Բաժիններ՝

Քանի առանձնատուն է վաճառվել Երևանի կենտրոնում 2024 թվականին. վիճակագրություն

2024 թվականին Երևանում կատարվել է անհատական բնակելի տների առուվաճառքի 1 313 գործարք։ Այս մասին, ըստ ՍպուտնիկԱրմենիայի՝  վկայում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի կոմիտեի վիճակագրությունը։ Այսպիսով, մայրաքաղաքում առանձնատների առուվաճառքի ծավալները երկրորդ տարին անընդմեջ կրճատվել են (2022 թվականին՝ 2021, 2023 թվականին՝ 1 472)։

2024 թվականին մայրաքաղաքի կենտրոնում (Կենտրոն վարչական շրջանում) գնվել/վաճառվել է 183 առանձնատուն, որից 10–ը` 250-350 քմ մակերեսով, 19–ը` 350 քմ-ից ավելի: 350 քմ-ից մեծ մակերեսով տների բավականին շատ գործարքներ են կատարվել Արաբկիրում (20): Հաջորդը Աջափնյակ վարչական շրջանն է (19 գործարք)։

Ամենաշատ տները վաճառվել են Էրեբունում և Շենգավիթում (224 և 220), որոնց հաջորդում են Կենտրոն (183) Աջափնյակ (132), Արաբկիր (130) և Մալաթիա-Սեբաստիա (126) վարչական շրջանները: Քանաքեռ-Զեյթունում վաճառվել է 73 տուն, Նորք-Մարաշում` 58, Ավանում` 53, Դավթաշենում` 51, Նոր Նորքում` 45, Նուբարաշենում` 18։

Առուվաճառքի գործարքների թիվն ավելացել է միայն Դավթաշենում (+13) և Շենգավիթում (+15), Աջափնյակում չի փոխվել, մնացած բոլոր շրջաններում նվազել է։

Կադաստրի կոմիտեն ներկայացրել է նաև առուվաճառքի պայմանագրերում գրանցված նվազագույն և առավելագույն գները 1 քմ–ի հաշվարկով։

Կենտրոնում նվազագույն գինը կազմել է 411,7 հազար դրամ (մոտ 1 040 դոլար), առավելագույնը՝ 4 մլն 331 հազար (գրեթե 10 900 դոլար): Նորք-Մարաշում նվազագույն գինը կազմել է 190,5 հազար դրամ (480 դոլարից մի փոքր պակաս), առավելագույնը` 1 մլն 578 հազար դրամ (մոտ 3 960 դոլար), Քանաքեռ-Զեյթունում՝ համապատասխանաբար 167,5 հազար դրամ (420 դոլար) և 1 մլն 592 հազար (մոտ 4 000 դոլար)։

Ինչ վերաբերում է մարզերին, ապա այստեղ նույնպես գործարքների քանակի անկում է գրանցվել (2022-ին՝ 5 699, 2023-ին՝ 6 435, 2024-ին՝ 6 108)։ Նվազում է նկատվում հատկապես Երևանին մոտ գտնվող Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Գործարքների աճ կա Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում (ամենայն հավանականությամբ, Արցախից բռնի տեղահանվածների հաշվին)։

Հստակեցնենք, որ այս թվերի մեջ չի մտնում մասնավոր տների կառուցումը (այդ թվում ՝ սահմանամերձ գյուղերում 100–տոկոսանոց պետական աջակցությամբ), քանի որ ներկայացված են միայն առուվաճառքի, ոչ թե առաջնային գրանցման գործարքները։

Մարզերում մասնավոր տների գների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում՝ 1 քմ–ն` 560 հազար դրամ (1 400 դոլարից մի փոքր ավելի)։ Պետք է հաշվի առնել, որ քիչ գործարքներ գրանցած քաղաքների տվյալները չեն ներկայացվում, ուստի վիճակագրության մեջ չկան Ծաղկաձորն ու Ջերմուկը։

Եղվարդում արձանագրվել է 426,7 հազար դրամ (1 070 դոլար) առավելագույն գին, Աշտարակում, Աբովյանում և Էջմիածնում` 350-400 հազար, մոտ այդքան էլ` Գյումրիում։
Ամենացածր գինը գրանցվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում՝ մեկ քառակուսի մետրի համար 37 հազար դրամ (90 դոլարից մի փոքր ավելի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս