5 պատճառ, թե ինչու 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների ափհանումը կարող էր վերածվել աղետի. The National Interest
2014 թվականի հունիսի 5-ին ամերիկյան The National Interest պարբերականում հրապարակվել է Մայքլ Պեկի «5 պատճառ, թե ինչու D օրը կարող էր վերածվել աղետի» խորագրով հոդվածը, որում խոսք է գնում 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման մասին, ինչն էլ որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Թեև D օրը պատրաստել էին մի քանի տարի, և դաշնակցային զորքերի հրամանատար Դուայթ Էյզենհաուերի տրամադրության տակ կար զորքերի, ռազմանավերի ու ինքնաթիռների սարսափազդու արմադա, նա հասկանում էր, թե որքան ռիկսային է հիտլերյան «ատլանտյան պատնեշի» հենց կենտրոնի առափնյա ամրությունները գրոհելը:
Հետադարձ հայացք նետելով 70-ամյա վաղեմության դեպքերի վրա՝ կարելի է հեշտությամբ ենթադրել, որ 1944 թվականի հունիսին Երրորդ ռեյխը դատապարտված էր: Ռուսական բանակներն անշեղորեն հարձակվում էին արևելքից, անգլո-ամերիկյան զորքերը՝ արևմուտքից, իսկ գերմանական քաղաքներն ու գործարաններն ամերիկյան ու բրիտանական ռմբակոծիչների շուրջօրյա հարվածների հետևանքով վերածվել էին ավերակների:
Սակայն նրանք, ովքեր պատերազմել են գերմանացիների դեմ, գիտեն, որ անկարելի է թերագնահատել նրանց: Էյզենհաուերը հասկանում էր, թե որքան վտանգավոր է այդ գործողությունը: D օրը պսակվեց հաջողությամբ: Սակայն կա 5 պատճառ, որոնք կարող էին հանգեցնել նրան, որ ափհանումը վերածվեր աղետի:
Ա) Գերմանացիները կարող էին իմանալ դեսանտի ափհանման վայրի մասին: 1944 թվականի սկզբին բոլորը գիտեին, որ շուտով կսկսվի հարձակումը: Դա գիտեր Բրիտանիայի բնակչությունը՝ հետևելով նրան, թե ինչպես է իր կղզին բառացիորեն սուզվում ամերիկյան դիվիզիաների ծանրության տակ, որոնք մեկը մյուսի հետևից ժամանում էին երկիր:
Դա գիտեր նաև Հիտլերը, և դրա հետ կապված՝ նա իր էլիտար տանկային դիվիզիաներն Արևելյան ճակատից տեղափոխել էր արևմուտք: Կարևորագույն հարցն այն էր, թե որտեղ հարված կհասցնեն դաշնակցային զորքերը:
Ծովում գերակայություն ունենալը դաշնակիցներին վիթխարի ճկունություն էր հաղորդում հարձակման վայրի ընտրության հարցում, իսկ դա նշանակում էր, որ գերմանացիները պետք է թշնամական դեսանտի ափհանմանը սպասեին ամեն տեղ՝ Ֆրանսիայից մինչև Բելգիա ու Նիդերլանդներ (Հիտլերն անգամ վստահ է եղել, որ Նորվեգիայում նույնպես դեսանտ կափհանվի):
Եվ այնուամենայնիվ, գերմանացիները կարող էին գրագետ կռահումներ կատարել: Ներխուժման իդեալական վայրը պետք է գտնվեր անգլիական օդանավակայաններից գործող կործանիչային ավիացիայի պաշտպանության սահմաններում: Բացի այդ, այն պետք է հնարավորինս մոտ գտնվեր Անգլիայի հարավի նավահանգիստներին, որպեսզի կոնվոյները շատ ժամանակ չծախսեին ճանապարհի վրա:
Նորմանդիան հնարավոր տարբերակներից մեկն էր, սակայն առավել հավանական էր համարվում Պա Դե Կալեի շրջանը, որը գտնվում էր Լա Մանշի հակառակ ափին գտնվող Դուվրից 32 կիլոմետր հեռավորության վրա:
Գերմանացիները Կալեում կենտրոնացրել էին զորքերի խոշոր խմբավորում, և դաշնակիցներն ամեն կերպ նպաստում էին դրան: Նրանք անգամ կեղծ բանակ էին ստեղծել Ջորջ Պատոնի հրամանատարության ներքո, որը թվում էր, թե ուր որ է՝ ափհանում է սկսելու Կալեի շրջանում:
Դրա հետ կապված՝ գերմանացիները երկար ամիսներ Պա Դե Կալեում պահում էին զգալի ուժեր՝ վստահ լինելով, որ Նորմանդիայում ափհանումը կլինի միայն խաբուսիկ մանևր: Սակայն իրականում ափհանումն իրականացվեց հենց Նորմանդիայում, ուր դաշնակիցները վճռական առավելության հասան օգոստոսին, ինչն էլ նրանց համար ճանապարհ հարթեց դեպի Գերմանիա:
Սակայն ամեն ինչ կարող էր դասավորվել այլ կերպ: Գերմանացիները կարող էին կռահել, որ ափհանման վայրը Նորմանդիան է: Անգլիայում գերմանական որևէ լրտես կարող էր իմանալ դաշնակիցների գաղտնիքները. անզգույշ խոսք, գողացված փաստաթուղթ, կային շատ եղանակներ՝ բացահայտելու ու տապալելու D գաղտնի օրը: Դրա հետևանքները կարող էին աղետալի լինել:
Գերմանացիներն անմիջապես կամրապնդեին իրենց պաշտպանական բնագծերը, և յուրաքանչյուր լողափ կարող էր վերածվել Օմահա բիչի, ուր գրեթե ամբողջովին ոչնչացվեցին հարձակվող ամերիկյան զորքերի առաջին ալիքները: Սակայն D օրն իրական մահացու հարված կարող էին հասցնել Պա Դե Կալեից Նորմանդիա փոխադրված տանկային դիվիզիաները:
Նրանք ունեին բոլոր հնարավորությունները՝ հարձակվող հակառակորդին ծովը նետելու և հարձակումը կանգնեցնելու համար: Դաշնակցային բանակները նոր տարին, Գերմանիայի սահմանին անցկացնելու փոխարեն, ստիպված կլինեին անցկացնել Ֆրանսիայում՝ ափհանման լեփ-լեցուն հենակետում:
Բ) Գերմանական տանկերը կարող էին հակահարձակում ձեռնարկել: Եթե անգամ դաշնակիցներին հաջողվեր առաջ շարժվել ափին գտնվող գերմանական դզօտ-ների ու ականապատ դաշտերի միջոցով, ապա նրանք գլխավոր վտանգի հետ պետք է բախվեին հետագայում: Ծովային դեսանտային օպերացիայի ամենախոցելի պահը վրա է հասնում ափհանումից անմիջապես անց, երb ոչ մեծ հենակետում բացակայում է խորը էշելոնացված պաշտպանությունը, իսկ ափհանված զերքերը ծովից դեռ չեն ստացել տանկեր ու հրետանի:
Գերմանացիները կարող էին Նորմանդիայում արագորեն ծավալել խոշոր հակահարձակում՝ մարտի մեջ նետելով տանկային դիվիզիաները: Սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր: Նրանք չգիտեին, թե որտեղ է իրականացվելու ներխուժումը: Ֆրանսիայում ու Հոլանդիայում նրանք ունեին 10 դիվիզիա, սակայն Հիտլերն իր գեներալների հետ ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, թե որտեղ կենտրոնացնել դրանք:
Տանկային խմբերի հրամանատարները պնդում էին, որ տանկերը կենտրոնացվեն կենտրոնում՝ Փարիզի մոտ, որտեղից նրանք կարող են զանգվածային հարված հասցնել դաշնակիցների յուրաքանչյուր դեսանտի: Նրանք այդպես էին գործել Ռուսաստանում, ուր տանկերն իրականացրել են «հրշեջ թիմի» գործառույթներ՝ առաջ շարժվելով ճակատի երկայնքով և ձախողելով խորհրդային զորքերի հարձակողական գործողությունները: Սակայն Ռուսաստանում խորհրդային ավիացիան ոչ ավելին էր, քան ոչ մեծ խոչընդոտ:
Ֆրանսիան պաշտպանող B բանակային խմբի հրամանատար Էրվին Ռոմելը, ով երկու տարի Հյուսիսային Աֆրիկայում պատերազմել էր բրիտանացիների ու ամերիկացիների դեմ, սեփական ծանր փորձով գիտեր, թե մեխանիզացված զորքերի ու թիկունքային շարասյունների համար որքան բարդ է գործելը, երբ դաշնակիցների ինքնաթիռները ոչնչացնում են ճանապարհներն ու երկաթուղիները:
Ռոմելը վստահեցնում էր, որ Գերմանիան կունենա ընդամենը 48 ժամ՝ դաշնակիցների ներխուժման ուժերը ջախջախելու համար, ինչից հետո հենակետը կամրապնդվի: Իսկ դա նշանակում է, որ տանկերը պետք է տեղակայել թշնամական դեսանտի ափհանման վայրի մոտ:
