Ղրիմից Ուկրաինա է դուրս բերվել ավելի քան 1 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա ու գույք
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի տարածքից դուրս բերել ուկրաինական տեխնիկա, զենք ու ռազմական գույք: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Ղրիմից դուրս բերված ռազմական գույքի ու տեխնիկայի արժեքն արդեն իսկ գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Ընդհանուր առմամբ, մայիսի 27-ի դրությամբ Ղրիմի տարածքից Ուկրաինայի ցամաքային հատված է տեղափոխվել մոտ 5000 մարդ, որոնցից մոտ 4000-ը զինծառայողներ են:
Ղրիմից դուրս է բերվել ավելի քան 2000 միավոր ռազմական տեխնիկա ու սպառազինություն, որոնցից 75-ը՝ ավիացիոն տեխնիկա, 32-ը՝ ռազմանավ, 1341-ը՝ ավտոմոբիլային տեխնիկա, 120-ը՝ հրթիռա-հրետանային սպառազինությունը, 121-ը՝ զրահատեխնիկա, 201-ը՝ կապի տեխնիկա, 302-ը՝ օպերատիվ ապահովման տեխնիկա, 400-ը՝ թիկունքային տեխնիկա և այլն:
Դրան զուգահեռ ընթանում է Ազգային գվարդիայի ու սահմանապահների ռազմական գույքի դուրս բերումը: