Այս իշխանությունն Ադրբեջանի դեսպանատունն է ՀՀ-ում․ շուտով Ալիևը կհայտարարի «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին․ Արթուր Խաչիկյան

Ուկրաինան Եվրոպայի ամենամեծ երկիրն էր՝ Ֆրանսիայից էլ մեծ, ուներ մոտ 45 մլն բնակիչ, հսկայական ռեսուրսներ, որոնք այսօր Թրամփը հետ է ուզում, և գտնվում էր Արևելյան Եվրոպայի ամենակարևոր մասում։ Ուկրաինային խոստացել էին, որ մինչև վերջ իր կողքը կկանգնեն, կօգնեն, Զելենսկուն հայտարարել էին «Ուկրաինայի Չերչիլ»։ Մենք էլ այդպիսի մեկն ունենք, ամեն գյուղում մեկը կա։ Արևմուտքն Ուկրաինային ասում էր, թե սա ազատ աշխարհի պատերազմն է ընդդեմ սատանայի՝ Ռուսաստանի։ Միայն ԱՄՆ-ը այդ երկրին տվել է 300 մլրդ դոլար, Եվրոպան՝ ևս 100 մլրդ, այսինքն՝ 400 մլրդ, հիմա ուզում են ևս 700 մլրդ դոլար տալ, այսինքն՝ օգնությունը հասցնել 1 տրլն դոլարի։ Մեզ ո՛չ որևէ ձևով համեմատելի գումար են տվել, ո՛չ ասել են, որ մինչև վերջ մեր կողքին են, ո՛չ էլ, ի տարբերություն Ուկրաինայի, հրավիրել են ԵՄ և ՆԱՏՕ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Ամեն օր Ուկրաինա էին գնում արևմտյան ղեկավարները։ Մակրոնն օրերս ասաց, թե իրենք կպաշտպանեն Ուկրաինան, երևի այնպես, ինչպես մեզ պաշտպանեցին։ Շոլցը, Սթարմերը, Բայդենը, Բլինքենը, ֆոն դեր Լայենը, հոլիվուդյան աստղերն ամեն օր մտնում էին Զելենսկու մոտ։ Բոլոր ԶԼՄ-ները Զելենսկուն աշխարհին ներկայացնում էին որպես հերոս՝ ընդդեմ Ռուսաստանի։ Արևմուտքին Ուկրաինան պետք էր ռուսներին թուլացնելու համար։ Մեզ հետ այդպես վարվե՞լ են՝ ո՛չ։ Եվ այս ամենից հետո Զելենսկուն անգամ չհրավիրեցին բանակցությունների սեղանի շուրջ։ Զելենսկու փոխարեն ով էլ լիներ՝ այդպես կպատասխաներ Թրամփին, նրանք իրար վրա են հարձակվում։ Ավելի քան մեկ միլիոն զոհ տալուց հետո Ուկրաինային անգամ բանակցությունների չհրավիրեցին, այսինքն՝ «գցեցին»։ Մենք դրա անգամ հինգ տոկոսը չենք»,- ասաց գիտնականը:

«Նայենք՝ ինչպես վերաբերվեցին Ուկրաինային, որքան փող ու օգնություն տվեցին, քանի անգամ գնացին-հանդիպեցին, ինչ խոսքեր ասացին ու «գցեցին»։ Մենք առաջնահերթությունների չորրորդ-հինգերորդ տողում ենք։ Այս իշխանությունն անընդհատ խաբում է, բայց Ալիևը ճիշտն է ասում, թե ինչ է լինելու։ Երևի մենք շուտով Ալիևից կիմանանք, որ արդեն պայմանավորվածություն կա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Այս իշխանության ոճն է՝ սկզբում մերժել, հետո ստել, հետո՝ կիսով չափ սուտ ասել, վերջում՝ աստիճանաբար ընդունել, ինչպես մարդուն են ներարկում՝ դեղը պատրաստելով, հետո ասեղը կամաց մտցնելով։ Հետո էլ կհամոզեն, թե Սևանը Նիկոլայ Երկրորդի կամ Խրիմյան Հայրիկի օրոք է զիջվել։ Ամեն շրջան հանձնելուց նոր սուտ են հնարելու և նոր մեղավոր են գտնելու»,- նշեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Փորձագետի կարծիքով՝ իշխանության մասին անիմաստ է խոսելը, պետք է խոսել այն մասին, թե ինչ է անում մեր ընդդիմությունը.

«Ինչո՞ւ նրանք չեն կարողանում միավորվել, ինչո՞ւ են միմյանց հետ հաշիվներ պարզում՝ փոխանակ միավորվեն և կանգնեցնեն մեր գլորվելը։ Մենք նման ենք մի մեքենայի, որը գլորվելով ընկնում է ձորը։ Ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը՝ ԱԺ-ում շոուներո՞վ։ Մեր ժողովուրդն ի՞նչ է մտածում՝ հանգիստ նստած։ Վաղը չենք կարողանա Գորիս, Կապան ու Իրան գնալ, կընկնենք շրջափակման մեջ, և ադրբեջանցիները կգան այստեղ։ Սա ամեն ինչ զիջում է, այս իշխանությունն Ադրբեջանի դեսպանատունն է մեր տարածքում»:

«Դժվար է համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի դերակատարումը, համապատասխանաբար, հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական հակամարտություններում։ ՌԴ-ն մեզ չի ասել՝ հարձակվեք Ադրբեջանի վրա, որ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ դառնաք։ ՌԴ-ն մեզ չի սադրել հարձակվելու, թեև մեզ չի պաշտպանել այնքան ակտիվորեն, որքան պետք էր։ Մենք տապալեցինք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք այսպիսի բան չէր եղել։

Իսկ ուկրաինական պատերազմի զոհերի թիվն իրապես սարսափելի է։ Ուկրաինացի ժողովրդին խաբեցին, հույս տվեցին։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ընդունել է, որ ուկրաինացիներին խաբել են՝ հույս տալով, թե նրանք կհաղթեն ՌԴ-ին։ Սա նման է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լլոյդ Ջորջի այն խոստովանությանը, որ Հայոց ցեղասպանությունն իրենց արտաքին քաղաքականության հետևանքն էր՝ ՌԴ-ն Թուրքիայից դուրս մղելու նպատակով»,- ասաց քաղաքագիտության դոկտորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս