Քառյակը նիստ է արել և ոչինչ չի որոշել

Քառյակը՝ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, այսօր հերթական անպտուղ նիստն անցկացրեց: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փորձեց պատմել, թե ինչ է քննարկել քառյակը, բայց այդ բացատրությունից պարզվեց, որ գրեթե ոչ մի հարցի շուրջ քառյակի ներկայացուցիչները որոշում չեն կայացրել: Միակ հստակությունն այն է, որ քառյակը դեմ է քվեարկելու 2013թ. բյուջեի կատարողականին, բայց դա կարելի էր ենթադրել, քանի որ 2013թ. վարչապետը եղել է Տիգրան Սարգսյանը: Եթե լիներ Հովիկ Աբրահամյանը, քառյակը, անկասկած, չէր մասնակցի քվեարկությանը, որովհետև քառյակը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթերին:

Ինչպես հայտնի է՝ քառյակի օրակարգում հիմնական հարցը համատեղ հանրահավաքի անցկացման օրվա հստակեցումն էր: Բայց Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ այդ հարցով որևէ որոշում չի կայացվել, այդ հարցի հստակեցումը թողնվել է հաջորդ շաբաթ գումարվելիք քառյակի նիստին: Կարելի է չկասկածել, որ հաջորդ շաբաթ ևս հանրահավաքի անցկացման օրվա վերաբերյալ որոշում չի կայացվի, քանի որ հանրահավաք անցկացնելը քառյակը ներկայացնող ուժերի մեծ մասն աննպատակահարմար է համարում: Քննարկվել է ընտրողների հետ մարզային հանդիպումներ կազմակերպելու գաղափարը: Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք` ԲՀԿ-ն, դեմ չեն այդ գաղափարին: Բայց դարձյալ ոչ մի հստակություն. Ե՞րբ է կազմակերպվելու, ո՞ր մարզեր կամ ո՞ր համայնքներ են գնալու, կամ, եթե գնալու են՝  ի՞նչ են ասելու ընտրողներին:

Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ իրենք հստակեցրել են այն 10 պահանջները, որոնք ներկայացնելու են կառավարությանը, որոնց չկատարման դեպքում հետևելու են քառյակի պատասխան գործողությունները: Բայց Ն. Զոհրաբյանը գաղտնի է պահում նաև այդ 10 պահանջները՝ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասելով, որ ինքը լիազորություն չունի հրապարակելու դրանք: Չի հստակեցնում նաև այն պատասխան գործողությունները, որ քառյակն իրականացնելու է մերժվելու դեպքում: Կարելի է կարծել՝ Նաիրա Զոհրաբյանը Զոյա Կոսմոդեմյանսկայան է, իսկ լրագրողները՝ գերմանացի ֆաշիստները, որոնց այդպես էլ չհաջողվեց կոմերիտուհի Զոյայից ինչ-որ ինֆորմացիա կորզել պարտիզանների մասին:

Եթե այդ 10 պահանջներն իսկապես այն խնդիրներն են, որոնք հուզում են հանրությանը, ինչո՞ւ են քառյակի ներկայացուցիչները հանրությանը հուզող խնդիրները գաղտնի պահում հանրությունից: Դրա պատճառը, ինչպես նշեցինք, այն է, որ ոչ մի 10 պահանջ էլ չկա. ուղղակի քառյակի՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և Դաշնակցության խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են, խոսել են տարբեր հարցերի շուրջ, այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգից, կարմիր գծերից, արագաչափերից: Հնարավոր է՝ հանդիպման մասնակիցներից մեկն ասել է, որ կարելի է այդպիսի մի 10 կետ ձևակերպել՝ որպես քառյակի պահանջ, բոլորն էլ համաձայնել են, ու այդպես ստացվել է, որ քառյակը 10 կետից կազմված պահանջագիր է ներկայացնելու կառավարությանը:

Կարդացեք նաև

Եթե քառյակը ոչինչ չի որոշելու և ոչ մի հարցի շուրջ որոշում չի կայացնելու, այդ դեպքում ինչի՞ համար են այդ ամենշաբաթյա հանդիպումները և քննարկումները: Դրանց նպատակը բացառապես ուղղված է մի խնդրի լուծման. ցույց տալ, որ քառյակը գոյություն ունի, և հայտարարել, որ քառյակի մահախոսականի մասին հայտարարողները սխալվում են: Մյուս խնդիրն էլ ժամանակ ձգելն է. քառյակի անդամներն ասում են, որ նման ամորֆ վիճակում քառյակի գոյությունը չի խանգարում ոչ մեկին: Իսկ եթե չի խանգարում, ապա կարող է գոյություն ունենալ, թեկուզ՝ ոչինչ չորոշելով:

Տեսանյութեր

Լրահոս