Հիտլերը, ով թեև պատկերվում է որպես երկաթյա կամքով բռնապետ, հաճախ ցուցաբերել է ապշեցուցիչ անվճռականություն: Երբ ի հայտ եկավ տանկերի տեղաբաշխման հարցը, նա տանկային դիվիզիաները բաժանեց երեք մասի, որից մեկը տրվեց Ռոմելին, մյուսը՝ «Արևմուտք» խմբին, իսկ երրորդը որպես ռեզերվ մնաց իր ենթակայության ներքո:
Տանկային հիմնական ուժերն անգամ չէին կարող տեղից շարժվել առանց ֆյուրերի անձնական ցուցումի: Ափհանման վճռորոշ ժամերին, երբ գերմանացի հրամանատարներն աղաչում էին թույլատրել մարտերին տանկերի մասնակցությունը, նրանց ասացին, որ Հիտլերը քնած է: Առաջին օրը միայն 21-րդ տանկային դիվիզան հայտնվեց դիրքերում՝ հենակետի դեմ հակահարձակում իրականացնելու համար և նրան հաջողվեց հասնել մինչև ափ:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե 21-րդ տանկային դիվիզային միանարևս 3-4 տանկային դիվիզա: Դաշնակցային զորքերին կրակային աջակցություն էին ապահովում ծովից՝ նավային հրանոթներով: Գծանավի խոշոր տրամաչափի հրանոթի արկով հնարավոր էր կարելի էր գլխիվայր շրջել գերմանական «Վագր» 60-տոննանոց տանկը:
Սակայն դաշնակցային ափհանված զորքերը չունեին տանկեր ու հակատանկային հրանոթներ, նրանք ցրված էին ափհանումից հետո և ժամանակ չունեին գրաված դիրքերում ամրապնդվելու համար: Եթե Ռոմելին տային 10 տանկային դիվիզիա, և նա կարողանար դրանք տեղակայել Նորմանդիայից ոչ հեռու (կամ էլ եթե Հիտլերը հունիսի 6-ին արթնանար ավելի վաղ ու թույլատրեր տանկերի զորաշարժը), ապա պատմությունը կարող էր դասավորվել այլ կերպ:
Գ) Վատ եղանակ: Էյզենհաուերի համար ամենավտանգավոր հակառակորդը ոչ թե Հիտլերն էր, այլ՝ մայր բնությունը: Փոթորկալից եղանակին խոշոր դեսանտային ափհանում իրականացնելն անհնար էր: Ընդհանրապես, Dօր պետք է հանդիսանար հունիսի 5-ը, սակայն վատ եղանակն Էյզենհաուերին հարկադրեց այն տեղափոխել հունիսի 6-ին: Նրա օդերևութաբանները ճիշտ կանխատեսում արեցին, որ հունիսի 6-ին անձրև չի լինի (նրանց գերմանացի գործընկերները սխալվեցին, ինչի համար էլ ապահովվեց ափհանման մարտավարական հանկարծակիությունը):
Իսկ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ սխալվեին Էյզենհաուերի օդերևութաբանները: Ի՞նչ կլիներ եթե ափհանման ժամանակ կամ դրանից անմիջապես անց վրա հասներ փոթորիկը: Դրա պատասխանը տրվեց ափհանումից մոտ երկու շաբաթ անց՝ հունիսի 19-ին, երբ ուժգին փոթորիկը ջրասույզ արեց բազմաթիվ դեսանտային մոտորանավակներ ու մի շարք Mulberry արհեստական նավակայաններ՝ ձգձգելով անհրաժեշտ համալրումների ու մատակարարման առարկաների շուտափույթ առաքումը: Եթե փոթորիկը սկսվեր դեսանտի ափհանման ժամանակ, ապա արդյունքները կլինեին աղետալի:
Դ) Գերմանական ռեակտիվ ինքնաթիռներ: Դաշնակցային զորքերի ավիացիան դարձավ ափհանման օրը հաջողություն ապահոված վճռորոշ գործոն: Տեսականորեն գերմանացիները կարող էին իրենց բանակներն ուժեղացնել դաշնակիցներից ավելի արագ: Նրանց համար ավելի հեշտ էր համալրումներն իրականացնել ավտոմոբիլային ու երկաթուղային տրանսպորտով, մինչդեռ խոշոր նավահանգիստ չունեցող դաշնակիցները ստիպված էին վիթխարի ջանքերի գնով ծովով դեպի գրավված հենակետեր փոխադրել զորքեր ու զինամթերք:
Սակայն ջանքերի մեծացման մարտում հաղթեցին դաշնակիցները: Գերմանական զորքերը չկարողացան ցերեկը տեղաշարժվել ճանապարհներով՝ վախենալով դաշնակցային զորքերի ամենահաս կործանիչների թռիչքներից: Ֆրանսիական երկաթուղային ցանցն ավերվել էր դաշնակցային ավիացիայի շարունակական ռմբակոծությունների ժամանակ: Համալրումները, որոնք կարող էին ճակատային գիծ հասնել հաշվված օրերի ընթացքում, այնտեղ էին հասնում շաբաթների ընթացքում:
Այդ ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ գերմանական ռազմաօդային ուժերը գտնվում էին վերջին շնչում: Լավագույն օդաչուները զոհվել էին, կործանիչները հնացել էին, չէր բավականացնում վառելիքը, իսկ ուժերն սպառվել էին ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներին ու նրանց ուղեկցող Mustang և Thunderbolt տիպի ինքնաթիռներին կանգնեցնելու փորձերում:
Սակայն գերմանացիներին ունեին «հրաշք զենք»: Me-262 ռեակտիվ կործանիչը զարգացնում էր 240 կմ/ժամ արագություն՝ գերազանցելով Mustang և Thunderbolt տիպի ինքնաթիռներին: Սակայն, ըստ էության, այն սպառազինության տակ վերցվեց միայն 1944 թվականի վերջին՝ դառնալով նախնական բարդությունների ու այն ռեակտիվ ռմբակոծիչի վերածելու մասին Հիտլերի համառ պնդումների զոհը:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե Հիտլերը չխանգարեր, կամ էլ եթե անհապաղ միջոցների արդյունքում հաջողվեր դաշնակցային զորքերի ափհանման օրը կիրառել մեծ քանակությամբ ռեակտիվ շարժիչով կործանիչներ: 1944 թվականի ամռանը Գերմանիայի ռազմաօդային ուժերում մնացել էին շատ քիչ թվով ռմբակոծիչներ, այնպես որ ռմբակոծությունները, հազիվ թե, կարողանային լրջորեն խանգարել դեսանտի ափհանմանը: Եթե գերմանացներն ունենային մեծ քանակությամբ Me-262 ինքնաթիռներ, ապա դրանք հեռու կքշեին դաշնակիցների ռմբակոծիչներին, և այդ ժամանակ տանկային դիվիզիաները կկարողանային անպատիժ գործել ցերեկային ժամերին:
Ե) Թունավոր նյութեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահետաքրքրական գաղտնիքներից մեկն այն է, թե ինչու գերմանացիներն ու դաշնակիցները միմյանց դեմ չկիրառեցին քմիական ու կենսաբանական զենք: Երբ սկսվեց Երրորդ ռեյխի անկումը, թվում էր, թե Հիտլերը՝ ուր որ է կկիրառի զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ):
Դա չանելու պատճառը կայանում էր զսպման մեջ: Երկու կողմն էլ մտավախություն ունեին, որ եթե մի կողմը կիրառի քիմիական զենք, ապա դրան հաջորդելու էր հակառակորդի կողմից դրա կիրառումը, ինչպես որ եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Իրականում գերմանական նյարդա-կաթվածահար անող զարին գազը շատ ավելի արդյունավետ էր, քան դաշնակիցների՝ իպրիտ տիպի քիմիական զենքը: Սակայն գերմանացիները չգիտեին այդ մասին:
Դաշնակցային զորքերն ակնթարթորեն կհասցնեին պատասխան հարված (բրիտանացիներն ու ամերիկացիները պատրաստել էին սիբիրյան խոցով մեծ քանակությամբ ռումբեր), սակայն տվյալ դեպքում ավելի կարևորն այն է, թե զարին գազն ինչ կերպ կազդեր դեսանտի ափհանման վրա: Հակառակորդի կողմից ամրացված շրջանում ափհանվելն առանց այն էլ բարդ է, իսկ դա հակագազով անելը պարզապես սարսափելի է:
Եվ վերջապես պետք է հիշել, որ անգամ եթե D օրը վերջանար անհաջողությամբ, ապա պատերազմն ամեն դեպքում կշարունակվեր, թեև Հիտլերը հուսով էր, որ դեսանտի ջախջախումը դաշնակիցներին կհարկադրեր խաղաղություն խնդրել: Խորհրդային զորքերը, այնուամենայնիվ, շարունակելու էին իրենց հարձակումը Գերմանիայի վրա, և դաշնակցային զորքերը ժամանակի հետ մեկտեղ կձեռնարկեին նոր ներխուժում: Պատերազմն ամեն դեպքում շարունակվելու էր մինչև Երրորդ ռեյխի լիակատար ոչնչացում»: