Նախարար. Արսեն Խոջոյանի առողջական վիճակը լավ չէ, սակայն առանց նրա համաձայնության, չեն կարող նրան տեղափոխել Երևան
Ադրբեջանական գերությունից հայկական կողմին վերադարձված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի հարցը քննարկվել է Առողջապահության նախարարությունում: Այսօր նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թեև երիտասարդի առողջական վիճակը լավ չէ, սակայն առանց նրա համաձայնության, չեն կարող նրան տեղափոխել Երևան:
Նախարարը վստահեցրեց, որ Արսեն Խոջոյանը գտնվում է բժշկական հսկողության տակ, իսկ եթե վիճակը վատանա, արագ կարձագանքեն:
Հարցին՝ ստուգում իրականացվե՞լ է, թե արդյոք գերության մեջ նրան ներարկե՞լ են դիզվառելիք, որի պատճառով, ըստ լուրերի, վատանում է նրա առողջական վիճակը, ինչպես նաև վերջերս նույն պատճառով մահացած Մամիկոն Խոջոյանի մոտ, նախարարը պատախանեց, թե այդ ստուգումը պետք է իրականացմնի դատաբժշկական փորձաքննությունը, որի համար հիվանդը ինքը պետք է դիմի: Նա վստահեցրեց, որ դեղորայքի հետ կապված խնդիրներ չկան և միանշանակ օգնելու են Խոջոյանին:
«Մենք ակտիվ միջոցներ ենք ձեռնարկում, բայց պետք է իր դիումը լինի»,- հայտարարեց Ա.Մուրադյանը: