
Ես հո Աղազարյան Հովիկը չե՞մ, որ հեռախոսս տանեք, կարդաք հաղորդագրություններս. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով դատական նիստն ավարտվեց։ Որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10:00-ին։ Այդ մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ վաղ, թե ուշ մեղադրյալի աթոռին են հայտնվելու նրանք, ովքեր այսպիսի մեղադրանքներ են ներկայացնում իշխանության ընդդիմախոսներին։
«Վստահ եմ՝ նրանք իրենց հետ այստեղ կբերեն Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին, ՍԴ բազմաթիվ դատավորների, և այդ մարդիկ այստեղ կինեն մեղադրյալի կարգավիճակում»,- ասաց Ղազարյանը։
Նա նաև նշեց՝ իրեն թիրախավորել են քննադատության, խոսքով իր դիրքորոշումն արտահայտելու համար, այնինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն նրանք, ովքեր իրենց խոսքով ու գործողություններով պետական դավաճանություն են իրականացրել։
«Ոչ մի մարդ չի կարող Հայաստանում խոսք ասելու համար պատժվել, բացի նրանցից, ում խոսքը համընկել է թշնամու ղեկավարների խոսքին։ Բացի նրանցից, ովքեր իրականացրել են պետական դավաճանություն։ Ա՛յ իրենք պիտի պատժվեն իրենց խոսքի համար, որ իրենց խոսքով, իրենց գործողություններով իրականացրել են պետական դավաճանություն»,- ընդգծեց Ղազարյանը։