Չես կարող մի տեղ գոռալ՝ ես ինքնիշխան եմ, մյուս տեղում ասես՝ օգնեք ինքնիշխան լինեմ. Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը գրում է. «Քաղաքական պոռնկությունը որպես ազգային արատ…

Եկեք ուղիղ նայենք այն բոլոր խնդիրներին, որոնք մենք ունենք տարիներ ի վեր: Հայաստանի ամենախոցելի կողմը, այո հենց ամենախոցելի, դա քաղաքական պոռնկությունն է: Շարքայինից մինչև ամենաբարձր պաշտոններ: Մեկի բախտը քիչ է բերում և նա դառնում է ռոճիկով մեկի քաղաքական սիրուհին, մյուսին մասշտաբը ավելի մեծ է և ծառայություններ է մատուցում որևէ երկրի:

Սա նշանակում է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը ոչ զինտեխնիկայի քանակն է, ոչ աշխարհագրական դիրքը, ոչ դաշնակիցների առկայությունը կամ բացակայությունը, այլ հենց քաղաքական պոռնկությունը: Իրավիճակ, երբ պահանջարկը հաճախ գերազանցում է առաջարկը: Արջի ծառայություն մատուցելուց մինչև աստվածացում: Հայաստանի ոչ ամբողջական քարտեզը ետնանկար դնելուց մինչև քո հայրենակիցների բաժանում:

Նման տեսակը վտանգ է և երկրին և անգամ այն թիմին, որին ծառայում է:

Այսօր Հայաստանի քարտեզն են դնում, վաղը Օսմանյան կայսրությանը կդնեն կամ ցանկացած այլ մեկինը: Այսօր բաժանում և տարանջատում են, վաղը կատեն և կմեծարեն այլ ազգերի: Եթե ձեզ թվում է, որ Հայաստանում բավարար է միայն իշխանափոխություն անել, ապա դուք չարաչար սխալվում եք: Իրենց ներքին հանգստության, իսկ երբեմն մարզապես պոռնկությունը թաքցնելու համար անհրաժեշտ է այլընտրանքի քննադատության թեզը:

Օրինակ, շարքային անբարոյականը պետք է հիմնավորի իր անբարոյականությունը այլընտրանքային ճանապարհի բացակայության կեղծ թեզով: Այս դեպքում ամեն ինչ համընկնում է:

Չես կարող մի տեղ գոռալ ես ինքնիշխան եմ, մյուս տեղում ասես օգնեք ինքնիշխան լինեմ, կամ երկու կոպեկ քցեք դեմս: Հոգևորի, իրական արժեքների բացակայությունը, դրանց ոչ բավարար քարոզչությունը ու նմանատիպ այլ հանգամանքներ նպաստում են անասնական ցանկությունների բավարարման այլընտրանքային ճանապարհներ փնտրելուն: Մի կյանք ենք ապրում սկզբունքը դարձել է օրակարգ:

Սա իրական գաղափարախոսություն է, իրական օրակարգ, որը առաջ են տանում: Սրա այլընտրանքային գաղափարը շատ գրագետ պետք է մատուցվի հասարակությանը: Չի աշխատելու- չեք ուզում, դե վարի գնացեք- թեզը: Նախ, այդ օրակարգով ապրողների համար էական չի, թե վաղը ինչ կլինի Հայաստանի հետ: Պետք է բացատրել, որ այդ վաղը բաժին չի հասնելու երեխաներին կամ թոռներին: Այդ վաղը շատ մոտ է, համարյա էսօր:

Ոչ պակաս կարևոր է նաև ռադիկալ դիրքավորումը այս թեզի տարածման մասով: Հնարավոր չի պակաս անբարոյականին ասել, որ գնա քարոզի ընդդեմ մեկ այլ` ավելի մեծ անբարոյականի: Անբարոյականությունը մնում է անբարոյականություն, անկախ դրա մեծությունից:

Ասել եմ ու կրկին կասեմ: Այն իշխանությունը, որը գնա ճիշտ ճանապարհով լինելու է մահապարտ, քանզի նրան այս իրողություններով քայքայելը և հեռացնելը դառնալու է ավելի հեշտ, քան մետրոյի թղթե կտրոնով երթևեկելը, բայց դա անհրաժեշտ է, պետք հեղափոխել, պետք է տեղ հասցնել, պետք է փոխել, առնվազն պետք է փորձել….»։

Տեսանյութեր

Լրահոս