
Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնի սահմանագիծը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների քանակը գերազանցել է մեկ միլիոնի սահմանագիծը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
Նրա խոսքերով՝ արևմտյան երկրներն այս տարի ընդունել են միայն 18.000 սիրիացի փախստականի: Աթալայը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի ճգնաժամի ժամանակ հատկացրել է շուրջ 4 միլիարդ դոլարի մարդասիրական օգնություն, որում միջազգային օգնության մասնաբաժինը կազմել է միայն 210 միլիոն դոլարը:
Աթալայը հավելել է, որ սիրիացի փախստականներին ընդունելու համար 2011 թվականի ապրիլից երկրի 10 նահանգում բացվել է 22 ընդունման կենտրոն: Աթալայը մանրամասնել է, որ Թուրքիայում 221.000 սիրիացի փախստական բնակվում է ճամբարներում, իսկ մնացյալ 800.000-ն ապրում են դրանցից դուրս: