
Հայաստանում ավտորիտարիզմի տարրեր կան. օձապտույտ քայլերով, սրան-նրան հաճոյանալով՝ քաղաքականություն չի՛ կարելի վարել. մահվան վախից ինքնասպանություն չե՛ն գործում. Վազրիկ Բազիլ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գերմանիայի քաղաքական, դաշնային և նահանգային պետական կառույցներում հանրային կապերի խորհրդատու, դասախոս, դոկտոր, PR մասնագետ, ճառագիր (speechmaker), Սաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ Վազրիկ Բազիլն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Ինձ չի թվում, որ ռուս-ուկրաինական կարգավորման բանակցությունների սեղանից Ուկրաինան ընդհանրապես կբացակայի, որովհետև դա տրամաբանական չի լինի։
- Ուկրաինան չի համապատասխանում Եվրամիությանն անդամակցելու պայմաններին։ Հուսով եմ՝ Եվրոպան աչք չի փակի թերությունների վրա ու Ուկրաինային ԵՄ չի ընդունի միայն ընդունելու համար։
- Հայաստանի համար սկզբունքորեն ճիշտ է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունները սերտացնելը, ինչն արվել է նախկինում: Բայց մարդիկ պետք է իմանան, որ Հայաստանի անդամակցումը կարող է տասնյակ տարիներ տևել, որովհետև Հայաստանում ժողովրդավարություն չէ, պղտոր ժողովրդավարություն է։ Կոսովոն 2000թ. ստացել է ԵՄ անդամակցության հեռանկար ունեցող երկրի կարգավիճակ, 25 տարի է անցել, և դեռևս որևէ տեղաշարժ չկա։ Սա պետք է իմանան մարդիկ: Այս պահին 11 պետություն սպասում է ԵՄ անդամակցության համար իր հերթին, և Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարը շատ մշուշոտ է։
- Հայաստանում ավտորիտարիզմի տարրեր կան, ինչը նշանակում է, որ Հայաստանում իշխանության թևերի բաժանում չկա, ընտրություններն ազատ ու արդար չեն։ Չեմ կարծում, որ Եվրոպայում սպասում են Հայաստանին։
- Ցեղասպանությանճանաչումից հրաժարվել՝ նշանակում է Արցախից հրաժարվել, ինչից հետո գալու է Հայաստանից հրաժարումը։
- Հայաստանն ուզում է օձապտույտ քայլերով մի անգամ մեկին հաճոյանալ, մյուս անգամ՝ մյուսին։ Ինչքանով է սա արդարացված, մեծ հարց է։ Եվրոպան Հայաստանի գործող իշխանությունների համար նպատակ չէ, այլ միայն միջոց է ներքին քաղաքական իրենց հարցերը լուծելու համար։ Սա լարախաղացություն է։
- Ցեղասպանության հիշողությունը միշտ նաև քաղաքական լծակ է։ Արդեն Հայաստանը շատ բան է կորցրել, և եթե Հայաստանն այս լծակն էլ կորցնի, ես չգիտեմ՝ ինչ կլինի։ Դա վստահաբար փակուղի է։
- Հայաստանի խորհրդանիշներից՝ Արարատից և այլ, հրաժարվելը իմաստուն քայլ չէ։ Մարդ մահվան վախից ինքնասպանություն չի՛ գործի։ Ամեն պետություն ձգտում է ուժին, իսկ Հայաստանի իշխանություններն ինչքան կարողանում են՝ հեռանում են ուժից։ Ուժի լծակներից մեկը Ցեղասպանության ճանաչման հարցն է, որից, փաստորեն, հրաժարվում են: Հայաստանի իշխանությունների կողմից թուլությունը սիրելն ու իրենց անկարողությունն արդարացնելը նման ձևական քայլերով ես չեմ կարող հասկանալ։
- Ե՛վ-և՛-ի քաղաքականությունը ճիշտ քաղաքականություն է Հայաստանի համար, ի տարբերություն կա՛մ-կա՛մ-ի քաղաքականության, որը ջլատելու է մեր երկիրը։ Եվ մինչև 2018-ը Հայաստանում նման արտաքին քաղաքականություն է վարվել:
- Երբ ՀՀ իշխանությունն ասում է, թե ռուսական գազից կհրաժարվեն և ադրբեջանական գազ կգնեն, պետք է հասկանան, որ գազը և տնտեսությունը, արժեթղթային շուկան, ամեն ինչ քաղաքականություն են։ Պետք չէ կախյալ լինել Ադրբեջանի նման երկրից։ Վտանգավոր է ասել՝ գազ ձեռք կբերենք Ադրբեջանից։ Ադրբեջանը բռնապետական երկիր է, հետևաբար՝ անվստահելի։
- Ինձ համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ Հայաստանը Պաղեստինը ճանաչեց՝ որպես պետություն։ Դրա անհրաժեշտությունը չկար։ Պետք էր բարելավել Իսրայելի հետ հարաբերությունները։ ՀՀ իշխանությունը հավանաբար այդպես վարվեց որոշ հարևանների ճնշման ներքո։
- Հայաստանն այնքան խոհեմ պետք է լինի, որ սերտացնի հարաբերությունները Իրանի հետ և ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքի։
- Գերմանիան շատ ծանր վիճակում է։ Տնտեսությունը խնդիրներ ունի։ Ներգաղթյալների կողմից կատարված հանցագործությունների աճ կա։ Գերմանիան փորձում է կանխել փախստականների մուտքը երկիր, ու անգամ ուզում են Սահմանադրության մեջ փոփոխություն անել, որ ամեն մեկի թույլ չտան երկիր մտնել։ Վերջին շրջանում ահաբեկչությունների թիվը մեծացել է, բոլորը գիտակցում են, որ այսպես չի կարող շարունակվել։ Սա ճակատագրական հարց է Գերմանիայի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