Ջոն Հեֆերն. Փորձում ենք ամերիկացի նորանոր ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա. «Ամերիկայի ձայն»
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, որտեղ տարբեր քաղաքներում հանդիպումներ է անցկացնում հայկական համայնքների ներկայացուցիչների ու այն ընկերությունների հետ, որոնք կարող են ունենալ հետաքրքրություններ Հայաստանում ներդրումներ կատարելու հարցում, ընկերություններ, որոնց հետ, ըստ դեսպանի, կարելի է հաստատել գործընկերություն։ «Մեր նպատակն է ավելի բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները Հայաստանի հետ եւ այստեղ մեծացնել ազդեցությունը»,- «Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում ասել է դեսպանը:
Դեսպան Ջոն Հեֆերնի խոսքերով, ԱՄՆ-ի արտգործնախարարը, USAID-ի ղեկավար Ռաջիվ Շահը աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանություններին ու USAID-ի առաքելություններին խրախուսում են կրկնապատկել բարեկամական երկրներում ԱՄՆ-ի ազդեցությունը եւ ներկայությունը՝ աշխատելով տնտեսական կազմակերպությունների, մասնավոր ճյուղի ընկերությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ։ Մեր նպատակն է, ասում է նա, գտնել գործընկերներ, որոնք փորձում են իրականացնել նույն աշխատանքը եւ ունեն նույն նպատակները, ինչպես օրինակ անցումային շրջանում գտնվող Հայաստանը, որն ուղի է որոնում 21-րդ դարում։
– Պարոն դեսպան, ո՞ր ճյուղերն են այսօր առավել կարեւոր Հայաստանի համար, որոնց շուրջ կարելի է որոնել գործընկերներ ԱՄՆ-ում։
– Բոլոր ճյուղերն են կարեւոր, բայց իմ ուշադրությունը Երեւանում անցած երկուսուկես տարիների պաշտոնավարման ընթացքում եղել է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների խորացումը, առեւտուրն ու ներդրումները։ Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններն ավելի սերտացնելու համար Հայաստանն այսօր իրոք ունի տնտեսական նոր հնարավորությունների կարիք, հատկապես Երեւանից դուրս աշխատատեղեր ստեղծելու կարիք։ Եվ այսօր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության գլխավոր նպատակներից մեկն այս ոլորտներում նոր հնարավորությունների ստեղծումն է։
Հայաստանի կառավարության պաշտոնյաների, սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում հարցը լինում է հետեւյալը, թե ինչպես պիտի կարողանանք ապահովել ամերիկյան ավելի մեծ ներդրումներ, ինչ պայմաններ պետք է լինեն ամերիկյան ավելի մեծաթիվ ընկերությունների կողմից ներդրումներ իրականացնելու համար, որոնք դառնան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների հիմք։
– Իսկ, որո՞նք են այն պայմանները, որոնք անհրաժեշտ են նման ներդրումների հոսքն ապահովելու համար։
– Ամենաառաջին պայմանը բիզնես մթնոլորտի բարելավումն է, թափանցիկությունը, հակակոռուպցիոն պայքարը, կարգ ու կանոնը։
Հայաստանը շատ մոտ էր Եվրամիության հետ ինտեգրացման ծրագրին եւ այսօր էլ Հայաստանում հույս ունեն շարունակել դա, ինչը չի հակասում, կրկնում եմ, չի հակասում Մաքսային Միության հետ ստորագրված պարտավորություններին։ Այս ուղղությամբ մենք կարող ենք շարունակել մեր աշխատանքները Հայաստանի հետ, քանի որ ուզում ենք Հայաստանին տալ հնարավորություններ, տարբերակներ, որոնցից կարելի է ընտրել այն բնագավառները, որտեղ կարելի է համագործակցել Արեւմուտքի հետ, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ, ինչպես նաեւ` Ռուսաստանի, որը, ես հասկանում եմ, երկար տարիներ է եղել Հայաստանի գործընկերը։
Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաեւ շատ կարեւոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերության հետ համաձայնագիրը: Խոսքը շատ կարեւոր էներգետիկ բնագվառի մասին է, որտեղ նախապես գերիշխում էին ռուսական հաստատությունները։ Հույս ունենք, որ գործարքն ավարտին հասցնելով, այն մեծ ազդանշան կլինի ամերիկացի ու Արեւմուտքի երկրների ներդրողների համար, եւ մեզ մեծապես կօգնի ապացուցելու, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։
– Պարոն Հեֆերն, կարելի՞ է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը հայտնվել է պատային իրավիճակում։
– Այդպես կարելի է ասել, սակայն պետք է ասեմ նաեւ, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ամբողջությամբ տարված է իր պարտականություններով, որը Պետդեպարտամենտից ստացել է հակամարտության կողմերին իրար մոտ բերելու հարցում ջանք չխնայելու առաջադրանք։ Բանակցային գործընթացում շատ քիչ առաջընթաց կա, սակայն Ուորլիքն ունի շատ հստակ պարտավորություն. որ ստեղծվեն երկու կողմերի միջեւ բանակցությունները խորացնելու պայմաններ։
– Ի՞նչ է ԱՄՆ-ի դեսպանության կողմից արվում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերսկսելու ուղղությամբ։
– Հայ-թուրքական արձանագրությունները մեր ամենագլխավոր խնդիրներից է։ Մենք շարունակ խրախուսում ենք Թուրքիային բացել սահմանները եւ հույս ունենք, որ Թուրքիան կգտնի ուղի վավերացնելու համար արձանագրությունները։
– Որպես Թուրքիայի կարեւոր դաշնակից պետություն, ԱՄՆ-ը կխրախուսի՞ Թուրքիայի նախագահին 2Օ15 թվականի ապրիլի 24-ին այցելել Երեւան։
– Վարչապետ Էրդողանի այս տարվա ապրիլյան հայտարարությունը մի քայլ առաջ էր, չնայած Հայաստանը գտնում է, որ պիտի ավելին արվի։ Մենք կաշխատենք լինել ավելի օգտակար, բայց Թուրքիայի վարչապետն ու նախագահն իրենք կկայացնեն որոշում այդ մասին։