
Ադրբեջանը գնալու է ռազմական գործողության. հանրաքվե չի լինելու. Թևան Պողոսյան
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի դեմ կատարվող գործընթացը չի տարբերվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և մյուս ընդդիմադիրների հետ կատարվող գործընթացներից:
«Ես միշտ ասել եմ՝ 2021թ. ընտրություններից հետո սպասվում է ռեպրեսիաների ուժեղացում. Սա հերթական ռեպրեսիոն մի էլեմենտն է, որտեղ մարդու քննադատական խոսքի կամ կարծիք հայտնելու համար օգտագործում են գործիք, որովհետև այս ժամանակահատվածում ում խոսքը սուր է՝ իրենց հանդեպ այդ ռեպրեսիոն մեխանիզմները փորձում են իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դիտարկմանը՝ օրինակ՝ Արմեն Աշոտյանը կալանավորվելուց հետո հոդվածների ձևաչափով է անդրադառնում ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին, այնպես չէ, որ այդ կերպ հաջողվել է նրան ամբողջովին լռեցնել, նա արձագանքեց. «Եթե զրնգուն ձայնը փորձում ես ճնշել, ավելի զրնգուն է դառնում: Ես ասել եմ՝ Արմեն Աշոտյանի ձայնն ավելի զրնգուն է հնչելու, այդպես էլ եղավ, դա բնական օրենք է: Տանը երեխային եթե շատ ես փորձում ճնշել, հետո իր որևէ գործողություն կամ խոսք ավելի ցավոտ է լինում: Նույնն էլ քաղաքական կյանքում է, միջազգային հարաբերություններում է: Երբ մի ազգի շատ են ճնշում, հետո ավելի ուժեղ է պայթյունը լինում: Բնության օրենքների դեմ շատ դժվար է գնալը: Հիմա պարզապես ռեպրեսիոն ինստիտուտն է աշխատում և գնալով ավելի է շատանալու, հատկապես, որ սպասվում են ինչ-որ պրոցեսներ»:
Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները չեն կարողանալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, Փաշինյանը պարզապես որոշեց փետրվարի 19-ի երեկոյան նման հայտարարություններ անել, որպեսզի հաջորդ օրը քննարկվի ոչ թե Արցախյան շարժման մեկնարկի 37-րդ տարեդարձը, այլ՝ այդ հայտարարությունները:
«Ազգային զարթոնքը նորից պետք է կրկնել՝ կրթելով, խոսելով, դաստիարակելով, պահելով այդ կրակը, մինչև կգա այն սերունդը, որը նորից կգիտակցի: Հայոց պատմությունը դա ցույց է տվել: Այս իշխանությունների օրոք ի՞նչ տոն է մնացել: Նոր տարին, ասում են՝ ռուսական է, օրերը կրճատել են: Ամենավառ տոնը մեզ համար պետք է լիներ Քրիստոսի ծնունդը, որը դարձրել են քաղաքական քննարկումների երևույթ: Իր խոսքում ասաց՝ եկեղեցին է մեր արժեքը, այբուբենը, հայկական ճարտարապետությունը. Դադիվանքի, Գանձասարի ճարտարապետությունը հայկական է, հիմա դրանք ազգային արժեքնե՞րն են, թե՞ ոչ: Նա փետրվարի 19-ին դա ասաց, որ ամսի 20-ը մթագնեցնի, իսկ Սահմանադրության փոփոխության հանրաքվե չի էլ անելու: Մինչև Ադրբեջանը ռազմական գործողության չգնա, որին պատրաստվում է, հանրաքվե չի լինելու: Իսկ ռազմական գործողության Ադրբեջանը գնալու է, որովհետև Ադրբեջանի համար այդ գործողությունը ոչ թե ուժ ցույց տալու, այլ վերահսկողությունը պահելու համար է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում