն այլ են: Սակայն չշոյվենք. «իմաստուն» բառը պարոն Նազարյանն, ամենայն հավանականությամբ, գործածել է «հիմար», «անկամ», «հոգնած», «հարմարվող» իմաստներով:

Այսքանից հետո ինչո՞ւ պետք է այս աստիճանի իմաստուն ժողովուրդը դժգոհի էլեկտրաէներգիայի նոր թանկացումից: Այն դեպքում, երբ մոտ 27 տոկոս թանկացումը լուռ ընդունեց, ուզում եք ասել՝ ինչ-որ 10 տոկոսի համար փողո՞ց դուրս կգա: Ընդ որում, թանկացման հիմնավորումն էլ զիլ է հնչում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 16,6 միլիարդ դրամի պարտք է կուտակել: Եվ ո՞ւմ փողերով պետք է փակի այդ բացը, եթե ոչ՝ իմաստուններից իմաստունի՝ ժողովրդի:

Իրականում՝ անվերջ թանկացումներին մեր դիմադրությունը շատ թույլ է, այնքան թույլ, որ գրեթե չկա: Բոլորս գիտակցում ենք՝ ինչ-որ բան այնպես չէ, անհրաժեշտ են հիմնարար փոփոխություններ, սակայն չունենք այդ փոփոխությունները կազմակերպելու քաղաքական մեխանիզմ:

Կարդացեք նաև

Դրա վկայությունն էր հունիսի 23-ին «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» շարժման ակտիվիստների բողոքի ակցիան՝ մոտ 40-50 ակտիվիստներով: Մարդկայնորեն եթե անգամ ակցիան հասկանալի է, ապա արդյունավետության տեսակետից այն չափազանց թույլ էր: Արդյունքը եղավ այն, որ ոստիկաններն ուժ կիրառեցին բողոքի մասնակիցների հանդեպ, էլեկտրաէներգիայի աննախադեպ թանկացումը (1 տարում՝ 38 տոկոս) մղվեց երկրորդ պլան: Հիմա բոլորս քննարկում ենք հայ ոստիկանների՝ բարոյական ոչ այնքան կայուն նկարագիրը:

Մեր արձագանքը, որպես կանոն, ոչ ադեկվատ է և չափազանց ուշացած:
Եթե, խոշոր իմաստով, առանձնապես դեմ չենք 27 տոկոս թանկացմանը, ինչո՞ւ պիտի դեմ լինենք տասը տոկոսին: Եթե թույլ չտայինք նախորդ թանկացումը, այսօր չէր լինի այս մեկը: Եվ հիմա էլ դարձյալ փողոց են դուրս գալիս մոտ 40 քաղաքացիներ՝ «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» շարժումից: Լրատվամիջոցները հայտնեցին, որ շարժման նպատակն էր՝ հանդիպել անձամբ Ռոբերտ Նազարյանին և նրանից բացատրություններ պահանջել՝ անարդար այս որոշման կապակցությամբ: Եթե անգամ ոստիկանները խելամտություն ունենային չխանգարել ՀՀ քաղաքացիներին՝ օգտվել իրենց իրավունքից, ի՞նչ պիտի պատասխաներ Ռոբերտ Նազարյանը՝ նոր, և ի՞նչ պիտի անեին շարժման ակտիվիստները:

Լոկալ, փոքրիկ խմբերով պայքարն իրեն գուցե արդարացնում է՝ փոքրիկ խնդիրներ լուծելու առումով (Մաշտոցի պուրակն, օրինակ), իսկ սոցիալական հնչեղություն ունեցող խնդիրները ենթադրում են մեծ, շատ մեծ թվով մարդկանց ներգրավվածություն՝ տարածված պայքարով: Ինչպես եղավ, օրինակ, «Վճարում ենք 100 դրամ» շարժման ժամանակ:

Այս դեպքում ընդդիմությունն էլ գրեթե նույնքան իմաստուն է, որքան ժողովուրդը: Բայց այս դեպքում՝ «իմաստուն» նշանակում է՝ «ճարպիկ», «հաշվենկատ», «գործնական», «զրո»: Ընդդիմությունը նույնքան դեգրադացված է, որքան իշխանությունը: Եթե չասենք, որ իշխանությունն ինքն է ընտրում իրեն հարմար ընդդիմություն:

2008-ի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում գիշերող, մարտի 1-ին մայրաքաղաքի փողոցները լցված տասնյակ-հազարավոր մարդիկ ոչ մի տեղ չեն կորել, նրանք այստեղ են: Նրանք շարունակում են դժգոհել, սակայն դա անում են տանը: Այնպես որ, այսօր փողոցում, անգամ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, պայքարի են դուրս գալիս 40-50 հոգի: Սա նշանակում է, որ բոլոր նախադրյալները կան՝ վստահ լինելու, որ մյուս տարի ժողովրդի իմաստնությունը հնարավորություն կտա դարձյալ մի 10 տոկոսով ևս թանկացնել էլեկտրաէներգիան: Սա նաև գեղեցիկ ժեստ կլինի «ՀայՌուսգազարդին», որ 67 տոկոսով էլեկտրաէներգիան թանկացնելու նրա ցանկությունը լուծելի է՝ միմիայն հայ ժողովրդի իմաստնության շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս